![](img/news/26/50/70/default.jpg)
Արցախը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ հետընտրական սրացումներ չեն լինում: Այս մասին այսօր՝ մայիսի 3ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը՝ ավելացնելով, որ միջազգային որոշ դիտորդների նկատել են, որ չնայած մեծ մրցակցությանը՝ ԼՂՀ-ում ընտրությունները համեմատաբար խաղաղ պայմաններում են անցնում:
«Սրացումներ չեն լինում, որովհետեւ գործընթացի բոլոր մասնակիցներն ընդունում են ընտրությունների արդարացիությունը եւ հիմնականում ճանաչում են դրա արդյունքները: Ինձ հաճելի է, որ դիտորդների մեջ կան այնպիսինները, որոնք խոստովանում են, որ այստեղ են՝ ծանոթանալու Արցախի փորձին, թե ինչպես է ստացվում, որ այդպիսի մրցակցության պայմաններում՝ հատկապես այժմ , երբ կան արդեն 4 ընդդիմադիր կուսակցություններ, ընտրությունները անցնում են համեմատաբար հանգիստ, խաղաղ, փոխըմբռնման մթնոլորտում, եւ արդյունքները ճանաչելի են լինում բոլորի համար, իսկ հետընտրական սրացումներ, ապստամբություններ, հեղափոխություններ չեն լինում: Դա շատ կարեւոր է, բայց մենք դեռ շատ զարգացման տեղ ունենք:»,-ասաց Կառլեն Ավետիսյանը նշելով, որ ամեն մի ընտրություն նոր կատարելագործում եւ նոր խնդիրներ է նախանշում, որոնք հետագայում պետք է հարթվեն:
ԱՄՆ-ի՝ նախօրեին արած հայտարարությունը, թե իրենք չեն ճանաչում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որպես ԼՂՀ-ի ապագա կարգավիճակը կանխորոշող հանգամանք, Կառլեն Ավետիսյանի խոսքով, դրական եւ շահեկան հայտարարություն է:
«ԱՄՆ-ն շատ դրական ու շահեկան հայտարարություն է արել: Ընդհանրապես, դիվանագիտական հայտարարությունները պետք է տողատակերով նայել, բայց այստեղ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ նույնիսկ տողատակերը կարդալ պետք չէ: Այսինքն՝ ԱՄՆ-ն ոչ թե չի ընդունում այս ընտրությունների արդյունքները, այլ որ այս ընտրությունները չեն կարող կանխորոշել Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Կարծում եմ՝ մենք ճիշտ գործընթացի մեջ ենք, եւ մենք էլ ենք գտնում, որ ընտրությունները չեն կարող կանխորոշել Ղարաբաղի ապագա կարգավիճակը, բայց, միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ դա այն ճանապարհն է, որ մեզ ավելի է մոտեցնում մեր վերջնական նպատակին:
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը դրական գնահատեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Փարիզում կատարված հայտարարությունը, որից, ըստ նրա, հետեւում է, որ նրանք դե ֆակտո ընդունում են այս ընտրությունների արդարացիությունը եւ արդյունքները, քանի որ հետագայում հանդիպելու են ընտրված նոր ղեկավարների հետ: