Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է այնպես համագործակցեն, որպեսզի գտնեն Մարտի 1-ի հիմնական պատճառները որոնք են եղել: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Այսպես եմ խոսում, որովհետեւ, երբ արդեն ժողովուրդը հավաքվել էր ու բան էր պահանջում, այդ ընթացքում է եղել ամեն ինչ, իսկ ես այնտեղ չեմ եղել: Այնտեղ եղել է հիմնականում ընդդիմութունը, ընդդիմությունը կարող է մեծ օգուտ տալ այս գործին»,-ասաց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ ուղիղ 9 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: