ԱՄՆ Չիկագոյի շրջանային դատարանը Microsoft ընկերության դեմ հավաքական հայց է ստացել, Windows 10 օպերացիոն համակարգի անկայուն աշխատանքի պատճառով, հայտնում է The Register-ը։
Հայցը նախաձեռնողները երեք ամերիկացիներ են, որոնք չէին կարողացել վերականգնել իրենց արժեքավոր տեղեկությունները Windows 10 համակարգի անսպասելի թարմացումից հետո։
Հայցում ասվում է, որ Windows 10-ը խոտանով արտադրանք է, ու որ Microsoft -ն ունակ չէ բացահայտ հայտնել դրա տեղադրման հետ կապված պոտենցիալ ռիսկերի մասին։ Պարբերականը նշում է, որ հայցվորները արժեքավոր տեղեկություններ են կորցրել, քանի որ նոր ՕՀ-ն շատ անկայուն է գործում։
Դատարանում տուժածների շահերը ներկայացնող փաստաբանները պնդում են, որ ընկերությունը փոխհատուցի այն կորուստները, որոնք կրում են հազարավոր օգտատերեր Windows 10-ին անցնելու հետեւանքով։ Նրանց կարծիքով օգտատերերը պետք է տեղադրման օրվանից սկսած 30 օրվա երաշխիք ստանան։
Բողոքում նաեւ նշվում է, որ Windows 10 օպերացիոն համակարգը հաճախ օգտատերերին չի տեղեկացնում զանգվածային թարմացման մասին, ինչի հետեւանքով կարեւոր տվյալները կորում են։