News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Փաստաբանական պալատը շարունակում է կորցնել իր երբեմնի մեծ հեղինակությունը՝ մի շարք փաստաբանների դեմ զանազան դրսեւորումներ ստացող հանիրավի եւ պատվիրված հետապնդումների պատճառով։

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, միանգամից երկու գործ է քննվում։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Փաստաբանական պալատի խորհրդի  որոշումները, որոնց զավեշտալիության փաստին մենք ժամանակին անդրադարձել ենք։

Գործերից մեկը, որով երկրորդ նիստը կայանալու է մայիսի 27-ին, վերաբերում է ֆեյսբուքյան գրառման համար Վարոսյանին հայտնված խիստ նկատողությանը։ Անցած տարվա հունիսին  կայքերից մեկում փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ պատվերով հոդված էր տպագրվել՝ իբր նրանք «գողացել» էին այլ փաստաբանի հաղթանակը։ «Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»,- այդ օրը երեկոյան ֆեյսբուքի իր էջում գրել էր Երվանդ Վարոսյանը։

Երվանդ Վարոսյանի գրառման մեջ որեւէ անուն չկար, ավելին, ըստ Երվանդ Վարոսյանի, միայն  չորս ամիս անց էր պարզվել, որ կեղծանունով գրված հոդվածների հետեւում կանգնած են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն ու նրա մամուլի արդեն նախկին խոսնակ Հայկ Հակոբյանը։ Փաստաբանների պալատում անգամ ներքին քննություն էր իրականացվել եւ ողջ մեղքը բարդվել էր Հայկ Հակոբյանի վրա, ում եւ հայտարարվել էր նկատողություն:

2015թ. դեկտեմբերի 18-ին ՓՊ խորհուրդը նիստ էր գումարել եւ Երվանդ Վարոսյանին, սոցիալական ցանցում կատարված, վերը նշված գրառման համար  խիստ նկատողություն էր հայտնել։

«Փաստաբանների պալատն ու պալատի խորհուրդը «Փաստաբանների վարչություն» չէ ու վարչության պետ չունի. ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ ես ժամը 11-ին ֆեյսբուքում գրառում անում. լավ եմ անում, բա խոսքի ազատությունն ո՞ւր մնաց»,- այս գործով դատարանում տեղի ունեցած առաջին նիստում հարցադրում էր արել Վարոսյանի ներկայացուցիչ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում անգամ փաստաբանին խուզարկելն է արգելված, բայց պալատն իր որոշմամբ ցույց է տալիս, որ ֆեյսբուքում գրառում կատարելիս պետք է տեղյակ պահի իրեն:

Փաստաբանական պալատի շահերն այդ գործով ներկայացնում են ՓՊ փոխնախագահ Արթուր Հովհաննիսյանը եւ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը (վերջինս, ի դեպ, բողոքարկվող որոշումը հաստատողներից մեկն է եղել)։
Նրանք երկուսն էլ որեւէ կերպ չկարողացան ապացուցել, թե Վարոսյանի ֆեյսբուքյան գրառման որ բառն են վիրավորական համարում, ում է վիրավորել Վարոսյանը, եւ թե կա արդյոք որեւէ նորմ, որով արգելված է նման բովանդակության գրառում կատարելը։

Վարոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Գյոզալյանն էլ պատկերավոր համեմատություն արեց. «Օրինակ եթե ես, որպես փաստաբան, հրապարակայնորեն ասում եմ. «տխրահռչակ երկրի չորքոտանիները, հղի լինելով հայկական զինուժից, իրենց պնդուկ ուղեղով կարծում էին, որ հնարավոր է զենքի ուժով խոսել հայոց արծիվների հետ» սա ձեր տված բնորոշմամբ համարվո՞ւմ է վիրավորական արտահայտություն»,- հարցրեց նա պալատի ներկայացուցիչներին, բայց Արթուր Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել այդ հարցին։ Ըստ Գեւորգ Գյոզալյանի, փատսբանական պալատը իր որոշումը կայացնելիս որեւէ ապացույց կամ եզրակացություն չի ունեցել, որ այդ գրառումն արել է փաստաբան Երվանդ Վարոսյանը, կայացված որոշման մեջ նշում չկա որեւէ իրավական ակտի, որով արգելված է նման գրառում կատարելը, չկա անձ, ում, ըստ խորհրդի, վիրավորել է Վարոսյանը։ Գյոզալյանը նշեց նաեւ, որ պատահական չէ իր, ինչպես նաեւ այլ փաստաբանների ներկայությունը այդ նիստին, «Պալատն իր ամբողջ զինանոցը կենտրոնացրել է պատժիչ գործողությունների վրա», եզրակացրեց նա:

Դատական նիստի ընթացքում պալատի ներկայացուցիչ Սիմոն Բաբայանը Գեւորգ Գյոզալյանին հիշեցրեց, թե ժամանակին վերջինս դասավանդել է փաստաբանական դպրոցում, լավագույն դասախոսներից մեկն է եղել, պաշտոն է զբաղեցրել պալատի գիտավերլուծական ստորաբաժանումում: Գյոզալյանի արձագանքից հետո, սակայն, տպավորություն ստեղծվեց, թե Բաբայանը ափսոսաց այդ թեման արծարծելու համար: Փաստաբան Գյոզալյանի բավականին էմոցիոնալ պատասխանից պարզ դարձավ, որ ՓՊ-ում ընդհանուր գծից շեղումներն անթույլատրելի են, ու եթե փաստաբանը ընդհանուր գծին «համահունչ» չի դրսեւորում իրեն, դա կարող է ազդել անգամ փաստաբանական դպրոցում իր դասավանդելու հեռանկարի վրա: Գյոզալյանը շեշտեց, որ ինքը նման դրսեւորումների վառ օրինակ է եւ որ իրեն այլեւս դպրոց չեն հրավիրում հատկապես այդ նկատառումներից ելնելով:

Երվանդ Վարոսյանի մյուս հայցով քննությունը նույն դատարանում շարունակվելու է մայիսի 30-ին: Այս գործը պայմանականորեն կարելի է կոչել «Օձիքի գործ»։ Այդ գործով ՓՊ խորհուրդը Երվանդ Վարոսյանին եւս խիստ նկատողություն էր հայտարարել 2015թ. մայիսի 27-ին ՓՊ խորհրդի սենյակում խորհրդի մեկ այլ անդամ Տիգրան Խուրշուդյանին իբր քաշքշելու համար:

Նախորդ դատական նիստում, սակայն եւս բացահայտվեցին խիստ ուշագրավ փաստեր: Պարզվեց, որ այդ պատժի համար հիմք է հանդիսացել 2015թ.  հուլիսի 2-ին ՓՊ աշխատակից Վիլսոն Մարտիրոսյանի դիմումը, ով, պարզվում է, պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մորաքրոջ որդին է:  Նախագահի այդ ազգականը հայտնել էր, որ մայիսի 27-ին բացել է խորհրդի նիստերի դահլիճի դուռն ու տեսել, որ  խորհրդի անդամներ Տիգրան Խուրշուդյանն  ու Երվանդ Վարոսյանը քաշքշում են միմյանց: Ընդ որում՝ խորհուրդն այդ ժամանակ գտնվել է խորհրդակցական սենյակում, ուր կարող են գտնվել միայն խորհրդի անդամները: 

Երվանդ Վարոսյանի շահերը դատարանում ներկայացնում են ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը:

Նիստի սկզբում Երվանդ Վարոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրել էր  այն փաստին, որ Արա Զոհրաբյանի ազգականն իր դեմ դիմում է ներկայացրել միայն ենթադրյալ դեպքից 5 օր անց, եւ որ այդ օրերի ընթացքում խորհրդի այդ նիստին ներկա խորհրդի անդամները  որեւէ դիմում չեն ներկայացրել ո՛չ փաստաբանների պալատին եւ ո՛չ որեւէ այլ մարմնի: Ըստ փաստաբանի՝ շատ էական հանգամանք է, այն որ շուրջ մեկ տասնյակ փաստաբաններ՝ նման գործողությունների դիմելու անհրաժեշտություն առաջացնող միջադեպի ականատես չեն եղել իրականում: Վարոսյանը շեշտեց նաեւ, որ բացի Արա Զոհրաբյանի ազգականից, գործով որպես վկա է ներգրաված նաեւ նրա անմիջական աշխատակիցը՝  Նոնա Համբարձումյանը:  Այս փաստերը դատական նիստի ընթացքում չհերքեցին ՓՊ-ն ներկայացնող Արթուր Հովհաննիսյանն ու Սիմոն Բաբայանը:

«Այդ օրն իմ բոլոր գործողություններով հենց ես եմ բարձր պահել փաստաբանի անունն ու համբավը եւ հարգալից եմ եղել փաստաբանների նկատմամբ»,- հայտարարել էր Երվանդ Վարոսյանը: Նա հայտնեց, որ դեռեւս կարգապահական վարույթի ընթացքում է բացատրություն ներկայացրել խորհրդին, հայտնելով, որ այդ օրն իր բոլոր գործողությունները եղել են իրավաչափ ու համաչափ: ՓՊ խորհրդի նիստի ընթացքում էլ Վարոսյանի ներկայացուցիչ փաստաբանները պնդել էին, որ խորհուրդը պարտավոր է քննության առարկա դարձնել նաեւ միջադեպին նախորդած գործողույունները, պարզելու համար, թե արդյոք Երվանդ Վարոսյանը գործել է իրավաչափ, թե ոչ, որը սակայն տեղի չի ունեցել:

Վարոսյանը հարց հնչեցրեց, թե ի՞նչ է արվել՝ պարզելու նկարագրվածին նախորդած գործողությունները, թե արդյոք ինքը կարգապահական պատասխանատվության կենթարկվեր նաեւ այն դեպքում, եթե իր գործողություններով կանխած լիներ, օրինակ՝ սպանության փորձ:  Հնչած հարցը, սակայն, մնաց անպատասխան:

Հայցվոր կողմը դատարանին հայտնեց, որ այդ նպատակով բացարկ են հայտնել խորհրդի մի շարք անդամների, ինչը հնարավորություն կտար նրանց հարցաքննելու որպես վկաներ ու պարզելու, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել խորհրդի նիստերի դահլիճում:

Արամազդ Կիվիրյանը նշեց, որ խորհրդի մի շարք անդամներ չեն եղել անկախ ու օբյեկտիվ, նրանցից Կարեն Մեժլումյանը, Մարտուն Փանոսյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը եւ Նելլի Հարությունյանը տարբեր պաշտոններ են զբաղեցնում ՀՀ Փաստաբանների պալատում, Հանրային պաշտպանի գրասենյակում եւ Փաստաբանական դպրոցում, ինչը ողջամիտ կասկած է հարուցել նրանց անկողմնակալության եւ գործի ելքով շահագրգռված լինելու վերաբերյալ:     

Երվանդ Վարոսյանը հիշեցրեց, որ իր դեմ որոշում ընդունելու պահին Նելլի Հարությունյանը եղել է երիտխորհրդի համակարգողը (վերջերս նա նշանակվել է Զոհրաբյանի տեղակալ), Կարեն Մեժլումյանը հանդիսացել է ՓՊ նախագահի տեղակալ, Սիմոն Բաբայանը՝ «Փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրենն է, իսկ Մելանյա Առուստամյանը Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:

«Մենք բացարկի միջնորդություն ներկայացրինք խորհրդի  անդամ  վկաներին, որպեսզի նրանք իրենց տեսածը հայտնեին, դա դառնար ապացույց, եւ այդ պարագայում գուցե եւ ես իմ դիրքորոշումը փոխեի,  այլ կերպ պաշտպանվեի, այլ փաստարկներ ներկայացնեի: Սակայն ոչ. խորհրդի անդամները, լինելով տեղի ունեցած միջադեպի ականատես, ոչինչ չտեսած, իրավիճակից կտրված երկու վկայի ցուցմունքերի հիման վրա, առանց անդրադառանալու  թե ինչու է տեղի ունեցել այն ամենը, եթե առհասարակ տեղի է ունեցել, որոշում են կայացրել»,- նիստի ընթացքում հայտարարեց Վարոսյանը:   

«Վկարներից մեկը գրել է,  թե  նկատել է՝  ինչպես եմ ես քաշում Տիգրան Խուրշուդյանի հագուստից,  իր տպավորությամբ ես նախահարձակ եմ լինում եւ նա պաշտպանվում է: Հաջորդ վկան տեսել է իրավիճակ, որ  Երվանդ Վարոսյանը ձեռքերը կարծես թե ուղղվում են դեպքի Խուրշուդյանի օձիքը: Խիստ կարեւոր է, որ  ո՛չ Տիգրան Խուրշուդյանը ո՛չ նրա օձիքը որեւէ կերպ դիմում չեն ներկայացրել այսինքն՝ այն անձը կամ առարկան, որն, իբր, ես քաշքշել եմ, իր նկատմամբ իմ կողմից արված որեւէ կարգապահական խախտում չի տեսել, ու ես գիտեմ, թե ինչու չի տեսել»,- ասաց Երվանդ Վարոսյանը:     

Վարոսյանը նաեւ հռետորական հարց բարձրացրեց այն մասին, թե ինչու են կարգապահական նույն տույժին ենթարկել նաեւ Տիգրան Խուրշուդյանին:  

«Եթե, ըստ գործի նյութերի ես նախահարձակ եմ եղել ու քաշքշել այդ անձին կամ իմ ձեռքերը մոտեցել են նրա օձիքին: Ի՞նչ խախտում է նա այդ դեպքում թույլ տվել…այս հանգամանքն ինքնին բավարար կլիներ՝ հասկանալու համար իրավիճակը»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Հ.Գ. NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է ՓՊ-ում ստեղծված իրավիճակին, թե ինչպես է Արա Զոհրաբյանը իր նախկին խոսնակի միջոցով հոդվածներ պատվիրել Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ, ապա տարբեր շինծու ձեւակերպումներով կարգապահական վարույթներ հարուցել։

Զավեշտ Փաստաբանական պալատում-2. Հաշվեհարդարը շարունակվում է

Զավեշտ Փաստաբանական պալատում. Փաստաբանն ինքն իր դեմ դիմում է ներկայացրել

Զավեշտ Փաստաբանական պալատում. Վարույթ են հարուցել ֆեյսբուքյան գրառման համար 

Ռուբեն Սահակյան. Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը տհաճ է եւ նման է հետապնդման 

Փաստաբանական պալատում դեռ թեժ է. փաստաբանները հայց են ներկայացրել իրենց դեմ պատվիրված հոդվածների համար 

Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն 

Պալատում արդեն տեւական ժամանակ տիրում է անառողջ մթնոլորտ

Տպել
Ամենաշատ