ՀՀ ԳԱԱ նախագահությունն օրերս հավանություն է տվել ՀՀ ԳԱԱ-ի Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2015թ-ի հաշվետվությանը:
Հանձնաժողովում 2015թ-ին քննարկվել են մասնավորապես հետեւյալ հարցերը՝
• Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի տեղեկատվության հավաքագրման նպատակով մշտադիտարկումների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման հետ կապված խնդիրները
• Արփա-Սեւան թունելի հիմնանորոգման կատարման ընթացքը
• «Բլեքստերգ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նավթի եւ գազի երկրաբանական հետազոտական աշխատանքների նախնական գնահատման հայտը
• Սեւանա լճից ոռոգման նպատակով 2015թ-ի ջրի բացթողման հարցը եւ հավանություն է տվել 170 միլիոն խմ ջրբացթողման հայտին
• «Սեւանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը
• Սոթքի ոսկու բաց հանքավայրի թափոնների հավաքման խնդիրը
• Կարճաղբյուր համայնքի ավտոմայրուղու ջրածածկվող հատվածի տեղափոխման խնդիրը
• Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի խնդիրը եւ դրանց վերացման պայմանները
• Սեւանա լճի ջրհավաք ավազանի ջրածածկվող տարածքներում անտառահատման եւ թափոնների մնացորդների՝ ջրի որակի վրա բացասական ազդեցության եւ կանխարգելման միջոցառումները
• Սեւանա լճի ձկնատեսակների եւ խեցգետնի, այլ ջրային եւ ցամաքային բույսերի եւ կենդանիների արհեստական եւ բնական վերարտադրության տեխնոլոգիական վերակառուցումների խնդիրները:
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Գեղարքունիքի մարզի Կութի ոսկեբեր տեղամասի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրին, Ջիլի կոնգլոբրեչիաների հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ հայտին: