News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնական «իկիգաի» հասկացությունը նշանակում է «գոյության պատճառ»՝ պատճառ ապրելու, ստեղծագործելու, լիարժեք եւ երջանիկ կյանք ապրելու: Այդ գաղափարախոսության վրա էլ հիմնված էր դեկտեմբերի 3-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գլխամասային գրասենյակում կայացած թվով 5-րդ՝ TEDxYerevanSalon միջոցառումը:

Սալոնի կազմակերպիչները հրավիրել էին հինգ կանանց, որոնք իրենց ոլորտներում հեղափոխական գործունեություն են իրականացնում՝ վայելելով իրենց «իկիգաին»: 

Միջոցառման խորագիրը ընտրվել էր ոգեշնչված ճապոնական Իկիգաի փիլիսոփայության գաղափարներից: Միջոցառման ընթացքում իրենց հաջողության պատմություներով հանդես եկան SoloLearn ծրագրավորում սովորեցնող հարթակի հիմնադիր Եվա Հյուսյանը, Լոռու  «Կանանց առաջնորդության կենտրոնի» ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, The Guardian-ի լրագրող Գայանե Աբրահամյանը, իրավաբան, իսկ այժմ Երեւանի Օպերայի եւ Բալետի ազգային թատրոնի բալերինա Մարիաննա Պողոսյանը եւ «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը ՝ պատմելով իրենց կայացման պատմությունները:

«Երբեք չեմ սիրել մարդկանց` կանանց եւ տղամարդկանց բաժանելը, ավելին, երբեք չեմ հավատացել կանանց վրա կենտրոնացված ծրագրերին: Հաջողակ եւ պրոֆեսիոնալ լինելու համար պետք չէ լինել կին կամ տղամարդ, դա ներքին վիճակ է: Կարծում եմ կանայք իրենց ողջ էներգիան վատնում են՝  փորձելով ապացուցել, որ կինը նույնպես կարող է հաջողության հասնել աշխատանքում. կարծում եմ փոխարենը պետք է կենտրոնանալ այն բաների վրա, ինչը լավագույնն ես անում, աշխատել, հաջողել, հաճույք զգալ արածիցդ»,- ասում է SoloLearnժի հիմնադիր Եվա Հյուսյանը:

«Սեփական արարքների եւ որոշումների մեջ ազնվությունը բարության դրսեւորում է: Քաղաքներում եւ կյանքերում երկրաշարժերը ցույց են տալիս մեր ուժեղ եւ թույլ կողմերը: Լինելով անելանելի իրավիճակում, բայց շարունակելով մտքում ունենալ նպատակ եւ կիրք, դու արդեն ապրում ես քո «իկիգաին»,- կիսվում է «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը:

«Կանանց առաջնորդության կենտրոնի» ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը կարծում է, որ կանայք պետք դուրս գան միայն հասարակական գործունեությամբ զբաղվող օղակներից եւ ընդգրկվեն նաեւ քաղաքական գործունեության մեջ: Նա կարծում է, որ կանայք հենց իրենք առաջինը պետք է կոտրեն այն կարծրատիպը, որ կինը քաղաքականության մեջ անելիք չունի:

«Իկիգաին TEDxYerevan թիմի հիմնարար գաղափարախոսությունն է: Մենք ոգեւորվում ենք մեր խոսնակների, գործընկերների կյանքով եւ գործունեությամբ: Այդ պատճառով էլ այս քննարկումները կազմակերպելիս՝ մենք հրավիրում ենք իկիգաի գաղափարախոսությունը կիսող խոսնակների: Այսօրվա մեր բոլոր խոսնակները հաջողակ, ստեղծագործող, գործարար կանայք են, որոնք գտել են իրենց «իկիգաին»»,- ասում է TEDxYerevan-ի կազմակերպիչ Քրիստինա Սարգսյանը:

Կայացած «Իկիգաի» խորագրով TEDxYerevanSalon միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ:

Տպել
Ամենաշատ