Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում շարունակել է Հալեպի իրավիճակի կարգավորման համատեղ հնարավոր օժանդակության քննարկումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Լավրովի եւ Քերրիի հեռախոսազրույցը կայացել է սեպտեմբերի 29-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ռյաբկովը նշել է, որ հեռախոսազրույցը գրեթե 1,5 ժամ է տեւել: Ընթացիկ տարվա ընթացքում դա Լավրովի եւ Քերրիի 53-րդ հեռախոսազրույցն է:
«Շարունակվել է Հալեպի իրավիճակի կարգավորման համատեղ օժանդակության հնարավորության քննարկումը: Ըստ որում՝ Լավրովը ուշադրություն է հրավիրել այն աղաղակող փաստերին, որ քաղաքի արեւելյան հատվածում գրոհայինները պատանդ են պահում խաղաղ բնակիչներին, խոչընդոտում են հումանիտար օգնությունը հասցնելուն, չնայած ՄԱԿ-ի խնդրանքներին»,- ասել է Ռյաբկովը:
Լավրովը նաեւ վերստին հաստատել է, որ «Ռուսաստանը, առաջնորդվելով Սիրիայի տարածքային ամբողջականության եւ պետականության պահպանմամբ, նախկինի պես բաց է սիրիական հակամարտության բոլոր առանցքային հարցերով ԱՄՆ հետ երկկխոսության համար»: