2016-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 10 նոր գործ է սկսվել Հայաստանի մասնակցությամբ։ Դա երկու գործով ավելին է, քան անցյալ տարի։ Այս մասին ասվում է ՄԻԵԴ որոշումների կատարման Եվրոպայի խորհրդի ամենամյա զեկույցում։
Համաձայն զեկույցի՝ 2016-ին Հայաստանի վերաբերյալ 16 գործ է փակվել, ներկա պահին քննվում են 19-ը։
Անցյալ տարի ՄԻԵԴ-ը Հայաստանի մասնակցությամբ գործերի հայցորդներին 93 հազար 585 եվրո ընդհանուր փոխհատուցման է դատապարտել։
Զեկույցում նշվում է, որ անցյալ տարի Հայաստանը 10 գործերի փոխհատուցում է վճարել։
Ներկա պահին Հայաստանի մասնակցությամբ հիմնական գործերն են Աշոտ Հարությունյանի գործը՝ ձերբակալման ժամանակ սխալ բժշկական օգնության վերաբերյալ եւ Վիրաբյանի գործը՝ ոստիկանական տեղամասում դաժան վերաբերմունքի եւ կտտանքների հետ կապված։