Ֆրանսիաբնակ հայ ֆուտբոլիստ Վահագն Միլիտոսյանը երկու տարի առաջ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի Շվեյցարիայում ընթացող հավաքին: Այն ժամանակ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Ֆրանսիայի երկրորդ լիգան ներկայացնող Լավալում, բայց ուներ փաստաթղթերի խնդիր: Այժմ նա արդեն ունի ֆրանսիական անձնագիր, բայց հանդես է գալիս Սլովակիայի երրորդ դիվիզիոնի «Տոպվար Տոպոլցանի» թիմում: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց ներկայիս մարզավիճակի ու հեռանկարների մասին:
Վահագն, երկար ժամանակ է քեզնից լուրեր չկան: Այժմ հանդես ես գալիս Սլովակիայի երրորդ դիվիզիոնի «Տոպվար Տոպոլցանի» թիմում : Ինչպե՞ս այդտեղ հայտնվեցիր:
Ինձ դժվար տրվեց այս որոշումը: Ֆրանսիայից հետո գալ Սլովակիա՝ ոչ ուժեղագույն լիգա: Շատ մեծ կասկածներ ունեի, բայց եթե իմանայի՝ այսպես լավ կստացվի, այդքան չէի մտորի: Իմ հանդեպ այստեղ շատ լավ են տրամադրված: Այստեղ է խաղում նաեւ եղբայրս՝ Վաչե Միլիտոսյանը ու Դավիթ Հովսեփյանը՝ «Արարատի» նախկին հարձակվողը:
Իսկ այլ տարբերակներ չկայի՞ն: Ասենք ավելի ուժեղ լիգաներ:
Տարբերակներ կային Ֆրանսիայի ցածր լիգաներից, Բելգիայից ու Շվեյցարիայից: Բայց իրական առաջարկը եղավ Սլովակիայից ու եկա այստեղ:
Ի՞նչ նպատակներ է դրված թիմի առջեւ:
Մեկ տարի առաջ թիմը ձեռք է բերել շատ հարուստ մարդ, ով ֆուտբոլի մեծ սիրահար է, դրսից ֆուտբոլիստներ է բերում: Այժմ ընթանում ենք երկրորդ տեղում: Նպատակը՝ երկրորդ լիգա դուրս գալն է: Այդ դեպքում շատ ֆուտբոլիստներ կգնան ավելի ուժեղ թիմեր:
Ի՞նչ հաջողություններ ես գրանցել թիմում:
Դարձել եմ թիմի ավագը: Կարծում եմ լավ հաջողություն է: Ճանաչվել եմ մրցաշրջանի թիմի լավագույն գոլի հեղինակ: Առաջնության 8 խաղերում դարձել եմ 5 գոլի հեղինակ, նաեւ գավաթի խաղարկությունում եմ գոլ խփել, 8 գոլ էլ ընկերական խաղերում:
Սլովակիայում դեռ հիշո՞ւմ են Հայաստանի հավաքականին:
Այո, այն էլ ոնց: Այստեղ ֆուտբոլը շատ է զարգանում ու մարդիկ ապրում են ֆուտբոլով: Այդ խայտառակ պարտությունը, երբ հայերին զիջեցին 0-4 հաշվով, չեն մոռանում: Միշտ ինձ հիշեցնում են:
Դու Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների հավակնորդ էիր: Անգամ մասնակցեցիր հավաքին մեկ անգամ, բայց քանի որ փաստաթղթերդ պատրաստ չէին, չէիր կարող խաղալ հավաքականի կազմում: Այժմ փաստաթղթերդ պատրաստ են, բայց խաղում ես թույլ թիմում: Կարծում ես, եթե լավ առաջնություն տեղափոխվես, կրկին հնարավորություն կստանա՞ս գալ հավաքական:
Ինձ մեկ անգամ հրավիրել էին: Մասնակցեցի հավաքին: Ամեն բան լավ անցավ, բայց այդ ժամանակ դեռ անձնագիր չունեի: Հիմա ունեմ, ամեն բան կարգին է, բայց դե այն ժամանակ ես Ֆրանսիայի երկրորդ լիգայում էի խաղում ՝ «Լվալում» պրոֆեսիոնալ պայմանագրով, իսկ այժմ դժվար էլ ցանկանան Սլովակիայի երրորդ լիգայի ֆուտբոլիստի: Հուսամ, երբ տեղափոխվեմ առաջին լիգա ու այսպես լավ խաղամ ու գոլեր խփեմ, կրկին կհրավիրեն: Ես հայ եմ ու շատ կցանկանամ մեր հավաքականի կազմում մեկ օր հանդես գալ:
Վերա Մարտիրոսյան