News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում նշվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID/ԱՄՆ ՄԶԳ), «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերության եւ Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի համատեղ ուժերով իրականացված ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: ԱՄՆ ՄԶԳ-ի ջանքերն այս ուղղությամբ նպաստելու են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալի նվազեցմանն ու ռեսուրսի կայուն օգտագործմանը: 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարներն արագորեն կրճատվում են: Տարածաշրջանի մոտ 30 համայնքներ մնացել են առանց խմելու եւ ոռոգման ջրի: Ոռոգման ջրի պակասը բացասաբար է ազդում ինչպես  ֆերմերային տնտեսությունների, այնպես էլ երկրի գյուղատնտեսական ոլորտի եւ սննդի մատակարարման վրա: 

Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ: Մասնավորապես՝ ոռոգման խնդրի լուծման նպատակով ձկնաբուծարանի ջրերի ելքի կետում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել է նոր ոռոգման ցանց, իրականացվել է հողատերերի ուսուցում կայուն գյուղատնտեսության վարման թեմայով: Բացի այդ, ծրագրի կողմից մի քանի անգամ ստուգվել է ձկնաբուծարանի ջրի որակը՝ ոռոգման նպատակներով օգտագործվող ջրի որակի անհրաժեշտ ստանդարտների ապահովման համար:

Ծրագրի շահառուներն են մոտ 120 տնային տնտեսություններ: Նոր համակարգը թույլ է տալիս ոռոգել շուրջ 20 տարի անմշակ մնացած 40 հեկտար համայնքային հողատարածք: Ծրագիրը նպաստել է համայնքի եւ տեղական բիզնեսի միջեւ համագործակցությանը, ինչպես նաեւ առաջիկա տարիներին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ավելի ռացիոնալ օգտագործմանը: 

Համայնքի բնակիչների եւ գյուղապետի հետ միասին ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը, եւ պաշտոնատար այլ անձինք:

Դեսպան Միլսն իր ողջույնի խոսքում նշեց. «Հայանիստ համայնքի բնակիչները պետք է հպարտ լինեն, քանի որ ոռոգման այս մեթոդը՝ ձկնաբուծարանի ջրերի երկրորդային օգտագործմամբ, առաջին անգամ կիրառվել է իրենց համայնքում:  Ծրագիրը ոչ միայն ապահովում է ոռոգման համար անհրաժեշտ ջուրը, այլ նաեւ նպաստում է ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերի ավելի արդյունավետ օգտագործմանը: Ծրագրի շնորհիվ համայնքը ոռոգման համար լրացուցիչ ջրառ իրականացնելու կարիք այլեւս չի ունենա: Այն թույլ է տալիս նվազեցնել հողերի դեգրադացիան, ինչպես նաեւ նպաստում է էլեկտրաէներգիայի խնայողությանը: Ձեր քայլերը կօգնեն պահպանել Հայաստանի համար կենսական նշանակության ստորերկրյա ջրային ռեսուրսները եւ զարգացնել գյուղատնտեսությունը տարածաշրջանում: Ծրագրի արդյունքը նորարարական լուծումների մի օրինակ է հանդիսանում, որը մշակվել եւ ներդրվել է բոլորիս՝ որպես գործընկերների եւ բարեկամների, համատեղ աշխատանքի շնորհիվ»:

Հյուրերը այցելեցին ձկնաբուծարանում կառուցված նոր պոմպակայանը եւ շրջայց կատարեցին դաշտերով՝ տեսնելու նոր ոռոգման ցանցը:  

ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինն իր խոսքում ասաց. «Ձկնաբուծարանի հետադարձ հոսքերի երկրորդային օգտագործմամբ պիլոտային ծրագիրը նպաստում է բնապահպանական կայունությանը: Այն ոչ միայն կանխում է Արարատյան դաշտում ջրահեռացման մեծ ծավալների պատճառով հողի աղակալումը եւ գերխոնավ տարածքների ձեւավորումը, այլ նաեւ նպաստում է լքված հողատարածքների մշակմանը, որը եկամտի աղբյուր կդառնա համայնքի բնակիչների համար: Հուսով ենք, որ այս պիլոտային ծրագիրը ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման օրինակ կհանդիսանա եւ հաջողությամբ կիրականացվի նաեւ Արարատի մարզի այլ համայնքներում»:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն աջակցել է այս ծրագրի իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության հետ 2016 թվականի հուլիսին կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Հուշագրի նպատակն է աջակցել Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործընթացին, մասնավորապես՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանությանը,   արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը: 

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը նշեց. «Համայնքին եւ նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելը մեր կորպորատիվ մշակույթի կարեւոր մասն է կազմում: Հպարտ ենք, որ մասնակից ենք այս կարեւոր նախաձեռնությանը: Ծրագիրը մեզ համար հատկանշական է, որովհետեւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության՝ կայունության ապահովման գործում ստանձնած հանձնառության հենասյուներից է: Ուրախ եմ տեսնել, որ բնակիչների մի մասն արդեն վերսկսել է հողատարածքների մշակումը, եւ համոզված եմ, որ այս համագործակցության շնորհիվ Հայանիստ համայնքում կշարունակվի կենսապայմանների բարելավումը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Ամենաշատ