News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ներկայումս Երեւանի կենդանաբանական այգում 215 տեսակի 2300 կենդանի է պահվում, միայն օձերը 20 տեսակ են: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է այգու տնօրեն Սահակ Աբովյանը:

Նրա խոսքով, ներկայումս Երեւանի կենդանաբանական այգին համալրում է սպասում: Փոխանակման հիմունքներով, ուկրաինական այգուց Երեւան են բերվելու կենգուրու, թռչող եգիպտական շներ, մադրիլ տեսակի կապիկներ, եղջերուներ եւ այծեղջյուրներ: Չեխիայից այգուն նվիրել են զեբր, սակայն միջոցներ չկան կենդանուն Հայաստան բերելու համար:  

Այգու տնօրենը չի դժգոհել ֆինանսավորման անբավարարությունից, որը կազմում է 187 մլն դրամ: Տնօրենի պնդմամբ՝ այդ գումարը լիուլի բավարարում է կենդանիներին պահելու եւ կերակրելու համար: Նա հայտնել է, որ առաջիկայում, այգում կապիտալ վերանորոգում է սկսվելու, եւ վանդակները համապատասխանեցվելու են միջազգային չափորոշիչներին: Այդ դեպքում, ըստ Աբովյանի, կանհետանա նաեւ անտանելի հոտը:

Վերանորոգման համար կառավարությունը հաջորդ տարի 2 միլիոն դոլար է հատկացնելու: Աբովյանը հայտնել է, որ ներկայումս այգում ազատ վանդակներ չկան, իսկ առյուծների եւ արջերի մոտ տարածքի նեղություն է:

Աբովյանը հայտնել է, որ բերված կենդանիների մեծ մասը արագ հարմարվում են Հայաստանի եղանակային պայմաններին եւ անգամ ձմռանն իրենց ազատ են զգում վանդակներում:

Տարեկան Երեւանի կենդանաբանական այգի է այցելում 150-160 հազար մարդ: Աբովյանը հայտնել է, որ այգում լուրջ վարակներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ