News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազատին հանդիպում ենք Հադրութում. խանութի աշխատողները հուշում են` ապրիլի 4-ին զոհված պայմանագրային զինծառայող Նվեր Սիմոնյանի եղբայրն է: Ազատի հետ միասին բարձրանում ենք Թաղասեր գյուղ, որտեղ էլ գտնվում է Սիմոնյանների տունը:

Նեղլիկ ճանապարհով Ազատը մեզ երկհարկանի շինություն է ուղեկցում: Տուն մտնելով՝ ձայն է տալիս մորն ու նստում պատուհանի մոտ: Ազատը երիտասարդ է, բայց հայացքն այնպիսին է, ասես մի ամբողջ կյանք է ապրել: Նա մեզ հետ չի զրուցում, քրոջը խնդրում է սուրճ պատրաստել, ինքը լուռ ծխում է՝ հայացքը դեպի դիմացի սարերը:

Ներսից երեխայի լացի ձայն է լսվում, հետո կտրվում, սենյակից դուրս է գալիս տիկին Սուսաննան փոքրիկ երեխան գրկին:

«Նվերը մեծս էր, 26 տարեկան, փոքրս էլ սա է` Գոռս, չորս տարեկան է: Ամուսինս Արցախյան պատերազմի մասնակից է, հաշմանդամ, տարիներ շարունակ ավերված տան մեջ ենք մնացել, մինչեւ Գոռս ծնվեց, ու էս տունը ստացանք»,- սկսում է տիկին Սուսաննան:

Սիմոնյաններն ունեն վեց երեխա` հինգ տղա եւ մեկ աղջիկ: Տունը ստացել են միայն մեկ տարի առաջ: Թեեւ ընտանիքի հայրը` Սարո Սիմոնյանը, բազմիցս դիմել էր իշխանություններին` որպես բազմազավակ ընտանիք տուն ստանալու խնդրանքով, Գոռի ծնվելուց հետո են միայն տուն ստացել, այն էլ ոչ վերանորոգված, թեեւ խոստացել էին:

«Նվերս  շատ էր ուզում աշունն ամուսնանալ, մի կերպ վարկ էր ձեւակերպել, որ մեր դիմացի քարուքանդ տունը սարքի, հետո ամուսնանա: Նշանվել էին արդեն, բայց չհասցրեց տղաս»,- ասում է տիկին Սուսաննան:

Նվերն ու Ազատը մի քանի տարի առաջ ծառայության էին մտել Պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Տիկին Սուսաննան որդիների մասին շատ չէր անհանգստանում. համոզված էր` իր խիզախ եւ ուժեղ տղաներին ոչինչ չի պատահի. «Մեկ-մեկ ասում էի` Նվեր ջան, թող արի, ինքն էլ թե` մամա ջան, բա ով պաշտպանի իմ հողը»:

Ապրիլի 2-ին վաղ առավոտյան եղբայրները մեկնում են առաջնագիծ, բայց մորը ոչինչ չեն ասում: Նվերն ապրիլի 3-ին զանգում է մորը, վստահեցնում, որ իրենք առաջին գծում չեն, ամեն ինչ լավ է:

«Ապրիլի 4-ն էր, ասացին՝ Նվերը վիրավոր է, չհավատացի, ինձ թվաց` Ազատիս է բան պատահել: Նվերիս վրա վստահ էի, շատ դուխով էր: Երբ ուշքի եկա, տեսա` տանը լիքը մարդ... հետո ասացին, որ Նվերս էլ չկա…»:

Նվերը զոհվել է եղբոր` Ազատի գրկում: Երկու տանկ խփելուց հետո Նվերը պահանջել է, որ եղբայրը հետ քաշվի, քիչ անց Ազատը լսել է եղբոր` օգնություն կանչող ձայնը. «Ազատս մոտեցել է եղբորը, մտածել է` վիրավոր է, չի պատկերացրել, որ եղբայրը հենց իր ձեռքերի մեջ է մահանալու…»:

Տիկին Սուսաննան զարմանում է` ինչպես կարող էր «Աստծո տված Նվերը» զոհվել: 1990թ. օգոստոսին երիտասարդ կնոջը ծանր վիճակում զինվորականների ուղեկցությամբ Թաղասերից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ միայն բժշկի մեծ ջանքերի շնորհիվ լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. «Բժշկին ասացի` սա նվեր է, բժիշկը փրկեց ինձ ու երեխայիս»:

Ապրիլի 4-ից Ազատը հարազատ գյուղում է, բայց շարունակում է մտածել ծառայության վերադառնալու մասին: Մի քանի օրից Պաշտպանության բանակում ծառայության կանցնի նաեւ նրանց երրորդ եղբայրը` Դրաստամատը: Փոքրիկ Գոռն էլ է արդեն մտածում իսկական զենք ունենալու եւ թշնամուն կրակելու մասին:

Նվերս շատ հյուրասեր էր,- հիշում է տիկին Սուսաննան,- ու մեզ համար սեղան գցում այնքան վստահ, որ չենք համարձակվում հրաժարվել: Հետո հանկարծ հիշում է՝ անտառից հավաքած բույսերով իրենց թթվից հաստատ փորձած չենք լինի: - Կտանեք, Երեւանում կուտեք: Բա որտե՞ղ եք հաց ուտում Ստեփանակերտում: Ուտելու բան դնեմ... լավ գոնե պանիր, մածուն… Որդիներին ուղարկում է մեզ համար ցոգոլ քաղելու: - Գիտեմ՝ ջահելները ցոգոլ շատ են սիրում:

Ես մտքումս ժպտում եմ՝ պարզ է, թե ում էր «քաշել» Նվերն այդքան հյուրասեր:

Ավագ սերժանտ Նվերը արձակուրդում է եղել, երբ մարտական գործողություններն սկսվել են, զանգել են, կանչել. լավ դիպուկահար էր, նռնականետորդ, բազմաթիվ շքանշաններ ուներ:  Նվերի հրամանատարը պատմել է, որ հատուկ նշանակության վաշտի զինծառայողներ Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանն ու Ազնավուր Բալայանը զոհվել են ապրիլի 4-ի առավոտյան՝ հակառակորդի տանկի հարվածից՝ երեք օր կռիվ տալուց եւ կարեւոր նշանակության հենակետը պահպանելուց հետո: ԼՂՀ Նախագահի հրամանագրով` Նվեր Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով: 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ