News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը, ս.թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, ՀՀ նախագահի նստավայրում այսօր երեկոյան հյուրընկալել է բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական եւ քաղաքական գործիչների: Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որի սկզբում առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:

«Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ մենք միասին հատեցինք մի կարեւոր եզրագիծ, որի առաջ կանգնած էինք վերջին երկու տարիների ընթացքում: Խոհեմության, հեռատեսության եւ հավատի լույսը ցրեց անորոշության, կասկածների ու մտահոգությունների մառախուղը: Երեկ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, եւ դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թեւակոխում է իր զարգացման հաջորդ փուլ:

«Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում: Ես փորձել եմ այս բառից որքան հնարավոր է խուսափել: Իմ խորին համոզմամբ, երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք: Հայ ժողովրդի պատմությունն ունեցած մի ազգի համար դա անթույլատրելի շռայլություն է: Ավելին, այս փոփոխությունների հիմնական նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ երկրի ներսում ճակատ-ճակատի դուրս գալու ու կռիվ տալու կարիքը չլինի:

Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կառավարման խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է: Դա նշանակում է ուժեղ իշխանության եւ ուժեղ ընդդիմության առկայություն, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում: Դա նշանակում է նաեւ զարգացած կուսակցական համակարգ, որը ցանկացած ժողովրդավարական պետության կարեւորագույն նախապայմաններից մեկն է: Անցումը խորհրդարանական համակարգին ժողովրդի համար կապահովի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների գործունեության առավել մեծ թափանցիկություն: Այսուհետ հստակեցվում է գործադիր իշխանության պատասխանատվությունը եւ բարձրանում է նրա հաշվետվողականությունը, իսկ դրա գործունեությունը խորհրդարանի եւ ժողովրդի համար դառնում է ավելի կանխատեսելի:

Ի վերջո, այս փոփոխությունները թույլ են տալիս ավելի վստահ լինել մեր պետության անվտանգության ապահովման հարցում: Զինված ուժերի ղեկավարումը եւ օպերատիվ կառավարումն ապահովող սահմանադրական լուծումները թույլ են տալիս արագ եւ արդյունավետ որոշումներ կայացնել թե՛ մեզ համար արդեն սովորական դարձած իրավիճակում, եւ թե՛ ճգնաժամային իրավիճակներում:

Շատ շատերիս հիմնական մտահոգություններից մեկը եղել է ազգային անվտանգության ու պաշտպանության խնդիրների վրա այս փոփոխությունների ազդեցությունը: Հավատացեք, որ այստեղ միլիմետրի ճշգրտությամբ ամեն ինչ հաշվարկել ենք: Հակառակ պարագայում՝ նվազագույն իսկ վտանգի դեպքում, ես ինքս կկասեցնեի այս գործընթացը:

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ կարեւոր էր, որ քարոզարշավի ընթացքում «Այո» էին քարոզում ինչպես Հանրապետական կուսակցությունը, այդպես էլ խորհրդարանում ներկայացված Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաեւ մի շարք այլ կուսակցություններ:

Այդ «Այո»-ն չէր նշանակում, որ մեր մեջ տարաձայնություններ, բանավեճեր եւ սուր քննարկումներ չեն եղել: Թե որքան ենք ունեցել, միայն մենք գիտենք: Այնուամենայնիվ, մենք մշտապես ուժ էինք գտնում մեր մեջ փոխզիջումների գնալու, փոխադարձ ընդունելի տարբերակներ մշակելու:

Վստահ եմ, որ համագործակցության այս շրջանակը շարունակելու է ընդլայնվել՝ հանուն մեր ազգային պետության, հանուն Հայաստանի Հանրապետության:

Այս բարեփոխումը շատ կարեւոր ու նոր հանգրվան է Հայաստանի պետության եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ճանապարհին: Արդիականացված մեր Սահմանադրությանը այժմ պետք է տանք նոր ուժ, նոր միս ու արյուն:

Մեր բռնած ճանապարհը դեռ ավարտված չէ: Ընդհակառակը, մենք այսօր, իսկ նոր ճանապարհի մեկնարկ ենք տալիս:

Սահմանադրության բարեփոխումը պետք է համարժեքորեն արտացոլվի Հայաստանի Հանրապետության ողջ իրավական համակարգի մեջ: Պետք է ընդունվեն մի շարք սահմանադրական օրենքներ, փոփոխություններ պետք է կատարվեն հարյուրավոր օրենքներում:

Այսօր եւեթ պետք է լցվենք աշխատանքի, որպեսզի պատրաստենք նոր Ընտրական օրենսգիրք: Այդ աշխատանքը պետք է ավարտած լինենք մինչեւ 2016թ. հունիսի 1-ը, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ:

Մենք պատրաստ ենք ամենաբաց եւ ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձեւաչափերում, որպեսզի ի վերջո ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը: Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը եւ մեզ հետ հավասար կլծվեն այս կարեւոր աշխատանքին:

Մենք մեր հերթին պատրաստ ենք աշխատել, որպեսզի նոր Ընտրական օրենսգիրքը համապատասխանի միջազգային լավագույն փորձին: Մենք քաջ գիտակցում ենք, որ առաջիկա ընտրությունների որակով է առավելապես պայմանավորված մեր պետության, մեր ժողովրդի վաղվա օրը: Ուստի եւ, աշխատելու ենք բաց եւ թափանցիկ, քանի որ ամենաթանկն ենք համարում վստահությունը եւ դրա ամրապնդումը:

Անկեղծ երկխոսությունը, երկրում հանրային կյանքի կարգավորման ոլորտում առկա խնդիրների լուծումը մեր երկրի զարգացման նախապայմաններն են:

Այսօր մեզ անհրաժեշտ է վստահություն ոչ միայն քաղաքական ուժերի միջեւ, այլեւ հանրության մեծ վստահություն քաղաքական ուժերի հանդեպ: Միայն այդ կերպ քաղաքական ուժերը կկարողանան կայանալ՝ որպես փոփոխություն իրականացնելու գործում հանրության լիազոր ներկայացուցիչներ: Ազգային ժողովը պետք է դառնա գաղափարական բանավեճերի, երկրի համար կարեւորագույն լուծումներ գտնելու թիվ մեկ հարթակը:

Ընտրությունների արդյունքում չպետք է լինեն ամեն ինչ ստացողներ, եւ ամեն ինչ կորցնողներ:

Եվ այսօր, երբ մենք միասին կանգնած ենք նոր ճանապարհի սկզբին, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս երկու տարիների ընթացքում իրենց ջանքերով եւ նվիրվածությամբ նպաստել են գործընթացին: Ես շնորհակալություն եմ հայտնում մասնագիտական հանձնաժողովի նախագահին, անդամներին իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի եւ սկզբունքայնության համար: Շնորհակալություն բոլոր այն քաղաքական ուժերի ղեկավարներին եւ ներկայացուցիչներին, այն անհատ քաղաքացիներին, ովքեր հավատացին ու սատարեցին այս նախաձեռնությանը: Շնորհակալություն հանրաքվեի գործընթացի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը մասնակցած բոլոր անձանց: Սա մեծ ու ընդգրկուն աշխատանք էր, որը մենք անցանք ուս ուսի:

Այս ընթացքում ես մեկ անգամ չեմ խոսել արդար եւ թափանցիկ հանրաքվե անցկացնելու կարեւորության մասին: Մի բանում առավել քան վստահ եմ. իրավապահ մարմիններն ամեն ինչ արեցին, որ այս համապետական միջոցառումն անցնի բնականոն հունով: Այժմ արդեն իրավասու մարմինները պետք է պատշաճ ընթացակարգերի շրջանակներում օրենքի տառին եւ ոգուն համապատասխան գնահատականներ տան խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին: Սա իսկապես կարեւոր է վաղվա համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր արդեն մենք շատ ավելի պատրաստ ենք արդյունավետ պետության կայացման ճանապարհի հաջորդ քայլերն իրապես ամուր դնելու համար: Վստահ եմ, որ կարողանալու ենք արդեն քառորդդարյա պետականության փորձով իմաստնացած՝ տարբերակել մնայունը անցողիկից, կարեւորը՝ երկրորդականից: Եվ, ամենակարեւորը, վստահ եմ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ թերեւս առաջին անգամ կարողանալու ենք իշխանությունը դարձնել ոչ թե ունակ ուժերն իրարից բաժանելու, այլ դրանք իրար միացնելու գործոն: Պետության ամրությունը պայմանավորված է ոչ թե սոսկ իշխանությունների մտադրություններով, անկեղծ ցանկություններով ու խոստումներով, այլ դրանք իրականություն դարձնելու կայուն համակարգի գոյությամբ: Մենք գործուն եւ տրամաբանական համակարգի կայացման առաջին, բայց կարեւոր քայլն արդեն արեցինք: Մյուս բոլոր քայլերն էլ ենք միասին անելու ու միասին ենք մեր սերունդներին թողնելու արդյունավետ պետություն:

Շնորհակալություն բոլորին դրա համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ