News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին եւ տեւում է 48 օր։ Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 27-ին:

Qahana.am-ը ներկայացնում է, թե ինչպես պետք է Պահք պահել եւ ինչց հրաժարվել այդ շրջանում:

Ի՞նչից պետք է հրաժարվել պահքի ժամանակ

Պահքի ժամանակ (եւ առհասարակ) յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա եւ հրաժարվի մեղավոր ընթացքից։

Նաեւ կարեւոր է հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու), քանզի բուսական կերակուրներ ուտելով՝ թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգեւոր ցանկություններն առաջ գան, որպեսզի մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի նաեւ հոգեւոր էակ է եւ հոգեւոր կյանքն ավելի կարեւորություն ստանա, ու մարդն ավելի շատ մտածի հոգեւոր սննդի մասին:

Պետք է հեռու մնալ մոլություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի եւ զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն, բղջախոհություն եւ այլն): Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ Պահքին, քանզի դրանցից ազատվելու համար ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է:

Պետք է հնարավորինս հեռու մնալ ամուսնական հարաբերություններից ու տեղ չտալ ցանկասիրությանը: Թեեւ այս հարցում միանշանակ արգելք չկա, սակայն խորհուրդ է տրվում ամուսիններին ավելի զուսպ լինել։ Խոսքն անշուշտ ընտանիքի մասին է, իսկ ընտանիքից դուրս նման հարաբերություններից առհասարակ պետք է հրաժարվել թե՛ պահքի ընթացքում, թե՛ դրանից դուրս, քանի որ նման հարաբերությունները քրիստոնեության մեջ որակվում են որպես շնություն, բղջախոհություն:

Հրաժարվել լեզվի «հիվանդություններից»` ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից եւ ամեն տեսակ զազրախոսությունից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը եւ պղծում են մարդուն։

Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից (այսինքն, պահքը չպետք է դառնա հպարտանալու եւ ամբարտավանանալու միջոց, թե՝ տե´ս, ես պահք եմ պահում, իսկ նա չի պահում:

Պետք է հրաժարվել վիճաբանություններից, կռվազանություններից, որոնք խանգարում են մեր եւ մեր շուրջ եղողների խաղաղությունը:

Պետք է մեզանից հեռու վանել եսասիրությունը։

Ի՞նչ է խրախուսվում անել պահքի ժամանակ

Առաջին հերթին եւ, ամենակարեւորը՝ հարատեւ աղոթք ու Սուրբ Գրքի ընթերցանություն։ Սրանց զուգահեռ պետք է նշել նաեւ զղջումն ու ապաշխարությունը, որոնք պահեցողությունից անբաժան պետք է լինեն, քանի որ ստեղծում են այն հիմնական պայմանները, որտեղ Աստծո բուժիչ եւ քավիչ զորությունն է գործում:

Պետք է ջանալ բարիք գործել, այսինքն` օգնել եւ օժանդակել, նույնիսկ երբ մեզանից չեն խնդրում, քանի որ պահքի ժամանակ հատուկ ուտելիքներից հրաժարվելն իմաստ կունենա, եթե այն, ինչ մենք չենք ուտում, տանք աղքատներին։

Կարեկցանք, խնամք, նյութական եւ հոգեւոր օժանդակություն ցուցաբերել աղքատ ու հաշմանդամ մարդկանց եւ առհասարակ նրանց, ովքեր ունեն կարիքներ` թեթեւացնելով նրանց հոգսերը:

Պահքի ընթացքում պսակ անո՞ւմ են, թե՝ ոչ

Մեծ պահքի ընթացքում սովորաբար պսակադրություն չի կատարվում։ Սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը եւ այն, որ շատերն առանց իմանալու նախապատրաստվում են պսակադրությանն ու հնարավոր չէ տեղափոխել պսակի օրը, եկեղեցին ընդառաջում է եւ կատարում է պսակը՝ նախընտրելով օրհնել զույգերին եւ բացառել առանց օրհնության ընտանիք կազմելու հանգամանքը: Իրականում սխալ է պահքի ժամանակ պսակվել, սակայն այս հարցում եկեղեցին առաջնորդվում է ոչ թե եկեղեցական կանոնների հրամայականով, այլ՝ հովվական խնամքի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է  թիրախավորել Եկեղեցուն. Քահանան՝ ՔՊ-ականի մասին
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ