Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչությունում համարում են, որ G8 ձեւաչափն ընդմիշտ անցյալում է մնացել, գրում է Spiegel-ը:
Պարբերականի տվյալներով, գերմանական իշխանությունները վստահ են, որ Ռուսաստանի մասնակցությամբ նման բանակցային ձեւաչափի վերականգնումն անհնար է, քանի որ Մոսկվան չի կարողանա կատարել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են «Մեծ ութնյակ» վերադառնալու համար:
«G8 ձեւաչափը մեռած է», — իշխանությունների հայտարարությունն է մեջբերում Spiegel-ը:
Բացի այդ, ԳԴՀ-ի կանցլերի գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի վերադարձի դեմ է հանդես գալիս Վաշինգտոնը:
Ավելի վաղ ԳԴՀ-ի ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ շուտով կհաջողվի G7 ձեւաչափից անցնել G8-ի` ընդգծելով, որ ոչ մի խոշոր միջազգային հակամարտություն հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի:
Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը նշել է, որ «մեծ ութնյակի» ձեւաչափին Ռուսաստանի մասնակցության վերականգնումն ավելի անհրաժեշտ է Արեւմուտքին, որովհետեւ G7-ը վերածվել է «ԱՄՆ-ի բարեկամների ակումբի»:
«Յոթնյակը» Ռուսաստանի հաշվին ձեւականորեն ընդլայնվել է 1998-ին ` դառնալով G8, սակայն այդ բանակցային ձեւաչափին փաստացի մասնակցությունն ավելի վաղ էր սկսվել: 2014-ին Ուկրաինայի շուրջ դեպքերի ֆոնին ակումբի ներկայացուցիչները որոշեցին չմասնակցել Սոչիում G8 գագաթնաժողովին եւ հավաքվեցին Բրյուսելում:
2014-ին Ռուսաստանը հենց նախագահում էր «ութնյակում», գագաթնաժողովը պիտի տեղի ունենար Սոչիում: G7-ի մասնակիցները (Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան) հայտնել են, որ չեն ուզում Ռուսաստանի հետ նիստի մասնակցել, քանի դեռ Մոսկվան չի փոխել քաղաքականությունը Ղրիմի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: