News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հանդես է եկել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության սուր քննադատությամբ: Նրա դժգոհությունն են հարուցել կանցլերի վերջին հայտարարությունները, որ շուտով Գերմանիան կսկսի ամեն ամիս Հունաստանում եւ Իտալիայում գտնվող հարյուրավոր փախստականների ընդունել: «Այդ քաղաքականությունը սխալ է»,- Welt am Sonntag թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, փոխանցում է DW-ն:

Այդպիսի քաղաքականության նպատակը հստակ է՝ բեռնաթափել երկու միջերկրածովյան երկրները, որոնք Ասիայից եւ Աֆրիկայից եկած ապօրինի միգրանտների փոխաբեռնման բազաներ են: Սակայն, ինչպես կարծում է Կուրցը, դա, ցավոք, կհանգեցնի հակառակ արդյունքի: Տեղի կունենա այդ երկրներ միգրանտների ներհոսքի մեծացում, քանի որ նրանց շրջանում հույս կառաջանա, որ ի վերջո կհաջողվի հայտնվել Գերմանիայում:

Ավստրիայի ԱԳ նախարարը նշել է, որ Գերմանիայի կանցլերի հռչակած քաղաքականության այլընտրանքը Եվրամիության արտաքին սահմանների ամրապնդումն է եւ միաժամանակ վերաբնակեցման ծրագրի շրջանակներում օրինական միգրանտների ընդունումը, մասնավորապես՝ Սիրիայից: 2015-ին Եվրահանձնաժողովի հաստատած ծրագիրը վերաբերում է այն անձանց, որոնց ՄԱԿ-ը փախստական է ճանաչել, որոնք սակայն դեռ չեն ժամանել ԵՄ տարածք:

Նախարարը ԵՄ-ին կոչ է արել, չնայած ընդունած որոշումներին, հրաժարվել ԵՄ բոլոր երկրներում փախստականների տեղաբաշխման քվոտաներից: «Այդ նպատակը բացարձակապես անիրատեսական է»,- հայտարարել է Կուրցը: Մի կողմից ԵՄ շատ երկրներ պատրաստ չեն մեծ թվով  փախստականներ ընդունելուն, մյուս կողմից՝ իրենք փախստականները ԵՄ ոչ բոլոր երկրներում են ցանկանում ապրել:

Մեկնաբանելով Հունգարիայում հոկտեմբերի 2-ին անցկացվող ԵՄ շրջանակում փախստականների տեղաբաշխման հարցով հանրաքվեն, Ավստրիայի ԱԳ նախարարը խուսափել է Բուդապեշտի քաղաքականությունը դատապարտելուց: Նրա կարծիքով՝ վտանգավոր է այն իրավիճակը, երբ Եվրամիության որոշ երկրներ կարծում են, թե իրենք մյուսներին բարոյապես գերազանցում են, եւ ցանկանում են նրանց հարկադրել փախստականների նկատմամբ որոշակի քաղաքականություն վարել: Միեւնույն ժամանակ, այնպիսի երկրները, ինչպիսին են Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան մտադիր չեն փոխել իրենց դիրքորոշումը: Ի սկզբանե նրանք դեմ էին միգրացիոն քաղաքականությանը, որը ապօրինի փախստականների զանգվածային ընդունում է նախատեսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ