News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Փաստաբանական պալատի խորհուրդն իր մեծամասնությամբ այսօր որոշել է հաշվեհարդար տեսնել այն մարդկանց նկատմամբ, որոնք տարբերվող կարծիք ունեն»։ Սա փաստաբան Լուսինե Սահակյանի գնահատականն է իր դեմ իրականացված սադրանքին եւ հարուցված կարգապահական վարույթին։

Փաստաբանական պալատը երեկ՝ մարտի 17-ին շարունակեց անցած շաբաթ կիսատ մնացած նիստը, երբ որոշվել էր նիստին հրավիրել դիմող Մարտուն Փանոսյանին եւ գործով վկաներին։ 

Զավեշտ Փաստաբանական պալատում. Փաստաբանն ինքն իր դեմ դիմում է ներկայացրել

Փանոսյանն, իհարկե, չէր ներկայացել, մի դիմում էր գրել, թե արտերկրում է, դիմումին էլ ավելացնելու բան չունի։ Որպես վկա ծանուցված Լիպարիտ Սիմոնյանն էլ չէր եկել, բայց հայտնել էր, որ Լուսինե Սահակյանն իրեն վերագրվող վիրավորական արտահայտությունները չի արել։ Սիմոնյանը նաեւ գտնում է, որ խորհրդի անդամները եւս վկաներ են, ու չեն կարող իրեն հարցաքննել որպես վկա։

Լուսինե Սահակյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը բացարկ հայտնեց խորհրդի անդամ Հարություն Հարությունյանին՝ Եվրոպական կոնվենցիայով, ՄԻԵԴ նախադեպային որոշումներով փաստարկելով, որ նա չի կարող անաչառ քննել գործը, քանի որ Մարտուն Փանոսյանի մտերիմ ընկերն է։ Բաղդասարյանը նաեւ հայտնեց, թե Մարտուն Փանոսյանի մասին իր կատարած ֆեյսբուքյան գրառման համար Հարություն Հարությունյանն անգամ զանգահարել է իրեն ու պարզաբանումներ պահանջել: Խորհուրդը բացարկի միջնորդությունը մերժեց։

Նիստին ներկայացել էր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որը հայտարարեց, թե նոյեմբերի 30-ի նիստում Լուսինե Սահակյանը «Էս ո՞վ են սրանք, արա» արտահայտություն չի արել։ Ավելին, Սիրունյանն այդ նիստում ավելի մոտ է նստած եղել Լուսինեին, քան դիմումատու Մարտուն Փանոսյանը, որը միակն էր, որ իբր բավական հեռվից լսել է ցածր ասված խոսքը։ «Դուք բոլորդ այդ օրն այնտեղ եք եղել, ինչո՞ւ եմ ես վկա։ Մի քիչ աբսուրդ է ստացվում, որ նույն բանը տեսած կամ չտեսած մարդիկ ինձ վկա են կանչում»,- զարմացավ Սիրունյանը։

ՓՊ-ն լսեց եւս երկու «վկաների», որոնք երկուսն էլ պալատի աշխատակիցներ են, Արուսյակ Ֆահրադյանը՝ ընդունարանի գործավարուհին է, Գեւորգ Մկրտչյանը՝ արագ արձագանքման խմբի համակարգողը։ Երկու վկաներն էլ Լուսինե Սահակյանի հարցերի մեծ մասին պատասխանում էին՝ «Չեմ հիշում», բայց «լավ հիշում» էին, որ Լուսինե Սահակյանը ինչ վիրավորական բառեր է ասել Մարտուն Փանոսյանին։ Ավելին, պարզվեց, որ Գեւորգ Մկրտչյանը լարված փոխհարաբերություններ ունի Լուսինե Սահակյանի հետ, քանի որ մեկ այլ գործով փաստաբանների պալատի կողմից ուղարկվել է իբր Նիկոլայ Բաղդասարյանի շահերը ներկայացնելու, փորձել է դատարանին ներկայացնել քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված փաստաթուղթ: «Վկան շատ վիրավորված է, քանի որ ես նրան հորդորել էի կարդալ քրեադատավարական օրենսգիրքը»,- նշեց Լուսինե Սահակյանը։ Պարզվեց, որ այդ փաստաբանը նաեւ ակնհայտ կեղծ ցուցմունք է տալիս։ Վարույթի քննության ժամանակ նա հայտարարեց, թե այդ օրը՝ նոյեմբերի 30-ին ՓՊ-ում էր գտնվում, քանի որ վերապատրաստման դասի պիտի մասնակցեր, մինչդեռ այդ օրը որեւէ դասընթաց չի եղել։

«20 տարուց ավելի ես փաստաբան եմ, եւ այդ ընթացքում կարգապահական վարույթներ չեն եղել, իսկ երբ հակասություններ սկսվեցին ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի հետ, մի քանի վարույթ հարուցվեց մեր նկատմամբ»,- արձանագրեց Լուսինե Սահակյանը եւ հավելեց. «Փաստաբանական պալատի խորհուրդն իր մեծամասնությամբ այսօր որոշել է հաշվեհարդար տեսնել այն մարդկանց նկատմամբ, որոնք տարբերվող կարծիք ունեն»։

Վերջինս նաեւ ներկայացրեց եղելությունը՝ փաստարկելով, որ Պալատում իր դեմ հստակ սադրանք է իրականացվել, իսկ այդ գործում օգտագործել են Մարտուն Փանոսյանին, որին Լուսինե Սահակյանը բնորոշեց որպես անսկզբունքային, փաստաբանական գործունեությունից հեռու մարդ: Ըստ Լուսինե Սահակյանի, երբ Կրոմվել Գրիգորյանի դեմ վարույթի քննությունից դուրս է եկել, որոշ ժամանակ անց խորհրդի սենյակից դուրս է եկել Մարտուն Փանոսյանը, մի քանի անգամ մոտեցել, անհոդաբաշխ արտահայտություններ արել, փորձել է վեճ հրահրել, Լուսինեի բնութագրմամբ, «մտել իր քիթը», անգամ երբ Լ.Սահակյանը պահանջել է հեռանալ ու ինքն է մի կողմ գնացել, Փանոսյանը շարունակել է անթույլատրելի հեռավորության վրա դժգոհություններ արտահայտել։ «Նա ստացել է իր արժանի պատասխանը, բայց ոչ այն արտահայտությունները, որ ձեր վկաներն են ասում։ Ես չեմ ափսոսում իմ արածի համար, եւ ինքնասիրություն ունեցող յուրաքանչյուր մարդ նույն կերպ կպատասխաներ։ Չի ծնվել մեկը, ով Լուսինե Սահակյանի քիթը պետք է մտնի ու նման պատասխան չստանա»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ հավելելով. «Համատարած փաստաբաններին գաղտնալսում են, եւ Պալատը փոխանակ դրանով զբաղվի, նման վարույթներ է հարուցում փաստաբանների դեմ»։

Ի դեպ, երբ վարույթի քննությունն ավարտվեց եւ խորհուրդը պետք է գնար խորհրդակցական սենյակ, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանը սկսեց ելույթ ունենալ՝ ուղղված նիստը լուսաբանող լրագրողներին։ Լուսինե Սահակյանը նախագահող Կարեն Սարդարյանից պարզաբանում խնդրեց, թե ինչ գործողություն է հիմա կատարվում: Սարդարյանը ցնցող պատասխան տվեց, թե վարույթը մրցակցային է, խորհրդի անդամին էլ  թույլատրել է խոսել, քանի որ պատասխանողը խոսել է: Փաստացի, խորհրդի անդամը մի նիստում երեք տարբեր կերպարներով էր մասնակցում՝ դատավորի, վկայի եւ կողմի։

Ի վերջո, խորհուրդը գնաց խորհրդակցական սենյակ եւ որոշում կայացրեց Լուսինե Սահակյանին նկատողություն հայտնել եւ լրացուցիչ տույժ նշանակել՝ իր հաշվին 8 ժամ դեոնթոլոգիայի դասընթացների մասնակցելու տեսքով։

Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անպայման դատական կարգով բողոքարկելու են խորհրդի որոշումը՝ այն «ակնհայտ ապօրինի որակելով»։

Հ.Գ. NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է ՓՊ-ում ստեղծված իրավիճակին, թե ինչպես է Արա Զոհրաբյանը իր նախկին խոսնակի միջոցով հոդվածներ պատվիրել Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ, ապա տարբեր շինծու ձեւակերպումներով կարգապահական վարույթներ հարուցել։

Զավեշտ Փաստաբանական պալատում. Վարույթ են հարուցել ֆեյսբուքյան գրառման համար 

Ռուբեն Սահակյան. Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը տհաճ է եւ նման է հետապնդման 

Փաստաբանական պալատում դեռ թեժ է. փաստաբանները հայց են ներկայացրել իրենց դեմ պատվիրված հոդվածների համար 

Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն 

Պալատում արդեն տեւական ժամանակ տիրում է անառողջ մթնոլորտ

Տպել
Ամենաշատ