Էստոնիայի քրեական ոստիկանությունը ձերբակալել է Տալլինի հեռուստաընկերության ղեկավար Թոոմաս Լեպպին՝ նրան մեղադրանք ներկայացնելով TTV–ի 200 հազար եվրոյի չափով ունեցվածքը յուրացնելու մեջ, հայտնում է ERR–ը։
«Լեպպից բացի, նույն գործով ձերբակալվել է եւս 3 մարդ։ Կասկածներ են ներկայացվել նաեւ մի իրավաբանական անձի։ Ոստիկանները խուզարկում են նրանց բնակարաններն ու աշխատավայրերը։ Նախնական եզրակացության համաձայն՝ Լեպպը մի քանի տարի շարունակ TTV–ից պահանջել է ամսական վճարել իր հետ կապ ունեցող ձեռնարկության ծառայությունների համար, որոնք իրականում չեն էլ մատուցվել։ Հիմքեր կան ենթադրելու, որ այդ գործողության հետեւանքով TTV–ին մոտ 200 հազար եվրոյի չափով վնաս է հասցվել»,– ասված է հաղորդագրության մեջ։
Տալլինի հեռուստաընկերությունը վերահսկում է քաղաքապետարանը, որը ղեկավարում է Ցենտրիստական կուսակցությունը։