Դատախազը պահանջել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին 6.5 տարվա ազատազրկման դատապարտել։
haqqin.az-ի հաղորդմամբ՝ պետական մեղադրող Նասիր Բայրամովը նման միջնորդությամբ հանդես է եկել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Պաշտպանությունը ելույթ կունենա հուլիսի 19-ին կայանալիք դատական նիստում։
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։ Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26-ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: