Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է քվեարկության իրավունք ունեցող ավելի քան 17 մլն մարդու 59 տոկոսը: Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալների համաձայն, քվեարկածների 56 տոկոսը տղամարդիկ են, 44 տոկոսը` կանայք: Երկրորդ փուլի ընթացքում Իրանում առաջին անգամ բյուլետենների էլեկտրոնային հաշվարկ է իրականացվել, ճշտել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Այս պահին հաշվարկված են ձայները պատգամավորական 68 մանդատից 51-ի համար, որոնց վերաբերյալ քվեարկություն է ընթացել: Վերջնական արդյունքները կարող են հրապարակվել մի քան ժամից:
Մեհր գործակալության նախնական տվյալների համաձայն, այս պահին բարենորոգիչները 68 մանդատից 34-ն են ստանում, պահպանողականները կամ իսլամական հեղափոխության կոշտ քաղաքականության հետեւորդները` 22, անկախ թեկնածուները` 11: Եվս մի պատգամավոր խորհրդարան է անցել եւ բարենորոգիչների ցուցակով, եւ պահպանողականների: Այսպիսով, նախնական տվյալների համաձայն, բարենորոգիչները 290 տեղանոց խորհրդարանում ստանում են 122 տեղ, պահպանողականները` 84, անկախ թեկնածուները` 82: Եվս երկու խորհրդարանական մեջլիս են մտնում եւ պահպանողականների, եւ բարենորոգիչների ցուցակներով:
Ընտրությունների երկրորդ փուլում քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի` Իսլամական Հանրապետության 21 նահանգում:
Խորհրդարանում տեղերի համար պայքարել է 136 թեկնածու, որոնք առաջին փուլում պարզ մեծամասնություն էին ստացել, բայց չէին հավաքել ընտրողների ձայների քառորդից ավելին:
Մեջլիսի 10-րդ գումարման առաջին նստաշարջանը կսկսվի մայիսի 27-ին: