News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը: Նման որոշում է կայացվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստում, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի որոշումը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթահամալիրում ստեծված իրավիճակի ու առաջացած խմդիրների ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել «Փոքր Մհեր» կրթահամալիր» եւ «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ների վերակազմավորման արդյունքում ստեղծել «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը, որը գործելու է «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի տարածքում:

«Մեր առաջնային նպատակն է ի դեմս Նուբարաշենի մասնագիտացված դպրոցի՝ հանրապետությունում ունենալ լավագույն մարզառազմական դպրոցներից մեկը, որն իր տեսակի եւ ուղղվածության մեջ պետք է դառնա գերազանցության կենտրոն: Մենք գերազանցության կենտրոնների հաջողված փորձ ունենք ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցներում: Նույն փորձն ու արդյունքն ուզում ենք ստանալ նաեւ այս ասպարեզում, որպեսզի հետագայում այս կարգի դպրոցներ ստեղծվեն նաեւ տարբեր մարզերում: Նոր դպրոցը բնույթով տարբերվելու է նախկին «Փոքր Մհեր» կրթահամալիրից, որովհետեւ այն լինելու է Ֆիզկուլտուրայի եւ Նախնական զինվորական պատրաստվածության խորացված ուսուցմամբ ավագ դպրոց, որտեղ կարող են սովորել ոչ միայն պատանիներ, այլ, ինչու ոչ, նաեւ աղջիկներ: Իհարկե, այս դպրոցը բազային ուսումնական հաստատություն է լինելու մեր ռազմական ուսումնարանների եւ բուհերի համար, սակայն այն գործելու է մասնագիտացված ավագ դպրոցների կանոնադրության շրջանակում, որը զինվորական կանոնադրության խիստ  պահանջներից տարբերվում է:

Միաժամանակ մենք լիահույս ենք, որ նորաստեղծ դպրոցի գործունեությունը պետք է նպաստի սպորտային ուղղվածության դպրոցների ցանցի զարգացմանը, որի նպատակը ոչ թե «չեմպիոնների» պատրաստումն է, զանգվածային սպորտի եւ ռազմահայրենասիրական կրթության զարգացումը»,- բացման խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ընդհանրապես նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցների ցանցի ձեւավորումը կրթական քաղաքականության առաջնահերթություններից է:

Հաջողություն մաղթելով կառավարման խորհրդին՝ Լեւոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ նախկին «Փոքր Մհեր» կրթահամալիրի լավագույն կրթական ավանդույթները կտեղափոխվեն նորաստեղծ «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց», իսկ խնդիրներն ու բացթողումները կմնան անցյալում:

Անցնելով օրակարգի հիմնական հարցերին, կառավարման խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ եւ քննարկել կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Նիստում ներկայացվել է նաեւ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Կառավարման խորհուրդը որոշել է կրթահամալիրի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել փոխտնօրեն Արմեն Թովմասյանի վրա:

Նշենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր կառավարման խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Խորհուրդը մինչեւ «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորման գործըթնացի ավարտն իրականացնելու է ուսումնական հաստատության ղեկավարումը:

Տպել
Ամենաշատ