ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը մինչեւ օգոստոսի 3-ը ժամանակ է տվել, որպեսզի «Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ներկայացվի ՄԻԵԴ: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները փաստաթղթերը ներկայացնելու մասով որոշակի մանիպուլյացիաների են փորձել դիմել եւ չեն ներկայացրել բոլոր փաստաղթերը:
«Մինչեւ օգոստոսի 3-ը ՀՀ իշխանություններին ժամանակ են տվել պատասխանելու եւ արագացված կարգով են քննելու գործը: Բժշկական փաստաթղթեր ներկայացնելու գծով որոշակի մանիպուլյացիաներ են փորձել անել, չեն ներկայացրել բոլոր փաստաթղթերը, բայց մենք ուշադրություն հրավիրեցինք ՄԻԵԴ-ին, որ փաստորեն բոլոր փաստաթղթերն են պահանջել, բայց դրանք չեն ներկայացվել: Հիմա ՄԻԵԴ-ն արդեն հատուկ ընդգծելով այդ բառը ՀՀ կառավարությունից պահանջել է բոլոր փաստաթղթերը ներկայացնել»,-ասաց նա:
Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը ոտքից վիրահատվել է, այժմ նա սայլակի օգնությամբ է կարողանում տեղաշարժվել եւ ձեռք է բերել բազմաթիվ առողջական խնդիրներ: