News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Տաջիկստանի հարաբերություններն ավելի խորացնելու համար որեւէ խոչընդոտ գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը ողջունել է հյուրին եւ հույս հայտնել, որ նրա այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացմանը եւ տարբեր ոլորտներում առկա համագործակցության մեծ ներուժի լիարժեք օգտագործմանը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների:

Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել երկկողմ շփումներն ու փոխգործակցությունը, ընդգծելով, որ բարեկամ Հայաստանի եւ Տաջիկստանի հարաբերություններն ավելի խորացնելու համար որեւէ խոչընդոտ գոյություն չունի, երկու երկրները արդյունավետորեն համագործակցում են ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ միջազգային տարբեր հարթակներում:

Տաջիկստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ նախագահին փոխանցել Նախագահ Էմամոլի Ռահմոնի ջերմ ողջույնները, բարեմաղթանքներն ու երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունը:

Նախարար Ասլովը եւս գոհունակությամբ է խոսել տարբեր կազմակերպությունների շրջանակներում հայ-տաջիկական սերտ համագործակցության մասին, ընդգծելով, որ միջազգային եւ տարածաշրջանային կարեւորագույն հարցերում երկու երկրների դիրքորոշումները հաճախ շատ մոտ են: Երկկողմ հարաբերությունների զարգացման համար նախարարը մեծ դեր է վերապահել հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին, որի աշխատանքը, նրա համոզմամբ, անհրաժեշտ է ակտիվացնել:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: ՀՀ Նախագահը Տաջիկստանի արտգործնախարարին հանգամանորեն ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ