News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը եւ ՀՀ կառավարության 2015-ի հուլիսի 2-ի՝ «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» թիվ 736-ն որոշումը (https://www.e-gov.am/gov-decrees/item/26002/)՝  Արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից  ՀՀ արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին:

Արդարադատության նախարարության հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվող թեկնածուների ցուցակը (այսուհետ` ցուցակ) հաստատվում է իրավապաշտպան գործունեություն իրականացնող առնվազն հինգ հասարակական կազմակերպության համատեղ արձանագրությամբ (այսուհետ` արձանագրություն), թեկնածուի գրավոր համաձայնության հիման վրա: Արձանագրությամբ հասարակական կազմակերպություններն իրենց կազմից ընտրում են փաստաթղթերը ներկայացնող հասարակական կազմակերպությանը։

Ցուցակին ներկայացվող պարտադիր պահանջներն են`

1) ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ թեկնածուի կենսագրական տվյալների ներկայացում,

2) տեղեկատվություն թեկնածուի կրթության եւ հետբուհական աշխատանքային գործունեության մասին:

Արձանագրության բնօրինակը, ցուցակում ընդգրկված անձի գրավոր համաձայնությունը, ինչպես նաեւ յուրաքանչյուր թեկնածուի կենսագրական տվյալների, կրթության եւ հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը հասարակական կազմակերպությունները (նրանց կազմից ընտրված հասարակական կազմակերպությունը) գրավոր դիմումով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ (հասցե` ք. Երեւան, Հալաբյան 41/ա):

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի օգոստոսի 6-ը՝ ժամը 18:00-ն:

Հասարակական կազմակերպությունների կողմից թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթերի ներկայացման դեպքում նախարարության աշխատակազմն առաջարկում  է երկօրյա ժամկետում շտկել թերությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ցուցակը, թեկնածուների կենսագրական, կրթության եւ հետբուհական աշխատանքային գործունեության, ինչպես նաեւ առաջադրած հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվության հետ միասին հրապարակում է նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում:

Ցուցակի հրապարակումից հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնելու այլ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառնությունը եւ նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների ու արժանիքների բացահայտմանը:

Տպել
Ամենաշատ