News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հատուկ քննչական ծառայությունն այդ հրապարակումներով զբաղվում է եւ մոտ ապագայում հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, ՀՀԿ 16-րդ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը` անդրադառնալով իր անվան հետ շրջանառվող օֆշորային սկանդալին:

«Քննությունն ավարտին է մոտենում: Կարծում եմ` քանի դեռ քննություն է ընթանում, մեկնաբանությունն անելն ավելորդ է»,- ասաց նա:

«Քեթրինի Միհրանը» հրաժարվեց խոսել իր հրաժարականի պատճառների մասին` նշելով, որ ինքն այդ մասին ավելի վաղ հայտարարություն է արել: Հիշեցնենք, որ նա մասնավորապես ասել էր. «Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին։

Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»:

Լրագրողների հարցին` հնարավոր է վերադառնա իր պաշտոնին` հաշվի առնելով, որ առ այսօր ԴԱՀԿ-ն ունի ժամանակավոր պաշտոնակատար, Միհրան Պողոսյանն արձագանքեց. «Դա Հանրապետության նախագահի լիազորությունն է, եւ ավելորդ է դրա մասին բարձրաձայնելը: ԴԱՀԿ ծառայության պետին նշանակում է Հանրապետության նախագահը: Եթե նախագահը գտնի, որ ես դեռ պետք եմ, ես կվերադառնամ»:

Նշենք, որ Միհրան Պողոսյանը, ըստ մամուլի հրապարակումների, գրանցված է օֆշորում: Մասնավորապես, Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերության բաժնետեր է, շվեյցարական բանկերից մեկում դրանցից երկուսի հաշվեհամարի կառավարման իրավասու միակ անձը:

Տպել
Ամենաշատ