News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երաժշտական փառատոները մեծաթիվ են, սակայն «Հայաստան» միջազգային փառատոն-մրցույթը յուրահատուկ է: Այս մասին հուլիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  հայտնի ռուս ջութակահար, դիրիժոր, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը: Նրա խոսքով` չնայած «Հայաստան» փառատոնն առաջին անգամ է անցկացվում, այն արդեն շատ երկրներում են քննարկում, այդ թվում` Ֆրանսիայում եւ Գերմանիայում, ինչը վկայում է միջոցառման բարձր մակարդակի մասին:

Փառատոն-մրցույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ մրցույթին մասնակցել են 14 երկրներից 48 դաշնակահարներ: «Ամբողջ աշխարհից այստեղ են գալիս երաժիշտներ` հավատալով, որ ինքնարտահայտման օբյեկտիվ հարթակ կա: Սա անչափ արժեքավոր է»,- հավելեց նա: Նրա խոսքով` սա երկրում անցկացվող երկրորդ միջազգային մրցույթն է: Առաջինը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն է:

«Սա մեր ընդհանուր հաղթանակն է: Մենք կարողացանք Հայաստանում եւս մեկ միջազգային մրցույթ-փառատոն կազմակերպել, որին ազդեցիկ հովանավորներ եւ համաշխարհային անուն ունեցող արտիստներ են աջակցում»,- ընդգծեց Սմբատյանը:

«Հայաստան» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները հայտնի կլինեն հուլիսի 12-ին: Եզրափակիչ դուրս եկած 5 մասնակիցների անունները կհայտարարվեն ժամը 16.00-ին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Անմիջապես հետո տեղի կունենա համերգ` Մաքսիմ Վենգերովի ելույթով, որը Երիտասարդական նվագախմբի հետ կկատարի Կլոդ Դեբյուսիի, Յոհաննես Բրամսի եւ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները:

Հինգ հաղթողները կմասնակցեն Մալթայի Միջազգային երաժշտական փառատոնին, որպեսզի մյուս երկրների մասնակիցների հետ պայքարեն դափնեկրի կոչման համար: Փառատոնի մրցանակային հիմնադրամը 200 հազար եվրո կկազմի:

«Հայաստան» միջազգային մրցույթ-փառատոնը Երեւանում մեկնարկել է հուլիսի 4-ին: Մասնակիցներին գնահատել է հեղինակավոր ժյուրին, որի նախագահն է դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի Երիտասարդական նվագախումբը եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ