News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Արմեն Ալեքսանդրի Ավանեսյանը դիմել է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ առաջին ատյանի դատարանում իր փաստաբան Լիանա Գրիգորյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով։

Քաղաքացու դիմումի մեջ ասվում է. «Հարգելի պարոն Զոհրաբյան,

2014թ դեկտեմբերի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ՍԴ/0106/01/14 քրեական գործով կայացված դատավճռով ինձ մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ որպես պատիժ նշանակել է ազատազրկում 3 /երեք/ ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել զորամասի հրամանատարության վրա, իսկ զորացրվելուց հետո՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա:

Առաջին ատյանի դատարանում իմ շահերը ներկայացնող Հայաստանում հավատարմագրված ԼՂՀ փաստաբան, հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա վերանայելով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը 2015թ. հունիսի 11-ին որոշել է ինձ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել անմեղ եւ արդարացնել` հանցակազմի բացակայության հիմքով:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ես պետք է շնորհակալագիր ուղարկեի փաստաբան Լիանա Գրիգորյանի անվամբ, սակայն սույն դիմումով ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել փաստաբանի կողմից թե գործի, թե իմ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին, որն իրականում շնորհակալագրի արժանանալ չի կարող:

Փաստաբան Լիանա Գրիգորյանն իմ պաշպանությունը ստանձնել է ընդհանուր իրավասության դատարանում, դատական քննության սկզբնական փուլում, երբ ես դիրքորոշումս փոխելու, ինձ մեղավոր չճանաչելու մտադրություն ունենալով պահանջեցի հանրային պաշտպան, ինչպես նաեւ պահանջեցի ինձ տրամադրել քրեական գործի նյութերի պատճեները:

Ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանի կողմից իրականացված պաշտպանության որակին կանդրադառնամ ստորեւ:

Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռից հետո փաստաբան Լիանա Գրիգորյանից պահանջել եմ կազմել ու ներկայացնել վերաքննիչ բողոք: Փաստաբանի կողմից սկզբում կազմվել ու իմ էլեկտրոնային հասցեին էր ուղարկվել մի վերաքննիչ բողոք, որը բաղկացած էր 5 էջից: Ընթերցելով այդ բողոքը, կասկածելով, որ վերաքննիչ բողոքը կարող է ունենալ այդպիսի տեսք, այն ներկայացրեցի Երեւանում բնակվող իմ ծանոթ փաստաբաններից մեկին, որը մինչ Լիանա Գրիգորյանի կողմից գործին ներգրավվելը արդեն ծանոթացել էր գործի նյութերին եւ մասնագիտական խորհուրդներ էր տվել նրան իմ պաշտպանությունը դատարանում ճիշտ կազմակերպելու համար:  Ծանոթանալով բողոքին իմ ծանոթ փաստաբանը կապնվել էր Լիանա Գրիգորյանի հետ ու խնդրել էր անհրաժեշտ լրացումներ կատարել բողոքում, նաեւ մանրամասն պարզաբանել էր, թե հատկապես ինչ պետք է ներառվեր բողոքում, որպեսզի բողոքը լինի հիմնավորված: Խնդրել էր ներառել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ ու կատարել դատաքննության ընթացքում հետազոտված նախաքննության եւ դատարանում տված ցուցմունքների վերլուծություն:

Փաստաբան Լիանա Գրիգորյանը կազմեց նոր բողոք, որտեղ ներկայացված էին հղումներ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներին, սակայն այդպես էլ չկար գործում եղած ցուցմունքների որեւէ վերլուծություն, փաստաբանը սահմանափակվել էր միայն մյուս ամբաստանյալ Դավիթ Բարոյանի նախաքննական ցուցմունքի մասին դատավճռում առկա, ինչպես հետո պարզվեց իրական ցուցմունքից տարբերվող համառոտագիրը շարադրելով, ինչպես նաեւ հետեւյալ ձեւակերպմամբ. «Ինչպես արդեն նշել ենք, սույն քրեական գործի, թե նախաքննությամբ եւ թե դատաքննությամբ մի շարք ցուցմունքներով հիմնավորված է, որ Ա.Ավանեսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Սակայն Դատարանը հաշվի չառնելով հետազոտված ապացույցները մասնավորապես Դ.Բարոյանի ցուցմունքը  եւ վկաների ցուցմունքը»:

Բայց քանի որ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը լրանում էր, ես ստիպված համաձայնվեցի, որպեսզի պաշտպանս ներկայացնի այդ բողոքը դատարան:

Արդեն վերաքննիչ դատարանում ես ցանկություն հայտնեցի հրաժարվել Լիանա Գրիգորյանի ծառայություններից: Ճիշտ է վերաքննիչ դատարանն ինձ առաջարկեց օգտվել այլ հանրային պաշտպանի ծառայություններից, սակայն Լիանա Գրիգորյանի վերաբերմունքի հետեւանքով սկսել էի թերահավատորեն մոտենալ այդ հիմնարկին, եւ իմ շահերը ներկայացնելու համար ստիպված պայմանագիր կնքեցի փաստաբանական գրասենյակի հետ:

Բավականին տեւական ժամանակ, բազմաթիվ հեռախոսազանգեր, անգամ SMS հաղորդագրություն պահանջվեց, մինչեւ որ փաստաբան Լիանա Գրիգորյանը բարեհաճեց Երեւան ուղարկել քրեական գործի նյութերի պատճենները: Այդ պատճենները Երեւանում գտնվող ՀՊԳ գրասենյակում ստանալուց հետո ներկայացրեցի իմ նոր պաշտպաններին:

Նոր պաշտպաններս, ծանոթանալով քրեական գործի նյութերին, ինչպես նաեւ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստերի արձանագրություններին, կազմեցին ներկայացված բողոքի նոր հիմնավորումներ, որոնք էլ հնչեցրեցին վերաքննիչ դատարանում եւ գրավոր հանձնեցին դատարանին: Այդ հիմնավորումները պարունակում էին նաեւ իմ մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցների մանրակրկիտ վերլուծություն, եւ այդ հիմնավորումներով է, որ լիովին ապացուցվում էր, որ ես գործել եմ անհրաժեշտ պաշտպանության սահմաններում:

Այդ նոր հիմնավորումները վերաքննիչ դատարանում ունկնդրելուց ինձ համար պարզ դարձավ նաեւ այն, որ առաջին ատյանի դատարանում իմ շահերը ներկայացնելիս, ապա վերաքննիչ բողոք կազմելիս նախկին պաշտպանս առնվազն ծանոթ չի եղել քրեական գործի նյութերին, իսկ դրա հետեւանքով ընդհանուր իրավասության դատարանում նրա ցուցաբերած վարքագծի արդյունքում իմ նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Ընդհանուր իրավասության դատարանում 31.10.2014թ. տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պետք է հարցաքննվեր մյուս ամբաստանյալ Դավիթ Բարոյանը, որի նախաքննական ցուցմունքը դրվել էր իմ մեղադրանքի, հետագայում նաեւ մեղադրական դատավճռի հիմքում: Ամբաստանյալը, սակայն, օգտվեց իր իրավունքից ու հրաժարվեց ցուցմունք տալ, հայտարարելով, որ պնդում է նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքը: Ընդհանուր իրավասության դատարանը որոշեց հրապարակել Դ.Բարոյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը: Սակայն հրապարակման ընթացքում, դատարանը դժվարացավ ընթերցել մեղադրյալ Դ.Բարոյանի 14.04.2014թ. հարցաքննության արձանագրությունը ձեռագրի դժվարընթեռնելիության պատճառով: Դատարանն անընդհատ բառերի փոխարեն ասում էր «չգիտեմ ինչ», ընթերցում էր բոլորովին ուրիշ բառեր:

Այդպես էլ չկարողանալով ընթերցել հարցաքննության արձանագրությունը, դատարանն ի վերջո ընթերցեց Դ.Բարոյանի նախաքննական ցուցմունքի` մեղադրական եզրակացության մեջ քննիչի կողմից արված հակիրճ շարադրանքը, եւ դա կատարելուց առաջ ստացավ դատավարության մասնակիցների, այդ թվում նաեւ իմ պաշտպան Լիանա Գրիգորյանի համաձայնությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության ամբաստանյալ Դ.Բարոյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, թե բռնել է իմ օձիքից, քաշքշել եւ մեկ անգամ հարվածել դեմքիս, ես նույնպես հարվածել եմ իրեն, որից հետո սկսել ենք փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։

Այս նույն միտքը տեղ է գտել նաեւ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռում ու որպես ապացույց դրվել է դատավճռի հիմքում:

Մինչդեռ Դավիթ Բարոյանի կողմից նախաքննության ընթացքում հարցաքննության արձանագրությունն ուսումնասիրելիս պարզվում է, որ վերջինիս ցուցմունքն ունի բոլորովին այլ, հետեւյալ բառացի բովանդակությունը. «…մեր ձայների վրա մեզ մոտեցել են Սեյրանը եւ Արմենը, այդ պահին ինձ պահում էր բռնած վիճակում Հ.Վարդեւանյանը, սակայն Սեյրանի գալուց հետո նա ինձ թողեց ու բռնեց Սեյրանին, բայց թե ինչու, չնկատեցի, երբ տեսա Արմենին, չգիտեմ, թե ինչու, ինչ կատարվեց, երեւի խմիչքի ազդեցության տակ էի, քանի որ … ու բռնեցի երկու ձեռքով Ա.Ավանեսյանի համազգեստից ու քաշեցի դեպի ինձ եւ ասեցի «էլի դու» սկսեցի քաշքշել ու այդ պահին ցանկանում էի հարվածել նրան, սակայն հարվածը չէր դիպում, քանի որ Արմենը պաշտպանվում էր ու ցանկանում էր ինձնից ազատվել, սակայն ես կարողացա հարվածել ձեռքով Արմենի դեմքին, որը դիպեց նրա պարանոցին, իմ հարվածից հետո Արմենը նույնպես ինձ ձեռքով խփեց, սակայն չեմ հիշում, թե նրա հարվածը իմ որտեղին է դիպել, քանի որ խառը պահ էր ու մեզ ցանկանում էին բաժանել, սակայն այդ պահին ես … եմ մեկ անգամ հարվածել ենթասպա Ավանեսյանին, սակայն այս անգամ չեմ հիշում, թե հարվածը նրա մարմնի որ մասին դիպել … անկանոն հարվածներ եմ հասցրել ենթասպա Ավանեսյանի դեմքի հատվածին ու նրանցից մեկը կպել էր նրա գլխին, ես կոնկրետ չեմ կարող հիշել, թե քանի անգամ եմ հարվածել Արմենին եւ քանիսն են նրան դիպել, սակայն սկզբի երկուսը հիշում եմ, իսկ դրանից հետո ես անկանոն հարվածներ եմ հասցրել Ա.Ավանեսյանին, նա էլ իր հերթին իմ հարվածներից հետո, երբ ցանկանում էր ազատվել, սակայն ես բռնել էի նրա համազգեստից դրա պատճառով էլ նրա մոտ չէր ստացվում, ուստի ես չեմ կարող հիշել ու չեմ զգացել, թե Արմենն իր հերթին ինձ քանի անգամ է հարվածել եւ հարվածներից քանիսն են ինձ դիպել, այդ պահին իմ կողմից Արմենի գլխին հարվածելուց հետո մեզ կարողացան բաժանել ու տեսա, որ Արմենը ընկավ գետնին…»:

Պարզ է, որ ամբաստանյալ Դ.Բարոյանի նախաքննական ցուցմունքն ընթերցելու դեպքում, ընդհանուր իրավասության դատարանն իմ նկատմամբ կայացնելու էր արդարացման դատավճիռ:

Իր հերթին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացնելով ինձ արդարացնելու մասին որոշում, շեշտել է, որ. «առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Ա.Ավանեսյանի ցուցմունքին եւ Դավիթ Բարոյանի նախաքննությամբ տրված ցուցունքին ընդհանրապես չի անդրադարձել, չի գնահատել եւ համակարգային վերլուծության չի ենթարկել գործով ձեռք բերված մյուս ապացույցների համակցության մեջ»: Բացի այդ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ շարադրել է Դ.Բարոյանի իրական նախաքննական ցուցմունքից կատարված այն նույն մեջբերումները, որոնք դատարանին ներկայացրել էին նոր պաշտպաններս:

Այն փաստը, որ Լիանա Գրիգորյանը թույլ է տվել, որ ընդհանուր իրավասության դատարանում Դ.Բարոյանի ցուցմունքը հրապարակելու որոշման պարագայում այդ՝ ինձ ակնհայտ արդարացնող ցուցմունքն իրականում չհրապարակվի, վկայում է հնարավոր երկու հանգամանքի մասին. առաջին՝ Լիանա Գրիգորյանն իրականում ծանոթ չի եղել քրեական գործի նյութերին ու այդ պատճառով չի պնդել, որ ցուցմունքը հրապարակվի, երկրորդ՝ ծանոթ լինելով ցուցմունքի բովանդակությանը, դիտավորյալ է թույլ տվել անգործություն, որպեսզի ես դատապարտվեմ:

Երկու պարագայում էլ ակնհայտ է, որ փաստաբան Լիանա Գրիգորյանի կողմից թույլ տրված, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին հակասող անգործության հետեւանքով չի հրապարակվել ինձ արդարացնող ապացույցը, փոխարենը հրապարակվել է ինձ մեղադրող, գույություն չունեցող «ապացույց», որն էլ դրվել է մեղադրանքիս հիմքում: 

Հատկանշական է, որ փաստաբան Լիանա Գրիգորյանը նշված նախաքննական ցուցմունքին չի ծանոթացել, դրա իրական բովանդակությունը չի ներկայացրել նաեւ հետագայում՝ ոչ պաշտպանական ճառ արտասանելիս, ոչ էլ վերաքննիչ բողոք կազմելիս:

ԵՎ այսքանից հետո ինձ համար խիստ զարմանալի էր մամուլում ծանոթանալ փաստաբան Լիանա Գրիգորյանի կողմից սոցիալական ցանցում արված գրառումից ինչ-որ մեջբերումների, որտեղ նա լռելու փոխարեն, դեռ փորձում է հոխորտալ, այդպես էլ չհասկանալով իր կողմից թույլ տրված կոպիտ սխալը, որի պարագայում ես անարդարացիորեն կարող էի դատապարտվել:

Հայտնելով վերոգրյալը, խնդրում եմ Ձեզ փաստաբան Լիանա Գրիգորյանի նկատմամբ հարուցել  կարգապահական վարույթ «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 2.6.1, 2.7.1, 2.7.2 եւ 3.5.3 կետերի հատկանիշներով:

Հույս ունեմ, որ համապատասխան պատիժ ստանալուց հետո Լիանա Գրիգորյանը կփոխի իր վարքագիծը, եւ չի խաղա ինձ նման շատ այլ մարդկանց ճակատագրերի, ինչպես նաեւ Հանրային պաշտպանի գրասենյակի անվան հետ»,- ասվում է դիմումում:

Տպել
Ամենաշատ