Բաղրամյան պողոտայում քիչ առաջ ավարտվեց «Զոմբիներ» ռոք խմբի համերգը: Երաժիշտներն այդ կերպ իրենց բողոքն արտահայտեցին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման եւ հունիսի 23-ին ոստիկանության իրականացրած գործողությունների դեմ:
«Մեր այսօրվա համերգով մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք հունիսի 23-ին ոստիկանության գործադրած բռնությունների դեմ, այդ են վկայում այսօր հնչեցրած մեր երգերը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց խմբի մենակատար Թաթուլ Սարոյանը:
Նշենք, որ ռոք խմբի համերգը Բաղրամյան պողոտայում տեւեց շուրջ 2 ժամ, որի ընթացքում երգեր հնչեցին՝ «նվիրված» երկրի նախագահին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Տղաներն իրենց երգերով բարձրաձայնեցին նաեւ երկրում կատարվող թալանի, ապօրինությունների մասին, նաեւ ծաղրեցին բողոքի ակցիաները քննադատող «քաղքենիներին»:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։