Ես չեմ ուզում հավատալ, որ տրանսպորտի նախարարն է ստորագրել փաստաթուղթը, որը վկայում է, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչ վիճակում է եղել մայրուղին, որտեղ տեղի ունեցած վթարից մեկ մարդ էր զոհվել, եւս 9-ը վիրավորվել էին։ Այս մասին նոյեմբերի 16–ին ԱԺ–ում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Պատգամավորի խոսքով՝ նախարար Վահան Մարտիրոսյանը գրավոր կերպով վստահեցրել է, որ վթարի պահին ճանապարհը եղել է չոր եւ անցանելի վիճակում, այնինչ վթարի վայրում արված լուսանկարներից պարզ է դառնում, որ ճանապարհը եղել է ձյունածածկ։

«Սեւան–Երեւան ավտոմայրուղու 45–րդ կմ–ի  վրա տեղի ունեցած ավտովթարից հետո, որի հետեւանքով 1 ուսանողուհի էր մահացել, ես  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին  հարց էի հղել, թե ինչն է պատճառը, որ կանխարգելող միջոցառումներ չեն իրականացվեր այն  բանից հետո, երբ հոկտեմբերի 17-ին Հիդրոմետը տեղեկացրել էր, որ ձյուն է սպասվում։ Չեմ էլ ուզում հավատալ, որ անձամբ նախարարն է ստորագրել այս փաստաթուղթը, որում ասվում է, որ ճանապարհի ասֆալտ–բետոնային ծածկը եղել է չոր, նորմալ եւ անցանելի վիճակում»,–ասել է Էնֆիաջյանը՝ ներկայացնելով լուսանկարը եւ հավելելով, որ որքան էլ մեքենան սարքին լինի, նման ճանապարհով նորմալ երթեւեկել հնարավոր չէ։

Դրան ի պատասխան՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ քանի որ հարուցվել է քրեական գործ, ապա ճիշտ կլինի, եթե ինքը կարծիք չհայտնի։ «Ճանապարհը միգուցե եղել է թաց, չոր չի եղել, բայց եղել է մաքրած։ Նույն լրատվամիջոցներում հայտնում էին, որ այդ մեքենայի անվադողերը եղել են մաշված»,– ասել է նախարարը։