News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեր երկիրը չունի թիկունք եւ սահման, առաջին կամ հետին գիծ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարն ընգգծել է, որ երկար տարիներ քայլ առ քայլ գնում ենք դեպի «Ազգ-բանակ» կարգախոսի իրականացմանը. «Անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգը  կանգնեց շատ կարեւոր հիմնահարցի առջեւ՝  ինչպիսի կրթություն ենք ուզում, որ ունենա Հայաստանի անկախ Հանրապետությունը,  ինչպիսի տեսլական է  դրվելու կրթական համակարգի հիմքում: Ինչ ձեւաչափով ենք մենք առաջ տանելու մեր մտածողությունը նոր պայմաններում: Դեռեւս սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ քննարկումների ժամանակ մենք  արդեն որոշակիացրել էինք, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը լինելու է ազգային դպրոցի դաստիարակչական հենասյունը:

Ցանկացած երկրի կրթական համակարգ ծառայում է այդ տեսակի շարունակականության ապահովմանը: Հայաստանի կրթական համակարգի հիմնական նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է: Այդ տեսլականի, գաղափարախոսության մեջ անկյունաքարային դարձավ հանրակրթական դպրոցում, այնուհետեւ նաեւ բարձրագույն, միջին մասնագիտական կրթական համակարգում հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը: Կատարվեց հսկայական աշխատանք, մենք վերադարձրեցինք դպրոց ռազմագիտության ուսուցիչներին:

Այսօր ունենք բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթության քաղաքականությունն իրականացնող ամբողջական պրոֆեսիոնալ համակազմ, այսօր հասել է պահը, որպեսզի խոսենք շատ ավելի մեծ, առավել հավակնոտ մյուս փուլին անցնելու անհրաժեշտության մասին: Ես վստահ եմ, որ մենք այսօր պետք է քննարկենք ոչ թե կատարվածը, այլ խնդիրներն ու խոչընդոտները, որոնք խանգարում են մեծ գաղափարի իրականացմանը: Արժեւորելով ձեռբերումները պետք է գնահատել իրավիճակը»,- նշել է Լ. Մկրտչյանը: Այս համատեքստում ԿԳ նախարարը շեշտել է դպրոցի եւ Ռազմագիտություն առարկայի ուսուցման արդյունավետության բարձրացումը: «Տնօրենն ու մանկավարժը պիտի հասկանան, որ դպրոցն ունի առաքելություն. հատկապես Հայաստանի պայմաններում, երբ երկիրն այնքան փոքր է, որ չկա թիկունք, սահման հասկացությունը,  մենք պարտավոր ենք կրթական համակարգում դնել հիմնական չափորոշիչը, որը պարզ ձեւակերպմամբ անվանում ենք  հայրենասիրական դաստիարակություն: Կրթական համակարգի կարեւոր խնդիրը սովորողին գիտելիք եւ հմտություն հաղորդելն է, բայց կա նաեւ մեկ այլ  կարեւոր խնդիր, որը դրված է կրթության որակի  հիմքում. Դա սովորողի մոտ քաղաքացիական պատասխանատվության ձեւավորումն է:

Մեր համալսարանականների համար կարեւորագույն փորձաքննություն էր ապրիլյան հերոսամարտը, եւ եթե համալսարաններ ունենք, որտեղ հարյուրավոր կամավորներ ցուցակագրվեցին հերոսամարտին եւ ունեցանք կամավոր զոհեր, սա նշանակում է, որ իրենց կրթական որակի մեջ այս համալսարաններն արձանագրել են լուրջ հաջողություններ»,-հայտարարել է Լեւոն Մկրտչյանը։

Կրթութան նախարարի խոսքով՝ պետք է կարողանալ արմատապես փոխել դիտանկյունը, որովհետեւ Հայաստանի ու նաեւ տարածաշրջանի զարգացումներն ուղղակի պահանջում են, որպեսզի անցում կատարվի մտածողության փոփոխության։

«Մեր երկիրն այլեւս չունի թիկունք, սահման, առաջավոր գիծ, հետին գիծ։ Սա, նախեւառաջ, պետք է հասկանան կրթական համակարգի պատասխանատուները»,-ընգդծել է  Լեւոն Մկրտչյանը:

ԿԳ նախարարը նաեւ ընդգծել է դպրոցներում տեխնիկական վերազինում կատարելու եւ նոր սարքավորումներով համալրելու կարեւորությունը: Այնուհետեւ դիմելով համաժողովին ներկա ուսուցիչներին եւ տնօրեններին, ԿԳ նախարարն նշել է. «Սիրելի մանկավարժներ, մեր վրա է դրված մեր երկրի ապագան ապահովելու պարտավորությունը: Մենք պետք է  կարողանանք ազգ-բանակ գաղափարախոսությունը մատչելի, հասանելի դարձնել յուրաքանչյուր ընտանիքի համար:  Սա կրթության համակարգի մեծագույն առաքելությունն է: Վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները դա անելու համար, ունենք Հայաստանի նախագահի  բարձր  հովանավորությունը եւ կանաչ լույսն այս ուղղությամբ գնալու համար, ունենք անհրաժեշտ նյութական ռեսուրսները: Եթե մենք կարողանանք այս բոլորը  դարձնել գործնական ծրագրեր՝ մի քանի ուղղություններով, վստահ եմ՝ առաջիկա տարիների ընթացքում բարձրագույն, միջին եւ հանրակրթական համակարգում կունենանք շատ լուրջ արդյունքներ: Սկիզբը պետք է լինի մեր ժողովրդին, մեր երեխաներին մեկ անգամ հիշեցնելը, որ ավելի բարձր մասնագիտություն, քան սպայի մասնագիտությունն է, չկա: Սա արիստոկրատիայի, առաջամարտիկների, ազնվական դասի առաքելությունն է եղել պատմականորեն: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ յուրաքանչյուր դպրոցում լինեն երեխաների տասնյակներ, ովքեր կերազեն դառնալ սպա»:

«Ազգ-բանակ 2017» համաժողովի աշխատանքները շարունակվում են:

Տպել
Ամենաշատ