News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների արդյունքը կարող է դառնալ «Ֆրեքսիթը»։ Երկրում եվրոպական գաղափարը կորցնում է երբեմնի ձգողական ուժը ու դրանում մեղավոր է վերնախավը, որը իրականությունից կտրված է, գրում է ֆրանսիացի փիլիսոփա Շանթալ Դելսոնը Die Zeit-ում։

Նախագահական ընտրությունները հնարավորինս վառ արտահայտում են Եվրոպայի նկատմամբ ֆրանսիացիների վերաբերմունքը։ «Որոշակի թեկնածուին տրված յուրաքանչյուր ձայն ցույց է տալիս, թե որքանով է նա աջակցում միացյալ Եվրոպայի մասին տվյալ թեկնածուի դիրքորոշումը ու հարցումների արդյունքների նույնիսկ թռուցիկ ուսումնասիրությունը բավական է հասկանալու համար, որ Ֆրանսիայում եվրոպական գաղափարը կորցնում է երբեմնի գրավչությունը»,- գրում է Դելսոնը, նշելով, որ խոսքը  եվրոպական գաղափարի հենց ինստիտուցիոնալ բաղադրիչի մասին է։

«Եկեք հաշվենք ՝ Մարին Լը Պենի կուսակցությունը, որին խոստանում են ձայների առնվազն 25 տոկոսը, կոչ է անում լքել ԵՄ-ն։ Ժան Լյուկ Մելանշոնի շուրջ հավաքված ձախերը, որոնք ձայների մոտ 15 տոկոսն ունեն, այս կամ այն պատճառներով՝ նույն բանին են ձգտում։ Սոցիալիստ Բենուա Ամոնը, դարձյալ 15 տոկոսով, ուզում է նորից կազմակերպել Ֆրանսիայի պարտքերի մասին բանակցությունները, ինչը ոչ այլ ինչ է, քան եվրոյից հրաժարվելու ծրագիր։ Ստացվում է, որ Ֆրանսիայի քաղաքացիների 50 տոկոսը, այսպես թե այնպես, ուզում է ազատվել Բրյուսելի իշխանությունից»,- վերլուծում է հոդվածագիրը ։

Մյուս կողմում կենտրոնամետ Էմանուել Մաքրոնն ու հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնն են՝ երկուսն էլ վճռական եվրոպամետ դիրքորոշումներով։

Առաջին հայացքից եվրոպական հարցը նախընտրական քարոզչության կենտրոնական թեմա չէ։ «Մաքրոնը գրավում է երիտասարդ ընտրողներին, որոնք հիացած են սկանդինավյան հասարակական մոդելով, Ֆիյոնը դիմում է նրանց, ովքեր ուզում են կառուցվածքային բարեփոխումներ, Մելանշոնն ու Ամոնը «իսկական» սոցիալիզմի երկրպագուների վրա են աշխատում, իսկ Լը Պենը միավորում է այն ֆրանսիացիներին, որոնք ուզում են նվազեցնել միգրանտների ու մզկիթների քանակությունը»։

Բայց այս մակերեսային ցանկությունների ետեւում եվրոպական խնդիրներն են։ «Ֆրանսիացիները լրջորեն մտահոգված են, խաթարված է վստահությունը թե պաշտոնական Փարիզի, թե պաշտոնական Բրյուսելի նկատմամբ։ Ընդ որում այն աստիճանի, որ նրանցից մի քանիսը պատրաստ են քվեարկել Լը Պենի ու դրանով իսկ՝ ԵՄ-ից դուրս գալու օգտին,- գրում է հեղինակը,-Բանն այն է, որ ԵՄ հասցեին ֆրանսիացիների դժգոհությունները՝ լինեն դրանք սահմանների բացումը միգրանտների համար , չափազանցված ազատականացումը, թե պարտադրված գաղափարախոսությունը՝ միավորվում են մեկ հիմնական պահանջի շրջանակում՝ ԵՄ-ն դառնում է հակաժողովրդավարական ապագայի խորհրդանիշը»։

«Երբեմն քաղաքական վերնախավը կարծում է, որ մեկուսացման նկատմամբ «հասարակ մարդկանց» ձգտումը սկիզբ է առնում բարդ տնտեսական իրավիճակից։ Եվ այսօր բանավեճեր են ծավալվում, թե ԵՄ-ն ինչով է ձեռնտու քաղաքացիներին տնտեսական առումով։ Սակայն, ըստ հոդվածագրի, հակաեվրոպական կուսակցությունները անկյունում  բոլորովին այլ բան են դնում՝ ինքնավարությունը, որը փողով հնարավոր չէ չափել» «Նրանք, ովքեր կարող էին քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին, ուզում են, որ իրենց որոշումները հաշվի առնվեն։ Նրանք այլեւս չեն ուզում կենսամակարդակի բարձրացման դիմաց իրենց ինքնավարությունը զոհաբերել։ Նրանք ԵՄ-ին դեմ են, ոչ թե որովհետեւ Բրյուսելի գումարը նրանց չի բավականացնում, այլ որովհետեւ Բրյուսելն արհամարհում է նրանց, իսկ քննադատությունը որակում է անհաջողակների դատարկաբանություն»,- շարունակում է հոդվածագիրը ։

Այս թյուրըմբռնման մեջ քայլ առ քայլ կորում է պատմական եզակի հնարավորությունը՝ ստեղծել հիրավի միացյալ Եվրոպա։ Դելսոնի կարծիքով այդ շանսը բաց չթողնելու համար միայն մեկ հնարավորություն կա՝  ավելի բարձր վարչական մակարդակը միայն այն ժամանակ միացնել, երբ ավելի ցածր մակարդակները չեն հաղթահարում խնդիրները։ «Անհնար է լինել դեմոկրատ ու միաժամանակ անտեսել հասարակական կարծիքը։ Հենց այդ հակասությունից է ծնվել ԵՄ-ի արմատական ժխտումը։ Եվրոպական վարչական կառույցները պետք է լուրջ բարեփոխումներ անցնեն, հակառակ դեպքում դրանցից կսկսեն հրաժարվել։ Ու աղետալի խայտառակություն կլիներ, եթե մենք կորցնեինք Եվրոպայի նման գանձը միայն որովհետեւ մի քանի բյուրոկրատներ երեւակայել են, որ կարող են իշխել առանց հասարակական կարծիքի հետ հաշվի նստելու»,- ամփոփում է Շանթալ Դելսոլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ