News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է ստանում օրգանական եւ ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին, մարտի 21-ին, հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, իր ելույթում նշել է.

«Ինչպես հայտնի է, Հայաստանը միջազգային հեղինակություն է վայելում միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության, հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղական աղբյուրների քաղցրահամ խմելու ջուրը դարձել է Հայաստանի այցեքարտը: Հայաստանը բնօրրանն է աշխարհի ամենահամեղ մրգերից մեկի՝ արեւահամ ծիրանի, որը գիտությանը հայտնի է, որպես «Պրունուս արմենիակա»:

Վերոհիշյալ ոլորտներում համագործակցության արդյունավետ հարթակ կարող են դառնալ Հայաստանի ազատ տնտեսական գոտիները՝ բարձր եւ նորարարական տեխնոլոգիաների արտադրության ուղղվածություն ունեցող «Ալյանսը» եւ ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության ոլորտների համար նախատեսված «Մերիդիանը», որոնց գործունեությունը գրեթե ամբողջությամբ ազատված է հարկերից եւ մաքսատուրքերից։

Նախատեսված է ստեղծել եւս մեկ՝ ավելի լայն ընդգրկմամբ ազատ տնտեսական գոտի, որը արդյունավետ հարթակ կդառնա ԵՏՄ, ԵՄ եւ Մերձավոր Արեւելքի երկրների շուկաներ դուրս գալու համար։ Հայաստանն էմիրաթյան գործարարներին առաջարկում է անընդհատ ընդլայնվող շուկա, քանզի Եվրասիական ինտեգրացիան ընդլայնել է Հայաստանի տնտեսական սահմանները գրեթե մինչեւ համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը:

Բացի այդ, վերջերս ավարտվեցին Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչը նշանակում է նաեւ Եվրոպական միության հետ տնտեսական կապերի նոր մակարդակ, առեւտրի եւ ներդրումների նոր հնարավորություններ: Հայաստանը մինչ այդ արդեն իսկ օգտվում էր Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից, որը թույլ է տալիս մեր երկրում արտադրված շուրջ 6400 ապրանքատեսակներ արտոնյալ պայմաններով արտահանել ԵՄ։

Վստահ եմ, որ համատեղ աշխատելու պարագայում զգալի ձեռքբերումներ կունենանք։ Դրա լավագույն վկայությունը մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության աննախադեպ աճն է` շուրջ երկուսուկես անգամ, որը նկատելի դարձավ նախորդ տարվա արդյունքների ամփոփմամբ։ Իսկ այս տարի արձանագրել ենք թռիչքային աճ՝ ավելի քան 8 անգամ, եւ պատրաստակամ ենք ապահովելու դրա շարունակականությունը:

Չեմ կարող չնշել զբոսաշրջության ոլորտը, որը ժողովուրդների բարեկամության, միջմշակութային երկխոսության եւ փոխճանաչողության լավագույն միջոցն է։ Ուրախալի է, որ Էմիրություններից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերընթաց աճում է. միայն 2016-ին այն ավելացել է 44 տոկոսով։ Վստահ եմ՝ սա բնավ էլ սահմանագիծ չէ, մանավանդ, որ հենց այսօրվանից ուժի մեջ մտավ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմը։ Հայաստանում զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունները հետեւողականորեն կատարելագործվում են: Առհասարակ, ծառայությունների մատուցման ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացողներից է, եւ այս առումով մեր երկիրը շահեկան դիրքերում է տարածաշրջանում:

Ի դեպ, ցանկանում եմ եւս մի կարեւոր հանգամանքի անդրադառնալ. վերջին տարիներին Հայաստան են ժամանել շուրջ 20 հազար հայեր, որոնք որքան հայկական, նույնքան էլ արաբական ինքնության ու մշակույթի կրողներ են։ Թե՛ արաբախոս, թե՛ հայախոս եւ թե՛ նշանակալի գործարար ավանդույթներ ունեցող նման ստվար համայնքի ներկայությունը Հայաստանում կարող է ուղղակիորեն եւ զգալիորեն դյուրացնել էմիրաթցի ներդրողների գործունեությունը մեր երկրում։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսպիսով, ես հրավիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին բացահայտելու Հայաստանը՝ իր լեռնային յուրօրինակ բնաշխարհով, համեղ ուտեստներով, հայկական հյուրընկալությամբ եւ, անշուշտ, կրթված, աշխատասեր եւ իրենց գործի գիտակ կադրերով, որոնք մեծ նվիրումով կարող են ներգրավված լինել ցանկացած հեռանկարային ծրագրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ