News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պետք է կոշտ գործիքներ կիրառել, որպեսզի Ազգային ժողովում ուրիշի փոխարեն քվեարկությունը բացառվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, Հայաստանի ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ հավելելով, որ ինքը սակայն չգիտի, թե ինչպիսին պետք է լինեն այդ գործիքները:

«Կոշտ գործիք ասելով, ես նկատի ունեմ այն, որ Էթիկայի հանձնաժողովի որոշումն ընդամենը ի գիտություն է ընդունվում խախտողի կողմից: Որոշում է կայացվում՝ խախտե՞լ է էթիկայի նորմերը, թե չի խախտել, իսկ դա կարծում եմ, կոշտ գործիք չէ եւ արդյունավետ չէ»,-ընդգծեց Հովհաննես Մարգարյանը:

NEWS.am-ի հարցին, թե տաբերություն կա՞ պատգամավորը էթիկայի նորմերը խախտել է, սպառնալիքներ է հնչեցրել ԱԺ միջանցքներո՞ւմ, թե թե ֆեյսբուքում, ՕԵԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե երկու դեպքում էլ դա դիտվում է սպառնալիք եւ պետք է պատասխանատվության ենթարկվի, ուրեմն տարբերություն չկա»:

Անդրադառնալով հարցին, թե որքանով կարող է իր քվեարկություններում անաչառ լինել Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, հաշվի առնելով, որ հանձնաժողովում քննարկվում է նաեւ նրա՝ ուրիշի փոխարեն քվեարկելու հարցը, Հովհաննես Մարգարյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ անաչառ կլինի, բայց նաեւ կարծում եմ, որ ուրիշի փոխարեն քվեարկելն ու ուրիշի փոխարեն ստորագրելը նույն բանն է եւ անընդունելի է:

Նշենք, որ Էթիկայի հանձնաժողովի նիստում այսօր՝ փետրվարի 15-ին քննարկվել է մի շարք պատգամավորների՝ այլոց փոխարեն քվեարկելու, ինչպես նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցը՝ կապված ֆեյսբուքյան գրառման հետ:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:

Սույն խոսակցությունն սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը Արցախում զինծառայողի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից...»:

Այս առնչությամբ հունվարի 13-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ