Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Կատաժինա Պելչինսկա-Նալենչը Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել, ինչը կապված է այն բանի հետ, որ լեհական իշխանությունները ռուսաստանցի մոտոցիկլիստներին` Հաղթանակի օրվան նվիրված մոտոմրցավազքի մասնակիցներին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը ժամանակին տեղեկացրել է եվրոպական այն երկրների կառավարություններին, որոնց ճանապարհներով ընթանում են բայքերները:
Ավելի վաղ Մոսկվայում լեհական դեսպանատան մամուլի քարտուղար Բարտոշ Ցիխոցկին հայտնել էր, որ Լեհաստանը թույլ չի տա, որ ռուսաստանյան «Գիշերային գայլեր» մոտոակումբի մոտոցիկլիստներն անցնեն իր տարածքով, հայտնում է Լեհաստանի Ռադիոն: http://www.radiopolsha.pl/:
Ապրիլի 29-ի առավոտյան «Գիշերային գայլերի» խումբը Մոսկվայից ճամփա է ընկել, որ Բելառուսով, Լեհաստանով, Սլովակիայում, Չեխիայով եւ Ավստրիայով մայիսի 9-ին հասնի Բեռլին:
Ավելի վաղ ռուսաստանյան «Գիշերային գայլեր» մոտոակումբի լատվիական բաժանմունքի ղեկավար Իգոր Լակատոշը ներառվել էր Լատվիայի սեւ ցուցակում եւ հանրապետությունից արտաքսվել Ռուսաստան: