News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «եւ՛, եւ՛»-ի քաղաքականության կենսունակությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Բրյուսելում «Քարնեգի» կենտրոնում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Նախօրեին, մենք Նախագահ Տուսկի հետ հայտարարեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին:

Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «եւ՛, եւ՛»-ի քաղաքականության կենսունակությանը: Ճիշտ է, դեռեւս 1996թ. մենք ստորագրել էինք Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող՝ Գործընկերության եւ համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, սակայն այն վաղուց արդեն չի արտահայտում ո՛չ Հայաստան-ԵՄ համագործակցության ընդգրկումը, ո՛չ էլ դրա խորությունը եւ առավել եւս` ո՛չ էլ հավակնությունները։ Ուստի, նոր համաձայնագրով, ամրագրելով տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման ուղենիշերը, մենք ազդարարում ենք, որ շարունակելու ենք բոլոր ոլորտներում զարգացնել երկկողմ օրակարգը:

Կարեւորն այն է, որ մեր համագործակցությունն ունի արժեքային հենք։ Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջեւ քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել։ Ոչ ոք մեզ չի պարտադրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, դա մեր ընտրությունն է: Մեր ժողովուրդն իրեն լիովին եվրոպացի է համարում. թե՛ մեր հոգեւոր-մշակութային ժառանգությունը եւ թե՛ մեր կենսակերպը եվրոպական է։ Պատահական չէ, որ այսօր էլ հարյուր հազարավոր հայեր ապրում են Եվրոպայում եւ հանդիսանում օրինավոր քաղաքացիներ՝ իրենց տաղանդն ու աշխատասիրությունը ծառայեցնելով այդ երկրներին։ Սա եւս կարեւոր կապող օղակ է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ։

Այսպիսով, մենք պարզապես ավելի ամուր իրավական հիմք ենք ապահովում այն համագործակցության համար, որը փաստորեն առկա է։ Համոզված ենք, որ դա թույլ կտա եւ նաեւ կպարտավորեցնի ունենալ ավելի արդյունավետ պետություն։

Ճիշտ է, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արեւմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց:

Մենք պատրաստ ենք նպաստելու ԵՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի:

Միաժամանակ, Հայաստանը, պատմականորեն հարաբերությունների մեծ փորձ ունի Իրանի հետ, իսկ ներկա սերտ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերը դարձնում են Հայաստանը լավ հարթակ Իրան մուտք գործելու ցանկություն ունեցող եվրոպական ընկերությունների համար: Իրանի հետ զարգացնելով տարածաշրջանային օրինակելի համագործակցություն՝ Հայաստանն այսօր լավ նախադրյալներ ունի՝ դառնալու Պարսից ծոցը սեւծովյան նավահանգիստների հետ կապող ամենաապահով եւ ամենակարճ տարանցիկ ուղին։ Դրան էր միտված Հյուսիս-հարավ ավտոմայրուղին՝ վրացական նավահանգիստներից դեպի Երեւան, եւ ապա դեպի Իրանի սահմանակետ տանող ավտոճանապարհը ԵՄ-ի հիմնական երթուղում ներառելը։

Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները Հարավային Կովկասի անվտանգության կարեւորագույն օղակներից են։ Վրաստանի հետ մենք մշտապես բոլոր ընթացիկ հարցերը կարգավորել ենք բարիդրացիության եւ փոխըմբռնման մթնոլորտում: Մեր համագործակցությունը երբեւէ չենք պայմանավորել երրորդ երկրների հետ հարաբերություններով։

Հայաստանի՝ որպես ԵՏՄ-ի անդամի, եւ Վրաստանի՝ որպես ԵՄ-ի ասոցացված գործընկերոջ, այսօրվա համագործակցությունը փաստում է փոխշահավետ հարաբերությունների նոր հնարավորությունների մասին:

Հայաստանը պատրաստակամ է դառնալու այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջեւ հակասությունների հարթման, տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակման եւ ներդրումային արդյունավետ քաղաքականության ձեւավորման գործընթացին:

Հարգելի՛ գործընկերներ,

Եզրափակելով իմ ելույթը՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս շեշտել աշխարհում եւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման կարեւորությունը: Համոզված եմ, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել միջազգային հանրության համախմբված ջանքերի շնորհիվ: Եվ խորհրդանշական է, որ Երեւանի կոնյակի գործարանում պահվում է այսպես կոչված «խաղաղության տակառը»՝ շրջապատված Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դրոշներով։ Դա հաշտության եւ խաղաղության ակնկալիքի սոսկ մեկ խորհրդանշական դրսեւորում է: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ աշխարհահռչակ հայկական կոնյակով կազդարարենք մեր տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը՝ զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով Հարավային Կովկասի բոլոր բնակիչների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ