Սաուդյան Արաբիան պատրաստվում է Եմենի հութիների դեմ պատերազմը շարունակել առնվազն մինչև հաջորդ տարվա կեսը՝ չնայած մարտադաշտում անհաջողություններին և թագավորության ներսում բնականոն կյանքը խաթարող հարձակումներին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արևմտյան երկու պաշտոնյաների, որոնց սաուդցի ներկայացուցիչները տեղեկացրել են Էր Ռիադի ծրագրերի մասին։
Վերսկսված հակամարտությունը դարձել է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի ամենաակտիվ ճակատը։ Եմենում պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, իսկ հարյուր հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները՝ միաժամանակ խաթարելով ոչ նավթային ոլորտներում ներդրումներ ներգրավելու և միջազգային միջոցառումներ անցկացնելու՝ Սաուդյան Արաբիայի ջանքերը։
Ըստ արևմտյան պաշտոնյաների՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն այժմ ակնկալում են, որ ռազմական արշավը կտևի ևս մինչև վեց ամիս։ Նախքան հութիների հետ բանակցություններ սկսելը Էր Ռիադը մտադիր է ցամաքում հաջողությունների հասնել իր եմենցի դաշնակիցների ուժերով։ Սաուդյան Արաբիայի ծրագրերին ծանոթ երրորդ աղբյուրը հաստատել է այդ տեղեկությունները։ Բոլոր երեք աղբյուրները նշում են, որ Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի ավարտը կարող է հանգեցնել Եմենում մարտական գործողությունների ինտենսիվության նվազմանը։
Ըստ երրորդ աղբյուրի՝ Էր Ռիադում նաև կարծում են, որ ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը հարձակողական գործողություններին կարող էր բեկում մտցնել հակամարտության ընթացքի մեջ։
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռ նման օգնություն չի տրամադրել Եմենում Սաուդյան Արաբիայի գործողություններին, սակայն, աղբյուրի գնահատմամբ, այն ստանալը կարող էր Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերին հնարավորություն տալ ցանկալի արդյունքների հասնել մի քանի շաբաթվա ընթացքում։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել թագավորության ծրագրերի վերաբերյալ արևմտյան պաշտոնյաների ներկայացրած գնահատականը։




























