ԵԽԽՎ նախագահի եւ հայկական պատվիրակության ղեկավարի միջեւ տեդի ունեցած հանդիպմանն այսօր՝ ապրիլի 20-ին, քննարկվել են ԵԽԽՎ նախագահի այն քայլերը, որոնք կատարվել են վերջին ամիսների ընթացքում, եւ այն գործողություններին, որ նա ցանկանում է նախաձեռնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հանդիպմանը Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող որեւէ հարց չի քննարկվել:
«Մենք մշտապես ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկման մեկ հարթակ ենք տեսնում, եւ դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Ղարաբաղի հարցի հետ կապված ԵԽԽՎ նախագահը որեւէ գործողությունների առաքելություն չունի»,-ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը՝ հիշեցնելով, որ ԵԽԽՎ 44 պատվիրակություններ ստորագրել են հայկական կողմի այն հայտարարությունը, ինչը փաստում է, որ ԵԽԽՎ գործընթացներում Ղարաբաղյան հարցի քննարկման հնարավորություն չկա:
Նշենք, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն իր թվիթերյան էջում գրել էր, որ հանդիպել է Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների ղեկավարներին, քանի որ ոչ մի հակամարտություն առանց երկոսության չի կարող լուծվել: