Շիրակի մարզում ուժեղացված ծառայությունը կապ չունի հանրաքվեի նախընտրական գործընթացների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով նախկինում ԱԱԾ փոխտնօրեն է եղել։
«Ի՞նչ հսկողություն, ախր բոլոր տեղերում է էդ հսկողությունը իրականացվում, միլիցիային հարցրեք, իրենք կիմանան՝ ինչի համար է»,-ասել է Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ Գյումրիի մուտքի եւ ելքի ճանապարհներին ուժեղացված ծառայություն է իրականացվում:
Այն կարծիքներին, թե այդ արտակարգ իրավիճակը հանրաքվեից առաջ ընդդիմադիրներին, «Ոչ»-ի կողմնակիցներին ահաբեկելու նպատակով է արվում, մարզպետն արձագանքեց․ «Չկա էդպիսի բան, դա բացարձակ կապ չունի հանրաքվեի հետ։ Շիրակի մարզում նորմալ տրամադրություններ են, ամսի 6-ին ամեն ինչ պարզ կլինի»։
Անդրադառնալով դեկտեմբերի 1-ից մեկնարկող «Նոր Հայաստան» ճակատի նախաձեռնած հանրահավաքներին հնարավոր ընդվզումներն այդկերպ նախապես ճնշելու մասին խոսակցություններին, Ցոլակյանն ընդգծել է. «Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Այդ ուժեղացված ծառայությունը կապ չունի հանրաքվեի հետ։ Չգիտեմ՝ ով է մատներին նայում ու ինչ-որ բաներ հնարում, իրենց հարցրեք։ Մեր ժողովուրդը ահաբեկվող ժողովուրդ չի։ Ոնց մտածում է, էնպես էլ կանի»: