News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզում համայնքների միջեւ կառուցվում են ոչ թե ասֆալտե, այլ ավազակոպճային ճանապարհներ, քանի որ այնտեղով շատ  տեխնիկա է անցնում, ինչը վնասում է ասֆալտը, իսկ համայնքների ներսում ճանապարհներն ասֆալտապատվում են: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով աշխատանքային այցով այցելել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր:

Սյունիքի մարզում ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության պատասխանատուները նախարարին ներկայացրին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով այս տարվա հունիսից մեկնարկած միջպետական ճանապարհից դեպի-Շաքի-Սիսիան-Տոլորս-Բնունիս-Տորունիք-Դաստակերտ հատվածի վերականգնման աշխատանքների ընթացքը: Շինհրապարակում ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետը եւ Սիսիանի քաղաքապետը:

17 հազար բնակչությամբ 7 բնակավայրեր Սյունիքի մարզում մինչեւ 2016 թվականի ավարտը կունենան ասֆալտապատ ճանապարհներ: 29 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է երկու հատվածով: Առաջինը՝ Գորիս գնացող միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Շաքի համայնք եւ Սիսիան քաղաքի վերջնամասը ձգվող հատվածն է: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ օգոստոսի 20-ի դրությամբ 9.94 կմ ընդհանուր երկարությամբ հատվածից 7.2կմ-ն արդեն ասֆալտապատվել է, ինչը թույլ է տալիս ասելու, որ ճանապարհը շահագործման կհանձնեն նախանշված ժամկետից շուտ: Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրի արժեքը 1մլդ 271 մլն դրամ է:

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներն աննախադեպ են ինչպես իրենց աշխարհագրությամբ, այնպես էլ կառուցման ծավալով, որակով ու կիրառվող տեխնոլոգիաներով:

Նախարարի խոսքով՝ համայնքների միջեւ կառուցվում են ավազակոպճային ճանապարհներ, քանի որ այնտեղով շատ  տեխնիկա է անցնում, ինչը վնասում է ասֆալտը, իսկ համայնքների ներսում ճանապարհներն ասֆալտապատվում են. «Ավազակոպճայինի դեպքում վնասը շատ ավելի քիչ է լինում եւ ավելի հեշտ է վերականգնվում։ Այդպես մենք կարողանում ենք ավելի շատ գումարներ տնտեսել՝ համայնքների տարածքում ասֆալտապատում կատարելու համար։ Այսինքն՝ համայնքի ներսում կլինի ասֆալտ, համայնքից համայնք՝ ավազակոպճային ճանապարհ»։

Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնող գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերության ներկայացուցիչը եւս նշեց, որ ավազակոպճային ճանապարհն ավելի  նպատակահարմար է եւ կարող է ծառայել 10 եւ ավելի տարիներ:

Գագիկ Բեգլարյանը կանգ առավ նաեւ Սիսիան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, ծանոթացավ իրականացված աշխատանքների որակին: Այստեղ արդեն ավարտվել են ինչպես ասֆալտի տեղադրման, այնպես էլ ճանապարհամերձ եզրաքարերը նոր բազալտե քարերով փոխարինելու, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Նախարարը բարձր գնահատեց հատկապես իրականացված ասֆալտի որակը:

Տոլորս համայնքում նախարարին դիմավորեցին բնակիչները։ Այս գյուղում վերջին անգամ ճանապարհը հիմնանորոգվել է խորհրդային տարիներին:

450 բնակիչ ունեցող Տոլորսը Սիսիանի ամենամեծ համայնք է:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ բնակիչներն ամիսներ առաջ մարզպետի միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էին դիմել  խնդրանքով՝ գյուղի փողոցները ասֆալտապատելու համար:

«Ես այստեղ եմ գտնվում հանրապետության նախագահի հանձնարարականով։  Հաշվի առնելով հանրապետության Նախագահի հանձնարարականը եւ գյուղի բնակչության խնդրանքը, գյուղի փողոցները անպայման կասֆալտապատվեն»:

Նախարարը գյուղացիների ուղեկցությամբ շրջեց հիմնանորոգվող ճանապարհահատվածով, ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Տոլորս համայնքով անցնող ճանապարհը շարունակվում է դեպի Բնունիս-Տորունիք-Դաստակերտ համայնքներ, որտեղ եւս այս տարվա հունիսից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ: Այս ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 19 կմ է: Հիմնանորոգման նախագծով նախատեսվում է 14.32կմ երկարությամբ հատվածում իրականացնել ավազակոպճային ծածկ, իսկ 4.77 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում՝ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այստեղ աշխատանքները համատեղ իրականացնում են «Զանգեզուրտրանսշին» եւ «Կամուրջշին» ընկերությունները: Հիմնանորոգման ընդհանուր արժեքը 1մլդ 208մլն դրամ է:

Հանրապետության տարբեր բնակավայրերում այս պահին շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք իրականացվում են ինչպես ՀՀ պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրված 45 մլն դոլար վարկի շնորհիվ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից աշխատանքների արդյունավետ կազմակերպման արդյունքում՝ ծրագրի շրջանակներում նախատեսված 170 կմ-ի փոխարեն կհիմնանորոգվի 36 կմ-ով ավելի՝ 206 կմ ճանապարհ:

Ի դեպ, 2013-2014 թթ. հանրապետության 6 մարզերում շահագործման է հանձնվել 73 կմ ընդհանուր երկարությամբ հիմնանորոգված ճանապարհահատված: 2015թ. կնքվել է 15 կապալի պայմանագիր՝ 12 մլրդ 548 մլն դրամ ընդհանուր արժեքով, ինչի արդյունքում 2015-2016թթ. կհիմնանորոգվի 130կմ ճանապարհահատված: Սակայն, պատասխանատուների գնահատմամբ, մինչեւ այս տարվա ավարտը կիրականացվի նախատեսված աշխատանքների 80-90 տոկոսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը վարչապետին նամակ էր հղել, որտեղ բարձրաձայնել էր Սիսիանի եւ Գորիսի հրատապ խնդիրների լուծմանը հատկացվող ֆինանսական միջոցների անհամաչափության մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավագանու անդամը հայտնեց, որ կառավարությունը Սիսիանին 36 մլն դրամ է տրամադրել, իսկ Գորիսին՝ 130 մլն դրամ:

«Վիրավորական է, մոտ 100 մլն դրամի տարբերություն է: Սիսիանին հատկացվել է 36 մլն դրամ, որից 20 մլն-ը՝ հիվանդանոցի վերանորոգման համար, իսկ մնացած 16 մլն-ը՝ բակերի ասֆալտապատման: Մինչդեռ Սիսիանում բակերի ասֆալտապատումը լուրջ խնդիր է եւ իմ մտահոգությունն է, որ քաղաքի բոլոր բակերն ասֆալտապատվեն: Համեմատության համար նշեմ, որ Գորիսի մեկ թաղամասի ասֆալտապատման համար 60 մլն դրամ է հատկացվել»,- ասել էր Սրբուհի Գրիգորյանը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով NewsBook-ին, հայտնել էր, որ այդ նամակի հետ կապված Սիսիան է գալիս Սուրիկ Խաչատրյանը եւ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից սկսում է պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման բովանդակությամբ նամակ գրվել վարչապետին: Բանը հասնում է նրան, որ քաղաքապետը ստիպված է լինում բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, ինչի արդյունքում՝ Լիսկային օգնության են հասնում վերջինիս՝ դրսում սպասող թիկնապահները: Սկսվում է ծեծկռտուք, որից հետո մարզպետը լքում է Սիսիան քաղաքը:

Աղասի Հակոբջանյանը մեզ հետ զրույցում հերքել է, որ մարզպետի եւ իր միջեւ ընդհարում է տեղի ունեցել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մ-6-Աթան ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (վիդեո)
Այս պահի դրությամբ կատարվում են հողային աշխատանքներ‚ որոնք մոտ...
Իտալացի գործընկերներն այսօր կհետևեն Թալին-Լանջիկ‚ Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինաշխատանքներին
Հանդիպման ընթացքում տեխհսկողություն իրականացնող թիմի ներկայացուցիչը մանրամասն տեղեկացրեց Տրանշ-3-ի առաջին և երկրորդ լոտերում ներկա վիճակը...
Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը կարծում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումից հետո դրա ծանրաբեռնվածությունը կպահանջի դուրս բերել տեղական երթևեկությունը...
Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ. Նիկոլ Փաշինյան
2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար...
Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում...
Ձնահոսքի իջնելու պատճառով Վերին Լարսի ճանապարհը երկու ուղղություններով փակ է
Կարծում եմ՝ ճանապարհը մինչև երեկո կբացվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ