Ռուսական IT ընկերությունները Հայաստանով կարող են դուրս գալ եվրոպական շուկա։ Այս մասին ապրիլի 2-ին Երեւանում ռուսական ՏՏ ձեռնարկությունների IT արտագնա գագաթնաժողովի բացմանը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է ռուսական ընկերություններին կադրային բազա եւ հրապուրիչ պայմաններ տրամադրել։ Ըստ փոխվարչապետի՝ հատկապես արդյունավետություն են ապահովում իհարկե օտարերկրյա մասնակցությամբ ձեռնարկությունները, սակայն նաեւ տեղականներն են ձգտում բարձր մակարդակի։ Բացի այդ հանրապետությունում ստարտապների համար կան լավ պայմաններ։ Նրանք 3 տարով ազատվում են շահութահարկից, իսկ եկամտահարկը վճարում են 10 տոկոս։
«Կարծում եմ, այս ամենը հայկական շուկան գրավիչ է դարձնում ռուսական ընկերությունների համար»,- հայտարարել է Գաբրիելյանը։
Ապրիլի 2-3-ը Երեւանում ընթացող գագաթնաժողովը կազմակերպել էր Ռուսաստանի ՏՏ եւ համակարգչային ձեռնարկությունների միությունը, որոնց տեղում աջակցել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE)-ը։,