ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երեւան քաղաքի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել են, որ 2017թ. մարտի 3-ին՝ ժամը 21:56-ին, առերեւույթ հանցագործություն կատարած անձը բաց դռնից մուտք է գործել Երեւան քաղաքի Թումանյան 11/41 հասցեում գործող դեղատուն եւ, դեղագործի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացահայտ հափշտակել է դեղատան դրամարկղը, ապա՝ դիմել փախուստի։ Նախնական տվյալներով՝ դրամարկղում եղել է մոտ 850.000 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատանը տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մի տղամարդ մուտք գործում դեղատուն, բռնություն գործադրելով աշխատակցուհու նկատմամբ՝ վերցնում դրամարկղը եւ հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում են տեսանյութում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, իսկ ովքեր ճանաչում են նրան կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: