News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին՝ հիմնարկության նախագահ Մայքլ Հարաթունյանի գլխավորությամբ:

Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը նախ շնորհավորել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության 95-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ երախտագիտություն հայտնել Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում տարիներ ի վեր կառույցի իրականացրած հայրենանվեր գործունեության համար:

Ընդգծելով, որ «Հովարդ Կարագյոզյան» հիմնարկությունը սփյուռքի առաջին կառույցներից էր, որ հաստատվեց Հայաստանում՝ այդպիսով դառնալով հայաստանակենտրոն կառույց, Սերժ Սարգսյանը դա կարեւոր որոշում է համարել: Նախագահի համոզմամբ, սերտ համագործակցությունը Երեւանի եւ Ստեփանակերտի իշխանությունների հետ, հիմնարկությանը թույլ է տալիս տեղում հստակեցնելու օժանդակության առաջնահերթությունները, ճշգրիտ գնահատելու կարիքները, այն դարձնելու ավելի հասցեական եւ գտնելու աջակցություն ցուցաբերելու ամենաարդյունավետ ուղին:

Հանրապետության նախագահն առանձնակի կարեւորել է սիրիահայ մեր հայրենակիցներին «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Սերժ Սարգսյանը մաղթել է հաստատությանը անխաթար գործունեություն նրա ազգանվեր առաքելության իրականացման ճանապարհին՝ ակնկալիքով, որ հիմնարկությունը հինգ տարի անց մեծ շուքով տոնի իր հարյուրամյակը եւ երկրորդ հարյուրամյակում ունենա է՛լ ավելի մեծ ձեռքբերումներ:

Մայքլ Հարաթունյանն իր եւ հիմնարկության բոլոր գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ջերմ հյուրընկալության, գնահատանքի ու բարեմաղթանքների համար: Համառոտ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից հետո հիմնված «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության անցած 95 տարիների գործունեությունը՝ հաստատության նախագահը վստահեցրել է, որ շարունակելու են նույն եռանդով եւ պատվախնդրությամբ աշխատել, մեծացնելով ջանքերը, հատկապես Հայաստանում եւ Արցախում՝  ի նպաստ հայոց երկու պետությունների եւ հայ ժողովրդի բարեկեցության ու հզորացման գործի:

Նախագահ Սերժ Սարգսյանը «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության նախագահ, բարերար Մայքլ Հարաթունյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նախագահը պետական բարձր պարգեւ՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է հանձնել նաեւ հանդիպմանը մասնակցող բարերար Գեւորգ (Ջորջ) Բաղումյանին, որով նա պարգեւատրվել էր ավելի վաղ՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ