News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


2-ամյա Գոռը, որն իր տարիքի համար արտասովոր աշխարհագրական գիտելիքների շնորհիվ կարճ ժամանակում դարձել է համացանցի սիրելին, գիտի 90 երկրների մայրաքաղաքների անունները։ NEWS.am-ի հետ զրույցում փոքրիկի մայրը՝ Աննա Հալաջյանը, պատմեց, որ Գոռն այդ ամենը սովորել է 3 ամսում:

«Հատուկ նպատակ չեմ ունեցել, որ իրեն պետք է սովորեցնեմ մայրաքաղաքները: Մի քանիսի անուններն ասել էի, լսել էր, ու մի օր էլ լսեցի, որ ինքն իրեն օրվա ընթացքում կրկնում է: Հասկացա, որ կարող է սովորել, ու քիչ-քիչ սովորեցրի»,- պատմեց Աննան:

Մինչ իր տարեկիցներից շատերը դեռ չեն խոսում, 2-ամյա Գոռն առանց դժվարության արտասանում է անգամ ամենաբարդ անվանումները, հստակ արտաբերման համար նրան խանգարում է միայն մանկական թոթովախոսությունը։

«Շատ արագ ընկալում, սովորում է ամեն ինչ: Մի անգամ ասելուց հետո չի մոռանում»,- ասաց երեխայի մայրը:

Մայրը որդու արտասովոր ընդունակությունները նկատել է դեռ այն ժամանակ, երբ նա մի քանի ամսական էր. «Դեռ խոսել չգիտեր՝ կենդանիներին տարբերում էր, իրենց ձայներն էր հանում»:

Գոռն առաջին բառերն արտասանել է 7 ամսականում, դրանց հետեւել են  բառակապակցություններ՝ հստակ արտասանությամբ: 2 տարեկանում փոքրիկն արդեն հաշվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, տարբերում է տարվա եղանակները, գիտի, թե որ կենդանին ինչով է սնվում։ Սովորելու նախաձեռնությունը գրեթե միշտ հենց Գոռինն է լինում:

«Շատ է սիրում գիրք, գրիչ, թուղթ, ուզում է գրել, նկարել, պահանջում է, որ իրեն սովորեցնեմ: Ասում է՝ արի գնանք սովորենք, արի ինձ համար նկարի»,- պատմեց փոքրիկի մայրը:

Գոռը մեկ տարի առաջ Վանաձորից ՌԴ տեղափոխված Սարգսյանների առաջնեկն է: Ընտանիքը դեռ չի որոշել, բայց հնարավոր է` դիմեն Գինեսի ռեկորդների գրքում արտասովոր ունակություններով փոքրիկին գրանցելու համար:

Տպել
Ամենաշատ