Բելառուսը եւ Ադրբեջանը մտադիր են նպաստել իրար միջեւ քաղաքական երկխոսության զարգացմանը, վստահության բարձր մակարդակի, փոխըմբռնման եւ բազմապլան համագործակցության հաստատմանը: Այդ մասին ասված է համատեղ հռչակագրում, որն այսօր ստորագրել են Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:
Երկրների նախագահները, ընդգծելով միջազգային ասպարեզում երկու երկրի միջեւ փոխգործակցության հետագա զարգացման կարեւորությունը, կնպաստեն արտաքին քաղաքականության ոլորտում փոխադարձ աջակցության նպատակով համագործակցության խորացմանը եւ ջանքերի կոորդինացմանը, ասվում է հռչակագրում: Հռչակագրում միաժամանակ հաստատվում է, որ երկու երկրի դիրքորոշումները համընկնում են միջազգային թեմատիկայի շատ հարցերի վերաբերյալ:
Երկրների ղեկավարները նաեւ պայմանագիր են ստորագրել մինչեւ 2025 թվականը Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ սոցիալ-տնտեսական համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթն ուղղված է փոխադարձ շահերի հիման վրա առեւտրա-տնտեսական կապերի հետագա ամրապնդմանն ու դիվերսիֆիկացիային, ինչպես նաեւ երկու երկրի բնակչության կյանքի որակական բարելավմանը: