News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք Բելառուսի հետ հարաբերությունները պետք է վատթարացնեինք դեռ ավելի վաղ, երբ Բելառուսը ակտիվորեն Ադրբեջանին զենք էր մատակարարում, արգելափակում էր Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի շրջանակներում, փաստացի հանդես էր գալիս որպես թշնամական երկրի կցորդ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Մինսկից Բաքու արտահանձնմանը եւ նրա շուրջ տիրող իրավիճակին։

Պարոն Մարտիրոսյան, բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ հետաքրքրությունը չի դադարում, ո՞վ է Լապշինը եւ ինչո՞ւ նա գնաց նման ռիսկային քայլի։

Եթե խոսենք որպես անձնավորություն, ապա ես իրեն գիտեմ մոտ տասը տարի, բայց հեռակա Live Journal-ից, որտեղ նա վարում էր իր բլոգը, ես էլ էի այնտեղ։ Մենք ծանոթացանք, զրուցում էինք, բայց զուտ օնլայն, անձամբ ես իրեն երբեք չեմ տեսել։ Ինքը ինչ-որ բիզնես ուներ, որի մասին չէր խոսում, ուղղակի ասում էր, որ ունի բիզնես, որից ունի եկամուտ եւ փորձում էր չաշխատել ու ճանապարհորդել։ Ամբողջ իր կյանքը նա պտտվում էր տարբեր երկրներով մեկ եւ այդ բլոգում գրում իր տպավորությունների մասին։ Նա հայտնի էր որպես ճանապարհորդող բլոգեր, որը ընդունված բան է աշխարհում։ Լապշինը մեկ անգամ չէ, որ գնացել է Արցախ եւ, բնականաբար, ընկել է Ադրբեջանի «սեւ ցուցակ»։ Այստեղ մի քանի բան պետք է պարզաբանել. Նախ, Ադրբեջանը չէր պահանջում նրա արտահանձնումը զուտ Արցախ այցելելու համար։ Լապշինը արել է հետեւյալը. նա եղել է Արցախում, գրել է դրա մասին, եղել է նաեւ Ադրբեջանում՝ բավականին բացասական կարծիք հայտնելով Ալիեւի վերաբերյալ, նա Ադրբեջանը նկարագրել է եւ լավ, եւ վատ տեսանկյունից․ այսինքն այնպես չէ, որ ինքը մի երկրի մասին շատ լավ է գրում, մյուսի մասին՝ վատ․ ինչ տեսնում է, գրում է։ Ընկնելով «սեւ ցուցակ», նա արել է մի գործողություն, որը շատ յուրահատուկ է։ Այդ մարդը, բացի ռուսական եւ իսրայելական անձնագրերից, նաեւ ուկրաինական անձնագիր ուներ, եւ դիմել է ավանտյուրայի, վերցրել է ուկրաինական անձնագիրը, որտեղ Ալեքսանդր չի գրված, այլ Օլեքսանդր, եւ այդ անձնագրով մուտք է գործել Ադրբեջան՝ իմանալով որ դա արգելված է։ Ադրբեջանի սահմանապահները բնականաբար իրեն չեն ճանաչել, որովհետեւ այնտեղ համակարգը բերում է անուն ազգանունը, եւ մեկ տառի տարբերության շնորհիվ նա մուտք է գործել Ադրբեջան ու դուրս եկել։ Հետո նա գրել է, որ նման բան է արել, այսինքն բարձրաձայնել է, որ շրջանցել է այդ արգելքը։ Այնպես որ իրեն բռնել են միտումնավոր երկրորդ անգամ սահմանը հատելու համար։

Իհարկե, դրանից հետո սկսեցին իր վրա ինչ ասես բարդել, ընդհուպ վերջում նույնիսկ մեղադրեցին տեռորիստական կազմակերպություն ստեղծելու մեջ։ Այդ աբսուրդը դեռ կա, բայց այստեղ կարեւոր է հասկանալ, որ այնպես չէ, որ ով այցելել է Արցախ, Ադրբեջանը կարող է դիմել իրեն արտահանձնելու համար, այստեղ շատ կոնկրետ գիտակցված քայլ է արել Լապշինը՝ շրջանցելով օրենքը։ Ես, իհարկե, չեմ կարծում որ Լապշինին արտահանձնելու իրավական հիմքեր կային, բայց ուզում եմ շեշտել, որ Արցախ այցելելու համար չեն իրեն արտահանձնել։

Երկրորդ. հայ հասարակության ինչ-որ հատվածում պարանոյալ խոսակցություններ կան, թե «Լապշինը Արցախի մասին բացասական բաներ է գրել, գովերգել է Բաքուն, ինչո՞ւ պետք է մենք իրեն օգնենք»։ Իսկ ո՞վ ասաց, որ Բաքուն չի կարելի գովել։ Բաքուն գեղեցիկ քաղաք է։ Ո՞վ է ասել, որ մարդը հօգուտ Արցախի ինչ-որ մի բան պետք է արած լինի, որ մենք իրեն օգնենք։ Այստեղ հարցը շատ սկզբունքային է․ այս դեպքով ադրբեջանցիները փորձում են ստեղծել աժիոտաժ Արցախ այցելելու շուրջ, այնպես անել, որ մարդիկ դադարեն այցելել Արցախ։ Նման դեպքում բացարձակ կարեւոր չէ, թե Լապշինը ժամանակին թթու խոսք ասել է Արցախի վերաբերյալ, կամ գովել է Ադրբեջանը, թե ոչ։ Սա կոնկրետ նախադեպ չստեղծելու հարց է։ Իսկ թե ինչ է մարդը մի տողում մի բան գրել, մյուս տողում այլ բան, արդյոք ինքը Մոսադի լրտես է, թե ոչ եւ այլն, դա լրիվ անիմաստ խոսակցություն է։ Այդ ամենը կարեւոր չէ, ինչպես կարեւոր չէ իր աչքերի գույնը, քթի երկարությունը։ Այստեղ կարեւոր է, որ Ադրբեջանը փորձում է նախադեպ ստեղծել։ Լապշինը մեզ համար կարեւոր է այդ տեսանկյունից եւ ոչ թե իր անձնական դրսեւորումներով։

Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին ի՞նչ այլ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։

Հայաստանի համար, դա Բելառուսի հետ հարաբերությունենրի վատթարացումն է, բայց ինձ թվում է՝ այստեղ Լապշինը մի դեպք է միայն։ Մենք Բելառուսի հետ հարաբերությունները պետք է վատթարացնեինք դեռ ավելի վաղ, երբ Բելառուսը ակտիվորեն Ադրբեջանին զենք էր մատակարարում, արգելափակում էր Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի շրջանակներում, փաստացի հանդես էր գալիս որպես թշնամական երկրի կցորդ։ Այնպես որ, հիմա, կարծում եմ, լավ է այն առումով, որ մենք, այսպես ասած, իրենց վրա կեղտ բռնելու տեղ ունենք։

Իսկ ինչու՞ Բելառուսը ջանք չխնայեց Ադրբեջանի պահանջը բավարարելու համար։ Արդյոք դա ապտա՞կ էր Հայաստանին, թե դա պայմանավորված էր վերջին շրջանում ռուս-բելառուսական հարաբերությունների սրմամբ։

Ինձ թվում է, այստեղ Հայաստանն ընդհանրապես կապ չուներ, պարզապես Բելառուսը հիմա փորձում է փախչել Ռուսաստանի տակից դեպի Արեւմուտք։ Այստեղ կան նաեւ մի շարք այլ գործառույթներ, օրինակ գազի եւ նավթի մատակարարման հետ կապված։ Հիմա այս հարցում Ռուսաստանի հետ լուրջ պատերազմ է ընթանում, եւ Ադրբեջանը փորձում է փոխարինել Ռուսաստանին նավթի եւ գազի մատակարարման հարցերում։ Այնպես որ, Բելառուսը, պարզապես, փորձում է հաճոյանալ Ադրբեջանին։ Սա գործողություններից մեկն է միայն։ Կարծում եմ՝ մենք դեռ էլի Բելառուսից նմանատիպ քայլերի ականատես կլինենք։ Այլ խնդիր է, որ Ադրբեջանին պետք էր մեզ վնաս տալ, այդ պատճառով մեր ուղղությամբ են շարժումներ լինելու։

Բելառուսի համար սա լուրջ բան չէր։ Բելառուսն այս հարցում չկանգնեց լուրջ խնդրի առջեւ, որովհետեւ նա դուրս է գրեթե բոլոր եվրոպական կառույցներից, այդ թվում՝ ՄԻԵԴ-ից։ Այսինքն Լապշինը նույնիսկ շանս չունի դիմելու ՄԻԵԴ։ Մյուս գործոնն այն է, որ քանի որ Բելառուսը արդեն սկսել է շարժվել Ռուսաստանից դեպի Արեւմուտք, իրենք նաեւ քարտ բլանշ են ստանում Արեւմուտքի կողմից ինչ-որ հարցերում։ Եթե նկատեցիք, Լապշինի դեպքը շատ քիչ աղմուկ բարձրացրեց Արեւմուտքում։ Եթե դա լիներ մեկ կամ երեք տարի առաջ, լուրջ աղմուկ կբարձրանար։ Այստեղ Լապշինի բախտը չի բերել նաեւ ժամանակահատվածի տեսանկյունից։

Ձեր կանխատեսումներով, ինչպե՞ս կդասավորվի Լապշինի ճակատագիրը։ Ի՞նչ է նրան սպասվում։

Շատ դժվար է ասել, որովհետեւ Լապշինը մի կողմից  երեք երկրի քաղաքացի է, եւ դա կարող էր իրեն օգնել, բայց Ուկրաինան ընդհանրապես ոչինչ չի անում այս հարցում, Ռուսաստանը շատ թույլ է աշխատում, ինչ-որ հայտարարություններ արվում են, բայց լուրջ միջամտություն չկա, որը նաեւ Լապշինի հետ կապ ունի, որովհետեւ ինքը փաստացի անմիջապես Ռուսաստանին չի դիմում։ Նա ավելի շուտ փորձում է գործել Իսրայելի միջոցով, իսկ Իսրայելում բավականին զուսպ են պետական մակարդակով։ Թեեւ մամուլի միջոցով սկզբում բավականին կոշտ գնահատականներ եղան, որովհետեւ այդ քայլը դիտվում էր որպես թշնամական քայլ Իսրայելի դեմ։ Սակայն հետագայում այս ամենը մեղմվեց։ Կարծում եմ, որ քաղաքական փակ կանալներով բացատրվել է, որ սա ուղղված չէ Իսրայելի դեմ։ Այդուհանդերձ, Իսրայելը նրան տիրություն անում է․ Բաքվում իր հետ հանդիպում են, հետեւում են։ Բայց ապագան շատ դժվար է կանխատեսել, սկսած նրանից, որ նա շատ երկար կարող է նստել, վերջացրած նրանով, որ նրան կարտահանձնեն Իսրայելին, բայց կարծում եմ նրան կդատեն, նոր կարտահանձնեն, որովհետեւ Ադրբեջանին պետք է դատավարություն։ Ուրիշ հարց, որ այստեղ բացասական աղմուկ ստեղծելով հնարավոր է դա կասեցնել, այսինքն այնպես անել, որ բալանսը ավելի բացասական լինի դատավարություն անելու տեսանկյունից։

Ինչ քայլեր պետք է արվեին Հայաստանի կողմից՝ կանխելու Լապշինի արտահանձնումը, նաեւ այժմ ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Հայաստանն, իհարկե, շատ պասիվ էր ու շատ ուշ զարթնեց։ Լապշինը մեկ ամիս ձերբակալված էր, բայց մեր մամուլը նույնիսկ տեղյակ էլ չէր դրա մասին։ Իհարկե, իրենք օգտվեցին նրանից, որ դա դեկտեմբերի երկրորդ կեսն էր, բոլորը զբաղված էին Ամանորով։ Բայց փաստացի մեր պասիվությունը այստեղ լուրջ բացասական ազդեցություն ունեցավ, մենք մեր ձայնը բարձրացնելով, կարող էինք աղմուկ առաջացնել ուրիշ շրջանակներում, որովհետեւ Հայաստանն անմիջապես գործելու շատ քիչ հնարավորություն ուներ, վերջ ի վերջո Լապշինը քո քաղաքացին չէ, ու դու շատ քիչ գործիքներ ունես այդ թեմայի մեջ խառնվելու։ Ինձ թվում է՝ հիմա էլ մենք ունենք հնարավորւթյուններ, եթե օրինակ ապահովենք մեծ թվով եւ հայտնի մարդկանց մուտք Արցախ, ընդ որում հանրայնորեն շեշտված, ցուցադրելով, որ մենք թքած ունենք Ադրբեջանի քայլերի վրա։ Դա կարող է շատ արագ կոտրել այս իրավիճակը եւ զրոյացնել Ադրբեջանի ջանքերը։ Վերջիվերջո այս ամենը շատ արագ մոռացվող է։ Այստեղ ակտիվություն է պետք, նստել սպասել մինչեւ Իսրայելը Լապշինին դուրս կհանի՝ անճարություն է։ Բայց էլի եմ ասում Հայաստանը այստեղ շատ անմիջական գործիքներ չունի, այստեղ պետք է օգտագործել այլ, ոչ անմիջական հնարավորությունները, որովհետեւ երեք երկիր կա, որ պետք է զբաղվի իր քաղաքացիով ու Հայաստանը այս հարցում անտեղի է դառնում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ