News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին տված հարցազրույցում Վրաստանի Բաթում քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հայ-վրացական հարաբերությունների զարգացման եւ Աջարիայի հայ համայնքի կյանքի, հանգստյան սեզոնին ժամանող հազարավոր ՀՀ քաղաքացիների հետ աշխատանքի եւ շատ այլ հարցերի մասին:

Պարո՛ն Գրիգորյան, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հստկայական ծավալի աշխատանք։ է կատարում: Պատմեք, խնդրում եմ, հյուպատոսության բացման եւ նրա կատարած աշխատանքի մասին:

Նախ, ուզում եմ երախտագիտությունս հայտնել այս հարցազրույցի հնարավորությունն ընձեռելու կապակցությամբ: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ստեղծվել է 2008թ. ապրիլին: Հյուպատոսության գործառույթները ներառում են Վրաստանի Իմերեթիայի, Գուրիայի տարածաշրջաններն ու Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը, ինչպես նաեւ Փոթի քաղաք-նավահանգիստը: Գլխավոր հյուպատոսության բացման նախաձեռնությունը պատկանել է Վրաստանում ՀՀ այն ժամանակվա դեսպան Հրաչ Սիլվանյանին, եւ ռազմավարական առումով շատ ճիշտ որոշում է ընդունվել հետեւյալ նկատառումներով:

Վրաստանը հայաշատ երկիր է, բայց հայերն այնտեղ կենտրոնացած են գլխավորապես երեք շրջաններում՝ Թբիլիսի եւ Կախեթիա (արեւելք), Ջավախք (հարավ)  եւ Աջարիա ու Գուրիա (հարավ-արեւմուտք): Վերջինում առկա է բավական հինավուրց հայ համայնք՝ իր հարուստ պատմությամբ, հայապահպանության լավ ավանդույթներով, ինչը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հիմնման կարեւոր, բայց ոչ միակ գործոններից էր:

Բացի այդ, հարկ է կարեւորել Աջարիայում գտնվող վրաց-թուրքական սահմանի Սարփի խոշորագույն անցակետը, որով ամեն օր, ի թիվս այլոց, մուտք ու ելք են անում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ եւ նրանց հետ կապված այլեւայլ խնդիրները շատ ավելի հեշտ է լուծել տեղում: Ինչպես հայտնի է, Աջարիայի ու Գուրիայի ծովափնյա առողջարանները վաղուց արդեն դարձել են ՀՀ հազարավոր քաղաքացիների ամառային հանգստի սիրված վայր: Համապատասխանաբար, մեր հայրենակիցների հանգիստը, ցավոք սրտի, հաճախ ուղեկցվում է ամենատարբեր, ավաղ, երբեմն նաեւ ողբերգական բարդություններով, որոնց օպերատիվ լուծումն ամբողջովին իրագործվում է գյխավոր հյուպատոսության անձնակազմի կողմից:

Վերջապես նշենք, որ Բաթումի եւ, հատկապես, Փոթիի նավահանգիստներ է ժամանում, այնուհետ գնացքներով Հայաստան մեկնում մեր երկիր մտնող կարեւորագույն ապրանքների շուրջ 70%-ը, որոնց հետ կապված հարցերը նույնպես պետք է լինեն գլխավոր հյուպատոսության ուշադրության կենտրոնում: Սա Բաթումում ՀՀ գյխավոր հյուպատոսության գործունեության հիմնական, սակայն ոչ ամբողջական ուղղությունների ցանկն է, քանզի գլխավոր հյուպատոսությունն առաջ է մղում նաեւ Հայաստանի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում մեր երկրի առանձին մարզերի եւ Աջարիայի միջեւ կապերի զարգացման հարցերը: Բավական է նշել Աջարիայի եւ ՀՀ Լոռվա մարզի 4-ական քաղաքների՝ քույր քաղաքներ լինելու փաստը, կամ անցյալ տարվա հոկտեմբերին Վանաձորում ստորագրված «Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության եւ ՀՀ Լոռու մարզի միջեւ հարաբերությունների մասին» պայմանագրի ստորագրումը, ինչը մեր երկու բարեկամ պետությունների սուբյեկտների միջեւ ստորագրված անդրանիկ նման փաստաթուղթն էր: Գլխավոր հյուպատոսությունն արդյունավետ համագործակցում է Աջարիայի ու Բաթումի ղեկավար մարմինների, մասնավորապես՝ Կառավարության, Գերագույն խորհրդի, քաղաքապետարանի ու քաղաքի ավագանու, տեղի հայ համայնքի հետ, ինչն իր արտացոլումն է գտնում գիտական, տնտեսական, մշակութային, մարզական միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործում:

Առանց ավելորդ համեստության կարող եմ արձանագրել, որ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը բավական ակտիվ ու արդյունավետ գործունեություն է ծավալել վերոնշյալ ոլորտներում, եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ գործունեությունն իր հետագա ընդլայնումն ու զարգացումը ստանա:

Որքա՞ն հայեր են այսօր ապրում Բաթումում: Որո՞նք են նրանց հուզող հիմնական խնդիրները: Որպես այդպիսին՝ Բաթումի հայ համայնքն ինչպիսի՞ դերակատարություն ունի քաղաքի եւ շրջանի հասարակական-քաղաքական կյանքում:

Վերջին հաշվեհամարը, որն անց է կացվել 2007թ., ցույց է տվել, որ Աջարիայում բնակվում է շուրջ 10000 հայ, որոնցից 8500-ը՝ Բաթումում: 8 տարի անց նշված թվաքանակը էական փոփոխությունների չի ենթարկվել` չհաշված այն, որ աջարահայության մի զգալի մասը ներկայումս արտագնա աշխատանքի է: Գուրիայի Օզուրգեթի քաղաքում ներկայումս շուրջ 500 հայ է բնակվում, ավելի պակաս՝ Փոթիում:

Աշխատանք, հայապահպանություն, ազատ տեղաշարժի հնարավորություն՝ ահա տեղի հայերին ամենաշատը հուզող հարցերը: Նշեմ, որ բաթումահայ համայնքը նախկինում շատ մեծ դերակատարություն է ունեցել թե՛ քաղաքի, թե՛ ողջ տարածաշրջանի կյանքում: Բաթումը բազմիցս փրկության դարպաս է հանդիսացել Թուրքիայում իրականացված հայկական դաժան ջարդերից մազապուրծ մեր հազարավոր հայրենակիցների համար, որոնցից շատերը մշտական բնակություն են հաստատել այս հյուրընկալ ու բարեբեր հողում: Բաթումում է տարիներ շարունակ բնակվել ու աշխատել հայ մեծ բարերար ու գործարար Ալեքսանդր Մանթաշովը, որի գեղեցիկ տունը ցայսօր կանգուն է քաղաքի կենտրոնում: Այստեղ եղել է եկեղեցի, թատրոն, դպրոցներ, լույս են տեսել հայերեն թերթեր: Համարձակորեն կարելի է ասել, որ Բաթումը, հիրավի, հայկական քաղաք է եղել, եւ պետք է նշեմ, որ այդ հայկականության որոշ տարրեր այսօր էլ բաթումահայերը փորձում են պահպանել: Հատկապես կարեւորում ենք այն հանգամանքը, որ արդեն 20 տարուց ավել վերստին հայությանն է ծառայում 1895թ. բացված Սուրբ Փրկիչ եկեղեցին, որն այսօր բաթումայությանը միաբանող գլխավոր կառույցն է: Եկեղեցուն կից, գործում են հայկական կիրակնօրյա դպրոց, կանացի հոգեւոր եւ մանկական երգչախմբեր, պարային խումբ, գեղագիտական կենտրոն: ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով եւ ջանքերով վերջերս եկեղեցու անունով ձեռք է բերվել բնակելի տարածք, որը մոտ ապագայում կվերածվի մշակութային կենտրոնի՝ Թբիլիսիում մեծ հաջողությամբ գործող «Հայարտան» օրինակով: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի եւ Աջարահայության հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի ջանքերով վերջերս հայկական կիրակնօրյա դպրոցներ բացվեցին Քոբուլեթի եւ Օզուրգեթի քաղաքներում:

Ամռան ամիսներին տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ են այցելում Բաթում. Դժվար չէ՞ լուծել բոլոր ծագող հարցերը: Եղե՞լ են արտառոց դեպքերի ու արտակարգ պատահարներ, որոնք փակուղու առջեւ են կանգնեցրել դիվանագետներին:

Հիրավի, հունիսի կեսերից մինչեւ սեպտեմբերի վերջն ընկած ժամանակաշրջանն ամենաաշխատատարն է ոչ միայն տեղի ծովափնյա շրջանների, այլեւ գլխավոր հյուպատոսության համար: Հատկապես ծանր ենք տանում մահացու ելքով դեպքերը, որոնք, ավաղ, տեղի են ունենում ամեն տարի: Օրինակ, 2013-ին Սեւ ծովի այստեղի հատվածում ջրախեղդ եղավ 4 հոգի, որոնցից 3-ը՝ Հայաստանի քաղաքացիներ էին: Հաճախակի են տեղի ունենում նաեւ այլ պատահարներ, որոնք բոլորն էլ պահանջում են գլխավոր հյուպատոսության գործուն միջամտությունը:

Կարծում եմ` չարժե խորանալ նման դեպքերի հետեւանքների վերացման եւ բոլոր կազմակերպչական հարցերի իրականացման խնդիրների մեջ: Նշեմ միայն, որ դրանք պահանջում են գլխավոր հյուպատոսության ողջ անձնակազմի լարված եւ երբեմն հոգեբանորեն շատ ծանր ջանքերի առավելագույն լարումը:

Դիվանագետի աշխատանքը խիստ ծանրաբեռնված գրաֆիկ է պահանջում: Որքա՞ն ժամանակ է մնում ընտանիքի համար: Պատմեք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Երբ դիվանագետներով որեւէ առիթով մեր ընտանիքների կենացն ենք բարձրացնում, սովորաբար ասում ենք «մեր թիկունքի կենացը»: Ով երկար ժամանակ աշխատել է օտար երկրներում, լավ կհասկանա այս բառի խորհուրդը: Այս առումով ես շատ երջանիկ մարդ եմ, քանի որ ունեմ հրաշալի ընտանիք, որն իսկապես ամուր թիկունք է: Կինս՝ Արմինե Առաքելյանը, ներկայումս աշխատում է Երեւանի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնում: Դուստրերիցս Սաթենիկն անցյալ տարի ավարտել է Սլավոնական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը: Նա ցանկանում է ընտրել հենց դիվանագետի ուղին, եւ ես շատ ուրախ եմ նրա այդ ընտրության համար: Կրտսեր դուստրս` Սեդան, ներկայումս գերազանց առաջադիմությամբ սովորում է Սլավոնական համալսարանի Հոգեբանության ֆակուլտետում: Առաջին ամուսնությունից ունեմ նաեւ ավագ դուստր: Լիլիթը կայացած մարդ է, ամուսնացած է, ծնվել եւ բնակվում է Մոսկվայում:

Ղազախստանում ու Թուրքմենստանում ծառայելու տարիներին ընտանիքս միշտ կողքիս էր, քանի որ երեխաները դեռ փոքր էին ու նրանց համարյա ողջ մանկությունն անցել է Կենտրոնական Ասիայում: Ցավոք, հանգամանքների բերումով բաթումյան ծառայությանս զգալի մասը, հասկանալի պատճառներով, անցնում է առանց ընտանիքի: Դիվանագետի ընտանիքի հիմնական դերակատարությունն օտար երկրում՝ քեզ դիվանագիտական ծառայության հետ առնչություն չունեցող մեծ ու փոքր խնդիրներից ազատելն է, եւ ես երիցս երախտապարտ եմ ընտանիքիս ու հատկապես սիրելի տիկնոջս, առանց որի նվիրվածության ու անձնազոհության դժվար թե կարողանայի որեւէ հաջողության հասնել: Այժմ, գտնվելով ընտանիքիցս հեռու, ես հանգիստ եմ, քանզի գիտեմ, որ հարազատներս վստահելի ու սիրող ձեռքերում են:

Դուք բազմամյա մասնագիտական փորձառություն ունեցող դիվանագետ եք: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվող երիտասարդներին:

Պատասխանելով Ձեր շատ տեղին հարցին` կուզենայի ասել հետեւյալը: Ոչ ոք դիվանագետ չի ծնվում: Դիվանագետ դառնում են, բայց եզակիները կարող են դառնալ իսկական դիվանագետ, քանզի կան բազում գործոններ, առանց որոնց դիվանագիտությամբ զբաղվելն անհնար է: Սկսեմ ամենակարեւորից՝ դիվանագետը պետք է սիրի իր Հայրենիքը: Ոչ թե միայն սիրի, այլ հանուն նրա պատրաստ լինի ամեն տեսակ զոհողության: Դիվանագետը պետք է փայլուն կրթություն ունենա: Նա պարտավոր է ծանոթ լինել համաշխարհային դասականների երկերին: Նա պետք է քաջատեղյակ լինի պատմությանը, քաղաքագիտությանը, քաղաքական անցուդարձին, անսխալ իմանա իր երկրի հետ կապված ամեն ինչ` սկսած օրենքներից, գրականությունից, պատմությունից, արվեստից եւ վերջացրած բոլոր ոորություններով: Դիվանագետի համար կարեւորագույն գործոններից են վերլուծական միտքը, արագ կողմնորոշվելու, ակնթարթների ընթացքում ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակությունները: Պատահում են դեպքեր, երբ մեկ բառը, անգամ մեկ ստորակետը կարող են ճակատագրական լինել քո պետության համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր խոսքդ պետք է կշռադատված եւ մինչեւ վերջ մտածված լինի, քանզի այն արտաբերելուց հետո ոչինչ չես կարող շտկել: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր նախապես պայմանավորված հանդիպմանը կամ առանձնազրույցին անհրաժեշտ է լավ պատրաստված լինել: Դիվանագետն առանց հումորի զգացումի, սա ասում եմ աներկբա, մեր մասնագիտությունում անելիք չունի: Ընդ որում, հումորի զգացումը պետք է լինի ինտելեկտուալ: Սկսնակ դիվանագետներին խորհուրդ կտամ դիվանագիտությանն առնչվող գրականությունից բացի, ընթերցել դիվանագիտության դասականների եւ նրանց մասին ստեղծագործությունները: Այս առումով շատ օգտակար է ուսումնասիրել Նապոլեոն Բոնապարտի ժամանակաշրջանը: Կայսրն ինքը, հանճարեղ զորավար լինելուց բացի, փայլուն դիվանագետ էր, այլապես չէր կարող առավելագույնս օգտվել իր ռազմական հաջողությունների պտուղներից: Բացի այդ, նա ուներ արտաքին գործերի անկրկնելի նախարար, որի անունն էր Շառլ Մորիս դը Թալեյրան Պերիգոր:

Այդ անզուգական մարդու շատ ասացվածքներ այժմեական են նաեւ այսօր՝ 200 տարի անց: Հիշեմ մեկը. «Լեզուն տրված է մարդուն սեփական մտքերը թաքցնելու համար»: Նման մարգարիտները շատ են եւ դրանց անհրաժեշտ է ծանոթ լինել:

Բնականաբար դիվանագետը պետք է փայլուն տիրապետի մի քանի լեզուների: Եթե դու նշանակվում ես աշխատանքի այլ երկիր, ապա պարտադիր կերպով պետք է ուսումնասիրես ոչ միայն այդ երկրին վերաբերող ամեն ինչ, այլեւ սովորես լեզուն, քանի որ դրանով դու ցույց ես տալիս քո հարգալից վերաբերմունքը դեսպանընկալ երկրի ու ժողովրդի նկատմամբ, ինչը միանշանակ դրականորեն է ընկալվում եւ, միաժամանակ, նպաստում երկրիդ հեղինակության բարձրացմանը:

Կարելի է էլի շատ բաներ ասել այս թեմայով, սակայն բավարարվեմ այսքանով: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ արտահայտվելու այս հնարավորության համար:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1954թ. Հունիսի 26-ին Երեւանում:

1961-1971թթ. - Ուսանել է Երեւանի Ն.Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում:

1971-1976թթ. -  Ուսանել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի

1976-1979թթ. -  Մոսկվայի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի ասպիրանտ:

1980 - Օլիմպիադա-80-ի Մամլո կենտրոն, թղթակից (Մոսկվա):

1981-1985թթ. - ԽՍՀՄ հեղափոխության կենտրոնական թանգարան, կրտսեր գիտաշխատող:

1985-1986թթ. – Հայաստանի Ազգագրության պետական թանգարանի Հայ-ռուսական բարեկամության

1986-1988թթ. – Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչու-թյուն (Մոսկվա),  Մշակութային կենտրոնի տնօրեն:

1988-1989թթ. – Վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա, ավագ խմբագիր:

1989-1992թթ. – Վավերագրական ֆիլմերի «Գիտելիք» ստուդիա, գլխավոր խմբագիր:

1992-1993թթ. -  ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության երրորդ, ապա երկրորդ քարտուղար, Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչ:

1993-1994թթ. – Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար:

1994-1997թթ. – Թուրքմենստանում ՀՀ գործերի ժամանակավոր, ապա՝ գործերի հավատարմատար:

1997-2007թթ. – Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

2000-2007թթ. – Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան համատեղության կարգով (նստավայրը՝ Աշխաբադ):

2004-2007թթ. – Թուրքմենստանի դիվանագիտական կորպուսի դուայեն:

2008-2010թթ. – ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության խորհրդական, ապա՝ վարչության պետի պարտականությունները կատարող:

2010-2012թթ. – ՀՀ ԱԳՆ Աշխատակազմի քարտուղարության խորհրդական:

2012թ. հոկտեմբերի 1-ից – Բաթումում (Աջարիայում, Իմերեթիայում, Գուրիայում) ՀՀ գլխավոր Ունի Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (1997թ.-ից)

1996թ. Թուրքմենստանի Նախագահի կողմից պարգեւատրվել է «Հայրենիքի նկատմամբ սիրո» մեդալով:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, վրացերեն  լեզուներին:

Ամուսնացած է, ունի 3 դուստր:

 

Զրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Զրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Զրույց դեսպանի հետ. Գեղամ Բաղդասարյան

Զրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ