Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված 10 բանտարկյալների հարազատներն այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց նստացույց են հայտարարել: NEWS.am-ի հետ զրույցում կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալան, նշեց, որ նստացույցով պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:
«Անգամ ստորագրությամբ թող ազատ արձակեն, դատական նիստերին թող գնան մասնակցեն: Մեր նստացույցը շարունակական է լինելու, ամեն օր, մինչեւ աշխատանքային օրվա վերջ մնալու ենք այստեղ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:
Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները: