News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին տված հարցազրույցում Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը խոսում է հայ-բելգիական հարաբերությունների ամրապնդման եւ ԵՄ-ի հետ համագործակցությանը հավատարիմ լինելու մասին:

Պարո՛ն դեսպան, ի՞նչ մակարդակի վրա են ներկայումս գտնվում հայ-բելգիական հարաբերությունները:

Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել զրույցի համար:

Հայ-բելգիական հարաբերություններն ավանդաբար բնորոշվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով: Բարձր մակարդակի շփումները, այդ թվում` միջխորհրդարանական փոխանակումները, մեր երկրների միջեւ պարբերական բնույթ են կրում:

Վերջին մեկ տարվա ընթացքում կցանկանայի առանձնացնել 2014թ. օգոստոսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն, որի շրջանակներում Նախագահն այցելեց Լիեժ եւ մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Բրյուսելում 2014թ. ապրիլին կայացած Ցեղասպանության կանխարգելման հարցերով միջազգային գիտաժողովին եւ պաշտոնական հանդիպումը Բելգիայի ԱԳ նախարարի հետ:

Շարունակվում է հայ-բելգիական հաջող համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում` եվրոպական կառույցների շրջանակներում: Ակտիվորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը: Այս առումով պետք է նշեմ, որ Բելգիայի նոր գումարման խորհրդարանում արդեն իսկ վերստեղծվել է Հայաստանի հետ բարեկամության խումբը: Այս տարվա ընթացքում հանդիպումներ եւ քննարկումներ եմ ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Քիրսթին Դեֆրեինի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրաքի, Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը` նպաստելու Հայաստանի եւ Բելգիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը եւ համագործակցության հետագա զարգացմանը: Առաջիկայում սպասվում են Բելգիայից բարձրաստիճան պատվիրակությունների այցեր Հայաստան: Հաճախակի են նաեւ հանդիպումները պատգամավորական խմբակցությունների եւ առանձին պատգամավորների հետ:

Բելգիայում ՀՀ դեսպանությունն ակտիվ կապ է պահպանում ոչ միայն դաշնային իշխանության մարմինների, այլեւ 3 դաշնային տարածաշրջանների հետ, որոնք Բելգիայում բավական մեծ իշխանություն ունեն:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում դեսպանությունը` Բելգիա հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների մեծացման եւ Բելգիայից Հայաստան ներդրումների խրախուսման համար:

Ինչպես հայտնի է, առեւտրաշրջանառությունը Բելգիայի հետ նշանակալի տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում: Բելգիա արտահանվող ապրաքատեսակների շարքում իր ծավալով առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի ադամանդագործական ապրանքների արտահանումը: Բելգիայում ՀՀ դեսպանությունը պարբերաբերաբար միջոցառումներ է կազմակերպում` ներկայացնելու Հայաստանի տնտեսական ներուժը, գործարար միջավայրը, նպաստում է կապերի հաստատմանը երկու երկրների գործարար շրջանակների միջեւ: Շարունակական աշխատանքներ են տարվում Հայաստանի ներդրումային ծրագրերը, առաջարկները, օրենսդրական փոփոխությունները, ենթակառուցվածքային եւ այլ ծրագրերի մրցութային հայտարարությունները, համաժողովների եւ ցուցահանդեսների վերաբերյալ տեղեկատվությունը տարածելու ուղղությամբ: Ակտիվ համագործակցություն է ընթանում նաեւ Բրյուսելի, ինչպես նաեւ վալոնական եւ ֆլամանդական արտահանման խթանման եւ ներդրումների ներգրավման մասնագիտացված ընկերությունների հետ: Հանդիպել եմ այս 3 ընկերությունների ղեկավարների հետ: Նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ գործարար համաժողով կազմակերպելու վերաբերյալ: Կա պայմանավորվածություն` կազմակերպելու գործարարների պատվիրակության այց Հայաստան:

Աշխատանքներ են տարվում 2015թ. Լյուքսեմբուրգում Հայաստանի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական խորհրդաժողով կազմակերպելու ուղղությամբ:    

Որպես նմանատիպ միջոցառումների հաջող օրինակ` կարող եմ նշել անցած տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած բելգիական «Տրակտաբել» ընկերության հետ կազմակերպված գործարար աշխատաժողովը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ արդյունաբերական զարգացման հիմնադրամի հետ համատեղ դեկտեմբեր ամսին Բրյուսելում կազմակերպվել է հայկական գինու համտես, որի ժամանակ ներկայացվել է հայկական գինեգործական ոլորտի 14 ընկերությունների արտադրած գինու 27 տեսակ: Առաջիկայում նախատեսվում են նման միջոցառումներ այլ հայկական ապրանքատեսակների գծով:

Բելգիայի հայ համայնքը հայտնի է ադամանդի արդյունաբերությամբ զբաղվող Արսլանյան ընտանիքով: Որքանո՞վ է ընդհանրապես ակտիվ հայ համայնքը:

Դեսպանությունը, բնականաբար, համագործակցում է հայկական սփյուռքը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատների հետ, մշտապես ներկա է լինում սփյուռքի ջանքերով կազմակերպած միջոցառումներին, նպաստում համայնքային ներկայացուցիչների մասնակցությանը Հայաստան-Սփյուռք շրջանակներում տեղի ունեցող, ինչպես նաեւ հայ ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցող իրադարձություններին եւ տարելիցի միջոցառումներին:

ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Բրյուսելում գործող մի շարք համայնքային կառույցների հետ եւ նպաստում է մեր ազգային խնդիրների լուծմանն ուղղված գործունեությունն առավել համակարգված դարձնելու աշխատանքներին:

Բելգիայի հայ համայնքը, որը պայմանականորեն կարելի է բաժանել հին համայնքի եւ նոր համայնքի, վերջին տասնամյակների ընթացքում համալրվել է Հայաստանից եւ ետխորհրդային տարածքի այլ երկրներից ժամանած անդամներով: Այստեղ շարունակական ջանքեր են գործադրվում` համայնքային կյանքի հետագա կազմակերպման, Բելգիայի հասարակական կյանքում եւ գործընթացներում համակարգված հանդես գալու ուղղությամբ, որը թույլ կտա համայնքին սեփական խնդիրները ներկայացնել առավել կազմակերպված ձեւով, ինչպես նաեւ արդյունավետ կերպով նպաստել համազգային խնդիրների լուծման գործին:  Սա շարունականակական գործընթաց է, եւ ես ակնկալում եմ արդյունավետ համագործակցություն:

Հաճախ լսում եմ, որ Բելգիայի համայնքը փոքր է եւ չունի ամերիկահայ համայնքի հզորությունը: Սակայն, ես ՀՀ դեսպանն եմ եղել նաեւ Մեքսիկայում, որտեղ հայ համայնքի թիվը մի քանի հարյուրից չի անցնում, բայց որը, այնուամենայնիվ, ապացուցեց, որ ի վիճակի է մեծ գործեր անել:

Դուք նաեւ Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարն եք: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ներկա մակարդակը` քաղաքական երկխոսություն, առեւտրատնտեսական կապեր, երկխոսություն արդարադատության ոլորտում եւ այլն:

Ինչպես հայտնի է, Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկն է: Այս մասին բազմիցս նշվել է ՀՀ Նախագահի եւ արտաքին գործերի նախարարի ելույթներում: ԵՄ-ն Հայաստանի արտաքին ներգրավվածության առումով մեծ նշանակություն ունի թե՛ քաղաքական ու տնտեսական եւ թե՛ մշակութային տեսանկյունից:

Անցած ժամանակահատվածում ԵՄ-ի հետ ձեւավորվել է բազմամակարդակ եւ բազմաոլորտ համագործակցության դաշտ, որի զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում ՀՀ պետական իշխանության մարմինների, գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների մակարդակով: Շփումները ներկայումս բավական ակտիվ են: 2014թ. բարձրաստիճան մակարդակով տեղի ունեցած բոլոր երկկողմ հանդիպումների ժամանակ հստակ շեշտվել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակել համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր ձեւաչափերով, բոլոր ոլորտներում եւ բոլոր հնարավոր ուղղություններով` հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում: Ներկայումս ընթանում են ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների իրավական եւ քաղաքական հիմքերի հստակեցման շուրջ քննարկումներ: 2014թ. դեկտեմբերին կայացել է ԵՄ-Հայաստան գործակցության կոմիտեի, իսկ 2015թ. հունվարին` ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստը, որտեղ կողմերը մանրամասն անդրադարձել են օրակարգի բոլոր հարցերին: Նիստի ավարտին Եվրոպական հանձնաժողովի կողմից արվել է հայտարարություն, որը վերնագրված է «ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհուրդ. լավ առաջընթաց դեպի խորացված համագործակցություն»: Սա ինքնին լավագույն բնութագրությունն է ներկայումս կատարվող աշխատանքների: Գործընթացն առաջիկայում համատեղ ջանքերով կհասցվի ավարտին:

2014թ. նոյեմբերին ստորագրվել է 2014-2017թթ. «Անհատական աջակցության շրջանակներում» Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մասին փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն Հայաստանին կտրամադրվի 140-170 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն` պետական կառավարման, մասնավոր հատվածի, արդարադատության եւ այլ բնագավառներում բարեփոխումներ անցկացնելու համար:

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առկա բոլոր ձեւաչափերով պարբերաբար անցկացվել են հանդիպումներ: Հայաստանը շարունակել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել բազմակողմ պլատֆորմերի աշխատանքներին, ընդգրկված է մեկ տասնյակից ավելի փորձագիտական խմբերում: Զգալի առաջընթաց է արձանագրվել շարժունակության ոլորտում: 2014թ. հունվարի 1-ից սկսել է գործել ՀՀ-ԵՄ միջեւ Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին Համաձայնագիրը, իսկ մարտ ամսից ուժի մեջ է մտել նաեւ հատուկ արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս Հայաստանին` մասնակցելու Եվրամիության տարբեր ծրագրերին, նաեւ Եվրամիության տարբեր գործակալությունների աշխատանքներում:

Ակտիվ աշխատանքներ են ընթանում ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր կնքելու, ԵՄ «Հորիզոն 2020» եւ «Կոսմե» ծրագրերին անդամագրվելու ուղղությամբ: Քայլեր են ձեռնարկվում` մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսության հաջորդ փուլը սկսելու ուղղությամբ:

Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը` պահպանելով իր դիրքորոշումը` իր աջակցությունը հայտնելով հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին:

ԵՄ-ում ՀՀ առաքելությունն ակտիվ շփումներ է իրականացնում նորընտիր 8-րդ գումարման Եվրոպական խորհրդարանում ներկա քաղաքական ուժերի, կուսակցությունների, խմբակցությունների եւ պատգամավորների հետ: Այս տարվա փետրվարին ընդարձակված կազմով վերահայտարարվել է նաեւ ԵԽ-Հայաստան բարեկամության խումբը:

Հոկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանի շենքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված անդրանիկ միջացառումը, որը կյանքի էր կոչվել Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի գլխավորությամբ եւ Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության, Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի ու «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ: Հայտարարվել է ԵԽ-ում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամական խմբի ստեղծման մասին:

Պարո՛ն դեսպան, այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ աշխարհի շատ երկրներում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: Այս ուղղությամբ ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում Բելգիայում:

Իսկապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում Բելգիայում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է իրականացրել` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին երկրի իշխանություններին իրազեկելու ուղղությամբ:

Կայանալու են բազմամարդ միջոցառումներ Բելգիայի խոշոր քաղաքներում: Ապրիլին Բրյուսելի «Սան Միշել» Մայր Տաճարում կանցկացվի միջեկեղեցական արարողություն` քրիստոնեական բոլոր եկեղեցիների մասնակցությամբ: Հայ երիտասարդների կողմից կանցկացվի բազմամարդ երթ եւ մոմավառություն Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Բրյուսելում կկայանան աշխարահռչակ «System of a Down» խմբի եւ հանրաճանաչ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգները, ինչպես նաեւ գալահամերգ Բելգիայի արվեստի պալատում Բելգիայի ազգային նվագախմբի եւ անվանի երաժիշտների մասնակցությամբ: Արդեն անցկացվել են եւ կանցկացվեն Անրի Վեռնոյի, Ատոմ Էգոյանի, Ֆաթիհ Աքինի, Արտավազդ Փելեշյանի, Երվանդ Ջիանիկյանի եւ Անժելա Ռիչիի ֆիմլերի ցուցադրություններ:

Ծրագրված են նոր խաչքարի եւ հուշակոթողի տեղադրում Բելգիայի Մալին եւ Լիեժ քաղաքներում, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, գրքի տոնավաճառներ եւ մի շարք այլ միջոցառումներ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` աշխատանքներ են տարվում նաեւ Եվրոպական խորհրդարանում: Մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանը հաստատել է «2013թ. աշխարհում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին» տարեկան զեկույցը, որը մասնավորապես «կոչ է անում բոլոր անդամ պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը դրա 100-ամյա տարելիցին ընդառաջ եւ խրախուսում անդամ երկրներին եւ ԵՄ ինստիտուտներին առավել նպաստել դրա ճանաչմանը»:

Կենսագրական տվյալներ

Կրթությունը

Ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության համալսարանը, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան նույն համալսարանում: Ավարտել է Ջոնս Հոփկինսի Համալսարանի Միջազգային ուսումնասիրությունների բարձրագույն դպրոցը, ստացել է Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության մագիստրոսի աստիճան: Ավարտել է Լոնդոնի Քաղաքագիտության և տնտեսագիտության համալսարանը` ստանալով միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության դոկտորի աստիճան:

Աշխատանքային գործունեությունը

1990-1991թթ. – ՀՀ Գերագույն Խորհրդի փոխնախագահի օգնական

1991-1992թթ. – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

1991-1994թթ. – ՀՀ փոխնախագահի օգնական, այնուհետև` խորհրդական

1994-1999թթ. – ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ, դեսպանորդ

1999-2000թթ. – ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

2000-2005թթ. – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

2002-2004թթ. – Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ՀՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչ

2005-2014թթ. – ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան Պետությունների Կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ

2012-2013թթ. – Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեքսիկական Միացյալ Նահանգներում

2014թ. օգոստոսի 5-ին Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

2011թ. սեպտեմբերի 3-ին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Լեզուների իմացություն` անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիվճակ` Ամուսնացած է, ունի երեք որդի:

«Հարցազրույց դեսպանի հետ» խորագրի շրջանակներում նախորդ հարցազրույցները

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ