News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանն առաջին անգամ է հայտնվել այն երկրների շարքում, որտեղ ամեն տարի անցնում է միջազգային Global Game Jam հաքաթոնը։ Ավելի քան 40 մասնակիցներ՝ այդ թվում ծրագրավորողներ, դիզայներներ, նկարիչներ, անիմատորներ ու պարզապես էնտուզիաստներ։ Բազմաթիվ թիմեր, որոնք հենց տեղում են ձեւավորվել։ Տվյալ հաքաթոնի ձեւաչափը չի պարունակում մրցակցության տարրեր, հակառակը, այն մոտիվացնում է շփումը, փոխադարձ օգնությունը ու համագործակցությունը ոչ միայն թիմերի անդամների, այլեւ տարբեր թիմերի միջեւ։

Global Game Jam -ի նպատակն է հնարավորություն տալ ծանոթանալ, փոխանակել գիտելիքները, նոր փորձ ձեռք բերել ու միավորվելով՝ կարճ ժամանակահատվածում որեւէ հետաքրքիր բան ստեղծել։ Այս տարվա թեման են դարձել Ալիքները։ Ուշագրավ է, որ թեման հույժ գաղտնի էր պահվում ընդհուպ մինչեւ աշխարհի ամենահեռավոր կետում միջոցառման սկիզբը՝ ժամանակային գոտիների տարբերության պատճառով։

Global Game Jam Armenia 2017-ի կազմակերպիչների նախաձեռնությամբ այն մասնակիցներին, որոնք մինչեւ վերջ մնացել են, հանձնվել են խրախուսական հավաստագրեր՝ որպես հիշատակ այդ բացառիկ փորձառության ու երկու խելահեղ օրերի մասին։

Բոլոր խաղերը հրապարակված են Global Game Jam-ի պաշտոնական կայքում  ու հասանելի են բոլորին՝ ստեղծողների հեղինակային իրավունքները պահպանելու պայմանով։

Հոգնած, մի քիչ քնկոտ, բայցեւայնպես տպավորություններով լի, ոգեւորված ու ընկերացած՝այսպիսին  ինձ թվացին Global Game Jam Armenia 2017–ի մասնակիցները, երբ ես եկա նրանցից հարցազրույց վերցնելու։

Նարեկ Աղեկյան, Noor Games -ի տնօրեն։ Global Game Jam Armenia 2017 -ի կազմակերպիչ

Global Game Jam –ի մասին ես իմացա իմ ընկերոջից, որը Ամերիկայում է բնակվում, Արա Շիրինյանից։ Պարզվեց, որ այդ հաքաթոնը կազմակերպվում է 2009-ից ու տարեցտարի ավելի շատ երկրներ է ընդգրկում։ Դրա նպատակն է միավորել մարդկանց, դրդել նրանց համագործակցության, նոր տեխնոլոգիաներ սովորելուն, փորձի փոխանակության։ Ես հրապուրվեցի այդ մտահղացումով ու որոշեցի այն իրականացնել նաեւ Հայաստանում։ Գլխավոր խնդիրը հարմարավետ շենք գտնելն ու կազմակերպչական հարցերը լուծելն էր։ Մեզ օգնության եկան EPIC եւ UITE  կազմակերպությունները։ Երկու օրերի արդյունքներով, 40 գրանցված մասնակիցներից մինչեւ վերջ մնացել են 30 –ը, ներկայացնելով «դատաստանի» 5 խաղ, այդ թվում բջջային ու նույնիսկ սեղանի։ Մթնոլորտը հրաշալի էր ու լիովին արդարացնում էր այդ հաքաթոնի կարգախոսը՝ «Նորարություններ, կրեատիվություն, փորձարարականություն»։ Մենք ծրագրում ենք Global Game Jam Armenia-ի անցկացումը ամենամյա ավանդույթ դարձնել ու ավելի շատ մարդկանց ներառել։

Ժիրայր Վարդանյան, 23 տարեկան, Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ուսանող, դասավանդել է TUMO –ում

Ես երկու գիշեր չեմ քնել։ Ամեն ինչ ստացվեց շատ հախուռն, նույնիսկ չհասցրեցինք կարգին անվանում մտածել թիմի համար, վերջին պահին որոշեցինք, որ պարզապես 5Lane կկոչվի։ Մեծամասամբ մենք ծանոթացել էինք TUMO–ի շնորհիվ։ Ես ծրագրում էի, որ թիմում ավելի շատ ծրագրավորողներ լինեն, իրականում ստացվեց, որ դիզայներներն են շատ։ Մասնակիցներից մեկը մեկ գիշերվա ընթացքում նստել ու սովորել էր UNITY, հենց նա էլ ապահովել է մեր տեխնիկական մասը։ Անձամբ ես զբաղվում եմ 3D–ով ու անիմացիոն դիզայնով, հետաքրքրվում նոր տեխնոլոգիաներով ու հարակից ոլորտներով։ Միշտ երազել եմ նման միջոցառման մասին, որտեղ թեման հանձնարարում են, սակայն չեն սահմանափակում երեւակայությունը ու ստեղծագործելու հնարավորություն են տալիս։

Հայկ Սաբրյան, 28 տարեկան։ Նորվեգիայի Արկտիկյան համալսարանի ուսանող։

Ես արտասահման էի մեկնել ինֆորմատիկա սովորելու, բայց ծրագրում եմ ավարտելուց հետո վերադառնալ հայրենիք ու զբաղվել դիզայնով, խաղերի կոնցեպցիայի մշակումով։ Global Game Jam Armenia 2017-ի մասին ես իմացա Facebook սոցցանցից։ Առաջին օրը նվիրեցինք «ուղեղների գրոհին», հաջորդ օրը ես մենակ մնացի, մնացածը փախան։ Ստիպված էի մենակ հաղթահարել առաջադրանքը։ Արդյունքում ստացվեց սեղանի ռազմավարական խաղ, որը վերարտադրում է Առաջին համաշխարհային պատերազմի գործողությունները ՝ ալիքային զենքի կիրառումով։

Հնարավոր է, ապագայում ես կկատարելագործեմ այն ու համակարգչային կդարձնեմ։ Ոչ մի վայրկյան չեմ զղջում մասնակցությանս համար։ Այստեղ իմանում ես քո թույլ ու ուժեղ կողմերը, ժամանակի ճնշման տակ կարողանում ես ավելի օպերատիվ գործել։ Հույս ունեմ, որ ապագայում կլինեն նույնատիպ նախագծեր։ Ինձ շատ դուր եկավ խաղերի ինդուստրիան, ու Հայաստանում որոշակիորեն ներուժ կա դրա զարգացման համար։

Տիգրան Մինասյան, 31 տարեկան։ Ծրագրավորող Noor Games –ում։

Մենք սկսեցինք մտահղացումների քննարկումից, ընտրեցինք մեկը, անցանք աշխատանքի։ Դուր չեկավ, հրաժարվեցինք։ Նոր մտահղացում ծնվեց կեսգիշերին մոտ։ Խաղի սկզբունքը անցքեր ունեցող պտտվող շրջանակներ ու մի այնպիսի օբյեկտ ստեղծելն էր, որը չպետք է դրանց բախվեր։

Ուշագրավ է, որ մեզ տրամադրել էին մի սարք, որը հետեւում է աչքերի շարժմանը։ Պատկերացրեք, որ դուք կարողանում եք կուրսորը տեղաշարժել ոչ թե մկնիկով, այլ հայացքով։ Սկզբվում բարդ էր այդ տեխնոլոգիան կիրառելը, քանի որ այն նախատեսված չէ բջջային սարքերի համար։ Բայց մեզ այնուամենայնիվ հաջողվեց այն կապակցել խաղի հետ, հետագայում հնարավոր կլինի այն օգտագործել համակարգչի կամ հեռուստացուցի համար։

Յուրաքանչյուրը ադրենալինի իր աղբյուրն ունի։ Այո մենք սահմանափակ ռեսուրսներ ունեինք՝ քիչ ժամանակ, մարդիկ, բայց ամբողջ հրապույրն էլ հենց դա էր։ Դու ժամանակ ու եռանդ չես վատնում ավելորդ խոսակցությունների վրա, չես մրցակցում, հակառակը՝ միավորվում ես, կենտրոնանում, կրեատիվ լուծումներ որոնում սթրեսային իրավիճակում ու եթե հասնում ես նպատակին՝ ապա հենց դա էլ քո հաղթանակն է։

Ներկայացված խաղերի պերսոնաժների շրջանում ես հանդիպեցի նաեւ հերոսի, որը տարբեր ակուստիկ ձայներ է արձակում՝ կախված ճիշտ ու սխալ պատասխանից, մի ոզնի տիեզերագնացի, որը ճամփորդում է գալակտիկայում, խուսափելով գրավիտացիայով օբյեկտներից ու օգտվելով քամու ռադիոալիքային հոսքերից։

Մասնակիցներից շատերը իրար առաջին անգամ էին տեսնում, ինչը սակայն չէր խանգարել նրանց ընդհանուր լեզու գտնել ու միավորվել հանուն ընդհանուր նպատակի։ Global Game Jam Armenia 2017 մտահղացումը, անկասկած, հաջողվել է։

Այդ մտահղացման իրականացումը հնարավոր է դարձել Noor Games, EPIC եւ UITE–ի համագործակցության շնորհիվ։ Հաքաթոնը մեկնարկել է հունվարի 20-ին, միաժամանակ աշխարհի ավելի քան 100 երկրներում ու տեւել 48 ժամ։

Ազազել Սարկիզովա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ