News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոն ընտանիքը միավորող արժեքներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ողջունել է հյուրին՝ նշելով, թե ուրախ է, որ հանդիպումը կայանում է հենց Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նիստի շրջանակներում: Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի հերթական հանդիպումը մեր երկրում, Հանրապետության նախագահի խոսքով, առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար, եւ մեծ պատիվ ու պատասխանատվություն էր հյուրընկալել այդ կարեւորագույն միջոցառումը:

Ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ պետություններից է, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ մեր երկիրը հավատարիմ է ֆրանկոֆոն ընտանիքը միավորող արժեքների խրախուսման իր հանձնառությանը եւ մեծապես կարեւորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաեւ ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ համաժողովի բավականաչափ հագեցած օրակարգի շրջանակներում Երեւանում քննարկվեցին կարեւորագույն հարցեր, իսկ Հայաստանի կողմից առաջադրված թեման, որպես համաժողովի խորագիր, շատ խորհրդանշական էր, կարեւոր ու արդիական:

Նշելով, որ Ֆրանկոֆոնիան ընդհանուր արժեքներ կրող երկրների դաշինք է, որտեղ Հայաստանն ունի իր առանձնահատուկ եւ կարեւոր տեղը, Միկայել Ժանը վստահեցրել է, որ կազմակերպության շրջանակներում նոր հնարավորություններ ու հորիզոններ են բացվում լայն համագործակցության համար: Ըստ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի, Ֆրանկոֆոնիան ամբողջ աշխարհում կարողացել է հաստատվել որպես կարեւոր դերակատար եւ վստահելի գործընկեր, ուստի, անհրաժեշտ է ջանքեր գործադրել կազմակերպության մեծ ներուժը լիարժեք օգտագործելու ուղղությամբ:

Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը տիկին Միկայել Ժանը ներկայացրել է իր պատկերացումները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հեռանկարի, զարգացման մեծ հնարավորությունների եւ այդ գործընթացում Հայաստանի տեղի ու դերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ